Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին 500 մլն դոլար է վճարել երկրում ամերիկյան զորքեր տեղակայելու համար
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ԱՄՆ-ին մոտ 500 մլն դոլար են վճարել այս երկիր ամերիկյան զորքի եւ ռազմական տեխնիկայի տեղափոխման ու տեղակայման ծախսերի փոխհատուցման հաշվին: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռեբեկա Ռեբարիխը:
«Գործընկերների մասնակցության մասնաբաժնի ընդլայնման մասին ԱՄՆ նախագահի ցանկության համաձայն՝ պաշտպանության նախարարությունը Սաուդյան Արաբիայի հետ փոխգործակցում է այդ տեղակայման ծախսերի բաշխման հարցում, որը կոչված է ամրապնդելու տարածաշրջանային անվտանգությունը եւ վերացնելու ագրեսիայով ուղեկցվող թշնամությունը: Սաուդյան Արաբիայի իշխանությունները համաձայնվել են օգնել մարել այդ գործողությունների արժեքը եւ կատարել են առաջին վճարումը»,- նշել է Ռեբարիխը:
Ըստ նրա, 2019 թվականի դեկտեմբերին կատարված առաջին վճարման չափը կազմել է մոտ 500 մլն դոլար: