24.11.2024
«Արդշինբանկը» $300 մլն եվրոբոնդ է թողարկել. վարչապետն այս ներդրումը որակել է աննախադեպ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, անօրինական որդեգրման գործերով քննությունը մտել է փակուղի՝ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվում։ Սակայն, քանի որ կառավարության նիստում անձամբ վարչապետն է խոսել այդ մասին, գործի փլվելը կնշանակի, որ հերթական չապացուցվող հայտարարությունն է արել Փաշինյանը։ Ընդ որում, այս գործը հարուցելու մոտիվներից մեկը եղել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերելը։ Գործող իշխանությունը մտածել է՝ քանի որ որդեգրողների մեծ մասն Իտալիայից է, ուրեմն հնարավոր է, որ դերակատարում է ունեցել Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը, եւ հանձնարարություն է տրվել ամեն գնով ձեռք բերել ապացույցներ նրա մեղսակցության մասին, սակայն ԱԱԾ-ն փաստեր գտնել չի կարողանում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին հարցրինք` հնարավո՞ր է ինքը դառնա Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակը եւ հունվարի 25-ին Կապանում տեղի ունենալիք մեծ ասուլիսն ինքը վարի։ «Ոչ, նման բան չկա»: Այսինքն` չի՞ բացառվում, որ ասուլիսը տեղի ունենա առանց խոսնակի։ «Պետք է կառավարությանը դիմել»: Ի դեպ, քրեական ենթամշակույթին վերաբերող օրենքի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանն այդ ենթամշակույթին բնորոշ արտահայտություն թույլ տվեց` հորդորելով պատգամավորներին «լռվել հայաթների բեսեդկաներում»․ հետաքրքրվեցինք՝ նիստից հետո անդրադարձա՞ք այդ բացթողմանը։ «Ոչ, դա տիպիկ բնորոշումն էր «Բարգավաճի» այդ օրվա վարքի»: Ասել է` «տիպիկության» տեսանկյունից հաղթեցիք ԲՀԿ-ին։ «Հաղթելու խնդիր մենք չենք դրել. ժողովուրդն է որոշում, ժողովուրդն է գնահատական տվողը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս շուտ փոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ ամրագրել 100 տոկոսանոց համամասնականը։ Վարչապետի այս շտապողականությունը պատճառ ունի, եւ այն որպես «զենք» է լինելու նրա ձեռքում սեփական թիմի դեմ։ Տեւական ժամանակ է՝ խոսակցություններ կան «Իմ քայլում» թեւերի, խմբակների մասին եւ կանխատեսումներ, որ շուտով իշխող ֆրակցիան կքանդվի։ Նա, իմանալով այս հեռանկարի մասին, թիմակիցներին սպառնացել է ցրել ԱԺ-ն եւ արտահերթ ընտրություններ անել։ Նա կարծում է, որ իր հեղինակությունը թույլ է տալիս այսօր էլ, եկող տարի էլ մեծամասնություն ստանալ։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մեր հարցին պատասխանել է, որ ԸՕ-ն, ըստ ամենայնի, այս տարի կփոխեն եւ 99 տոկոսով կհրաժարվեն ռեյտինգայինից»:


«Փաստ» թերթը գրում է․ «Նախօրեին իր հերթական ֆեյսբուքյան «լայվի» ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Երեւանում Ամանորի տոնակատարությունների համար տրամադրված 271 միլիոն դրամի մասին, նշել է, որ 2019 թ. դեկտեմբերի 26-ից 2020թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում, ի տարբերություն 20182019 թթ., 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ շրջանառություն է կատարվել։ «Փաստ» թերթի հետ զրույցում մասնագետները տեսակետ են հայտնել, որ կառավարության քաղաքականության մեջ հստակ չեն նշմարվում եւ հստակեցվում, թե որտեղ են ներառական զարգացման առաջնահերթությունները, եւ ընդհանրապես, լուծում չի տրվում սոցիալական խնդիրներին։ Ըստ էության, ունենք այնպիսի մի վիճակ, երբ վարչապետն ընդամենը մեջբերում է շրջանառության աճը 9 մլրդ դրամով ավելացնելու մասին տեղեկատվությունը. իհարկե, սա անհրաժեշտ պայման է եւ կարեւոր, բայց ոչ բավարար, որովհետեւ այս հայտարարությանը զուգահեռ հարց է առաջանում, թե այդ 9 մլրդ դրամը հատկապես որ ոլորտներում է ծախսվել: Ըստ մասնագետների, Փաշինյանի նշած 9 մլրդ դրամը գերազանցապես գրանցվել է հյուրանոցների եւ ռեստորանային ծառայությունների ոլորտում, ինչն իր հերթին նշանակում է, որ վարչապետի նշած մի քանի ոլորտներում աճ գրանցելու մասին հայտարարությունը, մեղմ ասած, չափազանցված է, իսկ ավելի գիտական ձեւակերպմամբ՝ շրջանառության ներառականությունը չի ապահովվել։ Իր խոսքում Փաշինյանը չի ֆիքսում, օրինակ, թե իր նշած 9 մլդ-ից որքան է բաժին ընկել փոքր բիզնեսին, կամ, ասենք, խոշորին, եւ տնտեսության հիմնական ճյուղերից քանիսում են գրանցվել ավելացումները։ Եվ այս տրամաբանությամբ էլ Փաշինյանը հայտարարում է, թե այս տարեվերջին կրկնակի ծախս են անելու»:


«Փաստ» թերթը գրում է․ «Որքան էլ հայտարարվում է, թե այս պահին պետական կառավարման ձեւի փոփոխության հարց չկա, «Փաստ» թերթի տեղեկություներով, իրականում իշխանությունները կամուկացի մեջ են, թե ի վերջո կառավարման որ մոդելը կարդարացնի իրենց սպասելիքներն ու իշխանության հեշտ պահպանումը։ Քննարկումների առանցքում խորհրդարանական տարբերակից վերջնականապես հրաժարվելու գաղափարն է։ Կառավարման կիսանախագահական ձեւին վերադարձի հարցը, ինչպես նախկինում նշել էինք մեր հրապարակումներում, գործող իշխանությունների օրակարգում շարունակում է մնալ։ Որքան էլ ներկայումս դա համարվում է սոսկ մի կուսակցության՝ ՀԱԿ-ի կողմից առաջ քաշած օրակարգ, դա շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում։ Թերթի՝ իշխանական թեւը ներկայացնող զրուցակցի խոսքով, Փաշինյանի կողմից սահմանադրական փոփոխությունների առաջնային նպատակներից մեկն այն է, որ լուծվի ՍԴ «թնջուկը». ի դեպ, քննարկվող տարբերականերից մեկն էլ այն է, որ կարելի է որդեգրել ամերիկյան մոդելը, որտեղ ընդհանրապես ՍԴ չկա: Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում, կապ չունի՝ արտահերթ, թե հերթական, չի կարողանալու մեծամասնություն ապահովել՝ խորհրդարանական պետությանը բնորոշ հետեւանքներով։ Իսկ արդեն նախագահական ընտրությունների պարագայում, երբ տեղի է ունենում կոնկրետ անձի ընտրություն, հույս ունի, որ կկարողանա պահել իշխանությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահը շարունակում է մնալ հասարակության, նրա ընկերների համար մեծ հանելուկ։ «Ով-ով, բայց ոչ Գեորգին. նրանից երբեք սպասելի չէր»,- ասում են նրանք` հիշեցնելով, որ Կուտոյանն այսօրվա բոլոր ուժայինների, հատկապես գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ունեցել է փայլուն հարաբերություններ։ Մեր զրուցակիցը պատմեց․ «Ինքն էր միջնորդել, որ Արթուր Դավթյանը դառնա գլխավոր դատախազ, չի բացառվում, որ հենց Արթուր Դավթյանը նրան շատ բան պատմած լինի նորօրյա Հայաստանի մասին։ Վերջիվերջո, բոլորն էլ հարազատներ ունեն, ծանոթներ ունեն, շատերի հետ կապված են մարդկային թելերով. իշխանություններն այսօր «չեն խնայում» թիրախում հայտնվածների ծնողներին, զավակներին։ Ի դեպ, որքան էլ տարօրինակ (նրանք մինչ այսօր էլ շատ լավ ընկերներ էին)` ՊՊԾ գնդի հարցում Կուտոյանի հետ տարաձայնությունների պատճառով ժամանակին հրաժարական տվեց նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը․ նրանց մոտեցումները «Սասնա ծռերի» նկատմամբ ծայրահեղ տարբեր էին, իսկ հիմա, նախկինների հետ հրաժարական չտված Արթուր Դավթյանը՝ գլուխը կախ, ում վրա իշխանությունը մատը դնում է, գորգի վրա է հրավիրում։  Մահվանից երկու օր առաջ պատահաբար հանդիպեցի Գեորգիին. տեղում չէր, աչքերը՝ բացակա, ահավոր ապատիկ։ Մտածեցի` լավ չի զգում, հետո էլ` բոլորս ենք Հայաստանում հիմա էդ վիճակում, մտածեցի` կանցնի։ Ո՜վ կկարծեր, որ էսպես կլինի»:


«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի դահլիճը վերագտել է նախկինների «փառքը»: Քաղաքական վերադասավորումներից հետո բոլորովին նոր որակի օրենսդիր ձեւավորելու մասին բարձրաձայնողներն արդեն որերորդ անգամ ապացուցում են՝ 7-րդ գումարման ԱԺ-ն որակական ու բովանդակային որեւէ առավելություն չունի նախորդների նկատմամբ: Քաղաքական բնույթի բանավեճերը, նույնիսկ բարձր տոնն ու հուզականությունը, այո, կարող է բնորոշ լինել քաղաքականությամբ զբաղվողներին, բայց անձնական վիրավորանքը, քաշքշոցն ու մանավանդ հայհոյանքը չպետք է տեղ ունենան երկրի թիվ մեկ քաղաքական հարթակում: Օրերս Ազգային ժողովում տեղի ունեցած վիճաբանությունը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջեւ, եւս մեկ անգամ վերահաստատեց՝ քաղաքական ադեկվատության ու քաղաքակրթության առումով իրավիճակ չի փոխվել: Դրան հաջորդած մյուս երկու թեւերի՝ «Լուսավոր Հայաստանի» ու «Իմ քայլի» պատգամավորների փոխադարձ վիրավորանքներն ու իրար «բան լսեցնելը» կնքեցին ասածիս ճշմարտացիությունը: Քաղաքական դերակատարների փոփոխությունից հետո հիմնական խաղացողներն ասես իրենք իրենց ու առհասարակ բոլորին ապացուցելու բան ունեն: Իշխանությունը փորձում է համոզել, որ ինքը թե՛ իշխանություն է, թե՛ ընդդիմություն իր իսկ ներսում, ընդդիմությունն ամեն բան անում է, որ ընդդիմադրի ծիրանին ու թագը միայն ինքը կրի:


Իսկ հասարակությունն այդպես էլ չի հասկանում՝ ով ինչ խաղ է խաղում: Ազգային ժողովում տեղի ունեցած տհաճ, անթույլատրելի, զազրելի միջադեպը քննադատեցին ու դատափետեցին գրեթե բոլոր պատգամավորները, բայց նրանցից եւ ոչ մեկն այդպես էլ հարց չբարձրացրեց՝ ի՞նչ անել, որ հետագայում նման սցենարներ չլինեն, ու խորհրդարանը զբաղվի իր բուն՝ օրենք գրելու գործառույթով: Փոխարենը կրակի վրա յուղ լցնելով՝ 3 օր շարունակ վատնեցին թանկագին ժամանակն ու «ռազբորկային իտոգ տվեցին»: Խորհրդարանական քառօրյայի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա վերջին նիստը հայտարարությունների ժամ է, այդ օրը երկու տասնյակից ավելի ելույթ ունեցած պատգամավորներից միայն մի քանիսը խոսեցին ըստ էության, մնացածը` «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» սկզբունքով վերլուծում էին քաշքշուկն ու միմյանց վրա գոռում: «Իտոգ տալու» գործընթացն այնքան ահագնացավ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը զայրացած ու վիրավորված տոնով երիտասարդներին բացատրեց, թե խորհրդարան ինչի համար են գալիս: Հուսանք՝ խորհրդարանական կառավարման երկրի թիվ մեկ ամբիոնը հետայսու նմանատիպ «բազարների» ականատեսը չի լինի, պատգամավորներն իրենք իրենց հաշիվ կտան, կհարգեն ՀՀ պետական լեզուն՝ գրական հայերենն ու «քուչի» բառապաշարն իրենց բակերում կկիրառեն միայն, կկարողանան զսպել երիտասարդին բնորոշ տաքարյունությունն ու այդ էներգիան կարդալու եւ սովորելու վրա կիրացնեն»:


«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ղեկավարի ընտրության հարցում միշտ կարեւոր է եղել Ռուսաստանի դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանի դեպքում դա չեղավ, ավելին, փորձագիտական շրջանակներից հակառակ տեսակետն է մշտապես հնչում։ Նա ընդունված չէ Հյուսիսում։ «Իրատեսը» ավելի վաղ, իր աղբյուրներին հղում կատարելով, գրել էր, որ ռուսական շրջանակները շոշափում են Հայաստանի քաղաքական դաշտը եւ արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել։ Արեւմուտքի հետ առավել ասոցացվող Նիկոլ Փաշինյանը հենց կառավարման առաջին իսկ ամիսներից սկսած հանդիպեց նաեւ ԵՄ-ի, ու ԱՄՆ-ի մերժողականությանը։ Իր մեծ հիասթափության մասին փաստեց նույնիսկ ինքը` Նիկոլ Փաշինյանը, մտաբերենք, թե միայն այն, որ ԵՄ-ի «աջակցությունն» ինչպես հեգնեց Փաշինյանը՝ ծեր Եվրոպայի հայտնի օդանավակայանում Հայաստանի օլիգարխներից որեւէ մեկին թափ տալու եւ «դժբախտի» գրպաններում «ռեկետ» իրականացնելու իր ունակության մասին ակամա խոստովանությամբ։ Մեր աղբյուրի պնդմամբ, Արեւմուտքն էլ արդեն Փաշինյանին այլընտրանք է փնտրում։ Այդ մասին նույնիսկ նրանց դիվանագետներն են ակնարկել։ Իսկ որ Հայաստանում ԱՄՆ-ի «ամենատես աչքերը» շատ բան են փոխանցել համապատասխան կառույցներին, կասկածից վեր է։ Եթե երկու բեւեռների շահերը համընկան ու Նիկոլ Փաշինյանին փոխարինողի դերում նույն անձին տեսան... բավական ծանր օրեր են սպասում Փաշինյանին։ ՈՒ այստեղ պետք չէ ասել՝ իսկ Հայաստանի ժողովու՞րդը։ Հիշենք, թե Նիկոլ Փաշինյանին ինչ ասաց Սերժ Սարգսյանը. «Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու»։ Պարզվեց՝ ուներ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել բուհերում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում: Մասնավորապես կառավարությունը պատրաստվում է պետական բուհերում անվճար ուսման հնարավորություն տալ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, ինչպես նաև 2016թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրած տեղեկանքի առկայությամբ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հաստատ սա կհամարեն հակապետական քայլ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանը 2019թ. մայիսից չունի ռեկտոր, և մեր տեղեկություններով՝ ռեկտորի ընտրությունները հետաձգվում են հանուն գիտության, կրթության, մշակույթի նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի: Համալսարանի կանոնակարգով ռեկտոր կարող է ընտրվել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունեցող անձը: Փետրվարի 5-ին Հովհաննես Հովհաննիսյանը կպաշտպանի դոկտորական դիսերտացիան, բայց թե ով նրան պետք է պրոֆեսորի կոչում շնորհի՝ դեռ պարզ չի: Հովհաննիսյանն առաջարկել էր, որ համալսարանի կանոնակարգում փոփոխություն կատարվի, և հնարավորություն տրվի ռեկտոր ընտրվել վարչական աշխատանքի փորձ ունեցող անձի, ինչը նրան թույլ կտար առաջադրվել և ընտրվել ռեկտոր, բայց այս առաջարկը մերժվել է: Ավելացնենք, որ ռեկտոր ընտրվելու հավակնություններ ունեն նաև համալսարանի ինֆորմացիայի և կիրառական մաթեմատիկայի դեկան Վահրամ Դումանյանը և արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ գողականներին պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի նախագիծը ընդունվելուց հետո քրեական աշխարհում իրարանցում է սկսվել: Ըստ տարատեսակ շրջանառվող լուրերի՝ առաջիկայում գողական ,եծ «սխոդկա» է սպասվում այս հարցի շուրջ: ՀՀ-ում, թե մեկ այլ տեղ կիրականացվի այն,եւ ինչ հարցեր են քննարկվելու բացի նշվածից, դեռ հայտնի չէ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է օրենսդրական մակարդակով ամենախիստ պայքար իրականացնել քրեական ենթամշակույթի և դրա կրողների դեմ, պարզվում է՝ մեր հարևան Վրաստանում քրեական ենթամշակույթի կրողները ռևանշ են վերցնում: Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմդժարիան հայտարարել է, որ Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում կատարած ուսումնասիրությունները պարզել են, որ ՔԿՀ-ներում վերադարձել է «նայողների» ինստիտուտը: Հայաստանը հստակ քայլեր է անում այդ և քրեական այլ հասկացությունների վերացման ուղղությամբ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվարի 29-ի նիստում ուժը կորցրած կճանաչի 2018 թվականի մարտի 7-ի No66Ա որոշումը: Այլ կերպ ասած, ուժը կորցրած կճանաչի «Լիդիան Արմենիա» ընկերությանը դեռեւս 2018 թվականի մարտի 7-ին տրված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը: Նշենք, որ հանձնաժողովը Վայոց ձորի մարզում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար ընկերությանը տրամադրել էր 152,625ՄՀց եւ 157,625ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ հանձնաժողովը ոչ միայն ուժը կորցրած է ճանաչում այդ որոշումը, այլեւ ընկերությանը պարտավորեցնում է պետական բյուջե վճարել օգտագործած ռադիոկապի վճարը: Թե որքան է կազմում այդ գումարը, հայտնի չէ, քանի որ հանժնաժողովի պաշտոնական կայքէջում այդ մասին ինֆորմացիան փակ էր»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի «Կանաչապատում» ՓԲԸ-ների ավելի քան 600 աշխատող մտահոգված է: Պատճառը Երևանի քաղաքապետարանի կողմից «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ստեղծումն է, որի արդյունքում, հնարավոր է, իրենք գործազուրկ դառնան: Նշենք, որ Երևանի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որի մասին քաղաքապետարանը մեծ շուքով հայտարարեց, թե շուրջ 500 աշխատակիցների կարիք ունի։ Իսկ մինչ այդ «Կանաչապատում» ՓԲԸ-ներում աշխատել է 600-ից ավելի մարդ: Ավելին, սեզոնին՝ հիմնականում գարնանը, այդ ՓԲԸ-ներում աշխատողների թիվը հասել է 700-ի: Եվ մինչ քաղաքապետարանի ներկայացուցիչները ոգևորված հայտարարում են, թե նոր հիմնարկ են ստեղծում, 500 աշխատատեղ են բացում, այս ընթացքում Երևանի կանաչապատմամբ զբաղվող փակ բաժնետիրական ընկերությունների աշխատակիցները հայտնվել են անհարմար դրության մեջ: Բանն այն է՝ նրանք չգիտեն՝ ինչ ճակատագիր են ունենալու՝ աշխատելու են, թե ոչ նորաստեղծ ՀՈԱԿ-ում: Ըստ որոշ տեղեկությունների՝ որոշ հաստիքներ զբաղեցնող աշխատողներ կընկնեն կրճատման տակ: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Այդ ՓԲԸ-ների աշխատակիցները հիմնականում կտեղափոխվեն նորաստեղծ ՀՈԱԿ: Իրենց անպայման կտեղեկացնեն տեղափոխման մասին»: