ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից մինչ այս պահը տեղի են ունեցել բազմաթիվ ներքաղաքական և արտաքին քաղաքական կարևոր իրադարձություններ՝աղմկոտ ձերբակալություններ և ինքնասպանություններ, սակայն ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ոչ մի կերպ չի արտահայտվել և դիրքորոշում չի հայտնել այդ իրադարձությունների մասով՝ֆորմալ արձագանքները ցավակցությունների տեսքով չպետք է հաշվի առնել:
ՀՀ Սահմանադրությամբ Արմեն Սարգսյանն ունի բազմաթիվ լիազորություններ և որպես պետության գլուխ, սիմվոլ պետք է անդրադառնար թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, թե Սահմանադրական դատարանի շուրջ առկա բազմաթիվ հարցերին, թե սոցիալ-տնտեսական կյանքին, որտեղ առկա է լճացում և իշխանությունների լայվերն արդեն ոչ մի կերպ չեն բավարարում հասարակության մեծ հատվածին:
Արմեն Սարգսյանի քաղաքական պասիվությունն ու արտասահմանյան «տուրիստական» այցելություններն առաջին հերթին հարվածում են նրա քաղաքական իմիջին ու վարկանիշին, քանի որ հասարակությունն ընդհանրապես չի զգում՝երկրում առկա է նախագահ, թե ոչ:
Բացի այդ, Արմեն Սարգսյանը վերջապես պետք է հստակ տեղեկատվություն և ապացույցներն ներկայացնի, որ նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ՝հրաժարվել է այդ քաղաքացիությունից:Դեռևս ոչ մի պաշտոնական տվյալ հասարակությունը չի տեսել և ակնկալում է այդ հարցում առավելագույն թափանցիկություն:
Արտասահմանյան այցերն իհարկե կարևոր են, սակայն դրանք պետք է իրենց մեջ պարունակեն գեոպոլիտիկ դիվիդենտներ կամ տնտեսական օգուտներ՝ներդրումների տեսքով: Հասարակությունն այդ այցերից եկող դիվիդենտներ չի զգում:
Քաղաքական գործոն դառնալու համար Արմեն Սարգսյանը պետք է ներկայացնի հստակ տեսլական, թե ինչպես պետք է ՀՀ-ն դուրս գա այս տնտեսական ճահիճից, որտեղ այժմ գտնվում է, ինչպես է նա տեսնում ղարաբաղյան հարցի լուծումն ու ՀՀ-ՌԴ հարաբերությունները: Արևմուտք-ՌԴ գեոպոլիտիկ հակասությունների ֆոնին, ինչպիսին պետք է լինի պաշտոնական Երևանի դիրքորոշումը:
Բացի այդ, ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բազմաթիվ զարգացումներ և այդ թեմայով քառ լռության պահպանումը ցավոտ հարցերից խուսափելու, խուսանավելու ձևն իհարկե հեշտ է ու հարմար, սակայն ՀՀ Նախագահը պետք է խոսի ու այդ կերպ առաջացնի ավելի կառուցողական քաղաքական դիսկուրս՝լրջացնի ՀՀ-ի ներքաղաքական պայքարն ու քննարկումների մակարդակը, որն ելնելով ԱԺ-ում տիրող մթնոլորտից հիշեցնում է հումորային հաղորդումներ և խոհանոցային մակարդակի խոսակցություններ:
Արմեն Սարգսյանը կարող է իր վրա վերցնել արբիտրի դերակատարություն, որը չի պաշտպանի ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ նախկին իշխանություններին, այլ կփորձի վեր կանգնելով ներքաղաքական ինտրիգներից տալ գնահատականներ և քաղաքական մեսիջներ, ինչպես նաև համախմբի ժողովրդին արտաքին հակառակորդներից եկող վտանգների առջև:
Սարգսյանն ունենալով մեծ ֆինանսական կարողություններ կարող է անգամ սեփական գումարներն արտասահմանից բերել և ներդնել ՀՀ-ում, այդ կերպ օրինակ ծառայելով այլ ներդրողների համար՝արևմտյան, ռուսական և արաբական: Նրա քաղաքական կապերի աշխարհագրությունը շատ մեծ է:
ՀՀ նախագահի ինստիտուտը պետք է ռեստարտ արվի և Արմեն Սարգսյանի քաղաքական ակտիվությունը պետք է տեսանելի լինի ոչ թե արտասահմանյան այցերի քանակով, այլ քաղաքական գնահատականներով՝ երկրում տիրող և նրա սահմանների երկայնքով տեղի ունեցող գեոպոլիտիկ իրադարձություններին արձագանքելու տեսքով: