ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում հանգեցրել է լարվածության. Ռոհանի
ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում հանգեցրել է լարվածության և ազգերի զայրույթի: Այս մասին Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է IRNA-ն:
Իրանի նախագահն ընդգծել է տարածաշրջանում կայունության և անվտանգության զարգացման, երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:
Նրա խոսքով, տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային պետությունների և քաղաքական միջոցների միջոցով:
Անդրադառնալով ԱՄՆ-ի Այն-ալ-Ասադ ավիաբազայի հրթիռային հարձակմանը, Ռոհանին այն որակել է ինքնապաշտպանական ակտ. «Միացյալ Նահանգները պատասխանատու են տարածաշրջանում վերջին իրադարձությունների համար, և մենք բոլորս պետք է դատապարտենք նրանց հանցագործությունները», - շեշտել է Իրանի նախագահը:
Իր հերթին, Շվեդիայի վարչապետը, մատնանշելով տարածաշրջանում իրավիճակի սրումը նշել է, որ բոլորը պետք է հարգեն այլ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
«Շվեդիան ԵՄ այլ անդամ պետությունների հետ միասին դեմ է տարածաշրջանում իրավիճակի սրմանը և ողջունում է Իրանի հետ համագործակցության զարգացումը», - հավելել է Շվեդիայի վարչապետը: