Պուտինը հրամանագիր է ստորագրել Միշուստինին վարչապետ նշանակելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Միխայիլ Միշուստինին կառավարության ղեկավար նշանակելու մասին:
ՌԴ Պետդուման հավանություն է տվել վարչապետի պաշտոնում առաջադրված Միխայիլ Միշուստինի թեկնածությանը․ կողմ է քվեարկել 383 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 41-ը։ Դեմ ոչ ոք չի քվեարկել։ Ինչպես նշում են ռուսաստանյան կայքերը, նախկինում նման բան չի եղել։
Միշուստինը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ ապրիլին Պետդումայում կառավարության հաշվետվությունը ներկայացնելիս մանրակրկիտ կներկայացնի կառավարության նոր ուղեգիծը։
Ավելի վաղ Միշուստինը հանդիպումներ էր անցկացրել Պետդումայի չորս խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Երեքը՝ «Միասնական Ռուսաստանը», «Արդար Ռուսաստանը» և Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էին նրա թեկնածությանն աջակցելու մասին․ Ռուսաստանի Կոմկուսը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։
Երեկ՝ հունվարի 15-ին, ՌԴ կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, հրաժարական է տվել։