Զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ ունեն ռազմական տեխնիկայի նմուշների ավելացում. ԳՇ պետ
Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերն 2019 թվականին ունեցել են սպառազինության, ռազմական տեխնիկայի որոշակի նմուշների ավելացում: Դա թույլ է տալիս ասել, որ այս ուղղությամբ մարտական հենակետերի համակարգում հայկական կողմը վատացում չի ունեցել, հակառակը՝ ունեցել ենք մարտավարական բնույթի որոշակի բարելավում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով, թեպետ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ուժեղացնի Նախիջևանի համազորային բանակը, հայկական կողմը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում՝ թույլ չտալու հակառակորդին Նախիջևանի կողմից ունենալու սպառազինության գերակայություն:
Ընդհանուր առմամբ նա նաև նշեց, որ ՀՀ զինված ուժերը վերջին ամիսների ընթացքում մեծ աշխատանք են իրականացրել հենակետերի ամրապնդման, ճանապարհային ցանցերի լայնացման ու զարգացման ուղղությամբ, ինչը թույլ է տալիս կրճատել ժամանակը զորքերի տեղաշարժի համար: Առանձին տեղերում տեղաշարժերի արդյունքում ունենք հենակետերի օպտիմալացում, որի շնորհիվ որոշակի հենակետերի զինծառայողներ ծառայությունը կազմակերպում են մեկ կետից՝ ավելի մեծ ուժերով: