VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմի միջև սերտ համագործակցության հարցում կապավորի դերը ստանձնել է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, նախկինում ԲՀԿ փոխնախագահ Իշխան Զաքարյանը: Վերջինս հայտնի է Քոչարյանի անձի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով, և հիմա ամեն ինչ անում է հակաիշխանական բևեռ ձևավորելու ուղղությամբ: Չի բացառվում, որ Վանեցյանի պաշտոնանկության պատճառներից մեկն էլ պրոքոչարյանական թիմի հետ նրա մերձեցումն էր, որը տեղի է ունեցել նրա ԱԱԾ ղեկավար աշխատած ժամանակահատվածում»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանություններն աշխատում են ամեն ինչ անել, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը չակտիվանա, «Օվերտոնի պատուհաններից» զանազան կարծիքներ են դուրս նետում. այն է` Փաշինյանն ու Վանեցյանը պայմանավորված են խաղում, որ Ռուսաստանին ահավոր դուր չեն գալիս Վանեցյանի «խաղերը», քանզի ազգային անվտանգության նախկին պետի քաղաքականությամբ զբաղվելը գաղտնի նոնսենս է: Իշխանությունները թերեւս մոռանում են Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի «դեպքերը». Պուտինը եղել է անվտանգության «կարկառուն» աշխատակից, իսկ Սերժ Սարգսյանը, «եւ դարից երկար», ԱԱԾ նախարար: Ի դեպ, որքան էլ պարադոքսալ` Սերժ Սարգսյանը եւս ունի «Հայրենիք» անվամբ հասարակական կազմակերպություն, որը, ի տարբերություն Վանեցյանի ստեղծած համանուն հասարակական կազմակերպության, ռազմահայրենասիրական է եւ ցայսօր էլ նյութական մեծ օժանդակություն է ցուցաբերում պաշտպանության նախարարությանը` լուրջ «դոնորների» միջոցներով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ գրել էինք օրեր առաջ, երեկ Երեւանում կայացավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Մեծ կազմ էր մասնակցում, ներկա էին նաեւ ԱԱԽ անդամ չհանդիսացողներ, որոնց հրավիրել էին Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը․ Հայաստանի կողմից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախից՝ զինվորականներ։ Անսպասելի էր, օրինակ, Սամվել Օգանովսկու ներկայությունը, ում նախկինում հրավիրում էին Երեւան՝ Մարտի 1-ով ցուցմունք տալու։ Նիստի հաղորդագրությունը շարքային քաղաքացուն քիչ բան էր ասում, սակայն բանակցային պրոցեսի լավատեղյակները եզրակացրին, որ ՀՀ եւ Արցախի դիրքորոշումները տարբերվում են․ Նիկոլ Փաշինյանը նրբորեն փուլային տարբերակն է առաջ մղում, Արցախի նախագահը՝ Արցախի ճանաչում՝ առանց կոմպրոմիսների»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆելիքս Թոխյանն այս պահին արձակուրդում է՝ տեղեկացրին ՍԴ-ից, պատասխանելով մեր հարցին, թե պոտենցիալ քանի հոգի կարող են ընդունել վաղաժամ թոշակի գնալու առաջարկը։ «Եթե անգամ 1-2 հոգի համաձայնեն, խնդիրը չի լուծվում՝ ՍԴ 6 անդամ մնում են»: Արման Դիլանյանի՞ն էլ հաշվեցիք։ «Դե, այնպես չէ, որ Դիլանյանն ամբողջովին պաշտպանում է իշխանությունների դիրքորոշումը։ Հիշեք` Հրայր Թովմասյանի լիազորություններին առնչվող ԱԺ դիմումին նա գրավոր գրել էր, որ այն չպետք է վարույթ վերցվի։ Բոլոր դեպքերում, վաղաժամ թոշակի օրինագծի առնչությամբ բոլորը տեսնում են, որ օրենքի մեջ գրված է «դատավոր», եւ եթե թոշակի են գնում, մի գեղեցիկ օր սոցապնախարարությունը կարող է ասել` դու դատավոր չես, դու դատարանի անդամ ես, եւ թոշակ այլեւս չտալ։ Բացի այդ` ցանկացած քաղաքացի կարող է դիմել ՍԴ, այդ օրինագիծն ապօրինի համարելու հայցով, ավելին` ստացած գումարը հետ գանձելու պահանջով։ Եվ երրորդ․ հասարակական պարսավանքը։ Ակնհայտ է, չէ՞, որ հասարակությունը սրերով ընդունեց «կաշառքի» անվանում ստացած այդ օրինագիծը»: Իսկ ի՞նչ եք սպասում նախագահ Արմեն Սարգսյանից՝ օրենքի նախագիծը կուղարկի՞ ՍԴ։ «Եթե անկեղծ` չենք սպասում. մեզ համար կարեւոր չէ` կուղարկի, թե` ոչ»: Իսկ Վահե Գրիգորյանի խնդիրն ի՞նչ լուծում պետք է ստանա։ «Վահեն հանրային միջոցների վատնում է կատարում, ընդ որում՝ վատնելու նոր տեսակ է հնարել, որը նույնիսկ Քրեական օրենսգրքում նկարագրված չէ, որովհետեւ մարդկության պատմության մեջ նման հանցանք որեւէ մեկը չի կատարել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությունից հետո օղակը նրա շուրջ սեղմվում է։ Իշխանությունն ամեն կերպ փորձում է գործ սարքել նրա դեմ, եւ մտադիր են օգտագործել անգամ «Հարսնաքարի» գործով դատապարտվածներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում հնարավոր է «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության համար դատապարտված 6 անձից մեկ-երկուսին վաղաժամ ազատեն՝ Հայրապետյանի դեմ ցուցմունքի դիմաց։ Հիշեցնենք, որ 2012 թ․ հունիսի 17-ին «Հարսնաքարում» անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի արդյունքում մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ 2014-ին դատարանը 12 տարի տվեց ռեստորանի անվտանգության 6 աշխատակցի, որոնք արդեն կրել են պատժի կեսը, եւ օրենքը թույլ է տալիս նրանց ազատել, ինչը տեղի կունենա, թե նրանք համաձայնեն ցուցմունք տալ իրենց նախկին ղեկավարի՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իրավապահ համակարգում մեծ աղմուկ է բարձրացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինների քննիչներն ահազանգում են` հայտնելով, որ դատարանները փաստացի մեղմ պատիժ են կիրառում բազմաթիվ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Խոսքը հատկապես վերաբերում է գողությունների համար դատապարտվածներին: Օրինակ` իրավապահ համակարգում դժգոհում են, որ գողության համար մի քանի անգամ դատապարտված անձին հաճախ դատապարտում են տուգանքով կամ գրավ կիրառելով` ազատ են արձակում: Եվ հետեւանքն այն է լինում, որ նույն հանցագործը մեկ այլ բնակարանից կրկին գողություն է անում: Իրավապահ համակարգը հենց այդ հանգամանքով է նաեւ բացատրում գողությունների համատարած շատացումը վերջին շրջանում: Ու նրանք սկսել են չխնայել նաեւ պաշտոնյաներին. դեկտեմբերի 21-ին թալանվել է ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ Աննա Բադալյանի առանձնատունը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցան թեժ մթնոլորտում: Արտահերթ ժողովի պատվիրակների կողմից ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը. նրա օգտին քվեարկել էր 13 պատվիրակ, Թովմաս Գրիգորյանի օգտին` 7, իսկ 3 քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել: ՀՖՖ նախագահի ընտրությունները հարթ չանցան, դրանից առաջ էլ արդեն իսկ բարձրաձայնվում էին առկա ճնշումների մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ եւս` Արմեն Մելիքբեկյանի ընտրվելուց հետո, պատվիրակներն ու ներկաներն իրար մեջ կրկին խոսում էին այդ ճնշումներից: Ավելին, պարտված թեկնածու Թովմաս Գրիգորյանը համապատասխան ձայնագրություններ ունի, ըստ որոնց` զանգահարել են կազմակերպությունների ղեկավարներին, հրահանգներ տվել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գրիգորյանը հայտնեց, թե դեռ որոշում չունի իրավապահներին դիմելու մասով. այս պահին նրանք քննարկում են ընտրությունների արդյունքներն ամբողջովին անվավեր ճանաչելու եւ բողոքարկելու տարբերակը: Նրանք վերջնական որոշման կհանգեն այսօր»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սաները մնացել են բախտի քմահաճույքին. այստեղ երեխաները քաղցած են, թե մերկ, հիվանդ են, թե առողջ, ոչ ոքի չի հետաքրքրում, անգամ մանկատունը 16 տարի ղեկավարող Սոնյա Սիմոնյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին եւ սոցապնախարար Զարուհի Բաթոյանին: Նշենք, որ սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, այս տարվա հունիսից դադարեցրել են գումար տրամադրել: Բայց պարզվում է, որ բարերարի կողմից ֆինանսավորումը դադարեցնելն ավելի խորը պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնել մանկատան ներսում տիրող իրավիճակից: Մեր տեղեկություններով` անհատ բարերարները մանկատան սաների կողմից նամակներ են ստացել այն մասին, որ ղեկավարությունը որեւէ բան չի տվել իրենց, անգամ հիգիենիկ պարագաներ՝ ատամի մածուկ, խոզանակ, սրբիչ, շամպուն եւ այլն: Էլ չենք խոսում այն մասին, որ երեխաներին չեն տվել միրգ՝ կիվի, նարինջ, խնձոր, շոկոլադ, կոնֆետ, հալվա:
Ի դեպ, նշենք, որ անհատ բարերարները իրենց հետ տարել են նաեւ շոգեխաշած պահածոյացված տավարի միս, խտացրած կաթ, որոնցից եւս երեխաները չեն օգտվել, փոխարենը երեխաներին կերակրում են ճաշեր, որի մեջ ջուր է եւ մակարոն՝ առանց կանաչու, փլավ՝ կիսաթթված կաղամբով: «Ժողովուրդ» օրաթերթը, լինելով մանկատանը, ավելի սարսափելի պատկերի ականատես եղավ. երբ շրջեցինք մանկատան զուգարաններով, բաղնիքներով, տեսանք, որ լվացարանների մոտ օճառներ չկային. եթե կային, ապա հին, տարօրինակ գույն ունեցող, կտրտված, եւ սա այն դեպքում, երբ անհատ բարերարները լիտրերով հեղուկ օճառ էին ուղարկել: Իսկ բաղնիքներում չկային շամպուններ, օճառներ, ցնցուղը կոտրված էր: Զրույցի ընթացքում մանկատան աղջիկները պատմեցին, որ երկար ժամանակ է, ինչ ցնցուղը կոտրված է, եւ տնտեսվարը, որը մանկատան տնօրենի եղբայրն է, չի վերանորոգում: Ստիպված աղջիկները լողանում են ծորակից հոսող ջրով՝ կիսանստած վիճակում` նայած` ով ինչ ելք կգտնի այդ պահին»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ն անդրադարձել է Լոռու մարզպետի կողմից Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյա Տարոն Ֆարմանյանին վերջինիս մեքենան մաքսազերծելու համար բյուջետային վարկ տրամադրելու մասին: Բացի այն, որ այդ վարկը չվերադարձվեց պետությանը, Տարոն Ֆարմանյանը վերջերս ճանաչվել է սնանկ՝ ընդմիշտ թաղելով այս և այլ պարտքերը վերադարձնելու պարտատերերի հույսերը։ Տարոն Ֆարմանյանի առօրյայից, սակայն, ակնհայտ է, որ նա ընդհանրապես սնանկ չէ, այլ զվարճանում է արտասահմանում: Ի դեպ, Տարոն Ֆարմանյանը ժամանակին նախկին ՀՀԿ-ական գործարար Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի Սպիտակի շտաբի պետն էր»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած փաստին, որ կառավարությունն այս տարի աստղաբաշխական գումարներ է հատկացրել Ամանորի տոնակատարությունների համար, որպեսզի, ինչպես իշխանավորներն են ասում, Նոր Հայաստանում տոնն էլ տոնի նման լինի, այդուհանդերձ, խորհրդարանում դեռեւս չեն զարդարել նիստերի դահլիճի ետեւում դրվող ավանդական տոնածառը, որը սովորաբար դեկտեմբերի կեսերից արդեն զարդարված էր լինում, որ պատգամավորների տոնական սելֆիներ անեին։ Փոխարենը արդեն մեկ շաբաթից ավելի է՝ տոնածառը զարդարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարկաբաժինը․ փաստորեն, ԱԺ-ում որոշել են, որ տոնի արժանի են միայն «վերեւները», իսկ շարքայինները միայն աշխատելու համար են։ Ի դեպ, դեկտեմբերի 26-ին «Իմ քայլն» ասուլիս կտա եւ կամփոփի խորհրդարանական տարին։ Ապա կգնա սեղանի շուրջ՝ «ամփոփելու» տարին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորյա ուտուշ-խմուշների սեզոնը կարելի է համարել բացված, տարեվերջյան ավանդական խնջույքների կազմակերպմամբ են զբաղված գրեթե բոլոր քաղաքական ուժերը։ Ուշագրավ է, որ ե՛ւ «Իմ քայլը», ե՛ւ ՀՀԿ-ն որոշել են նույն օրը նշել Ամանորը՝ դեկտեմբերի 26-ին, բայց երկու թիմում էլ պնդում են, որ դեռ չգիտեն որտեղ են նշելու։ ՀՀԿ-ում քննարկում են ավանդական «Օջախը» եւ Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքարը»։ Հատկապես հակված են վերջինին՝ նկատի ունենալով քաղաքական վերջին իրադարձություններն ու Հայրապետյանի պահվածքը։ «Իմ քայլում» սպասում են Փաշինյանի խոսքին։ «Որտեղ որոշի, այնտեղ էլ կանենք»,- ասացին մեզ»:
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում գրեթե աննկատ մնաց երկրի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստանում նոր պաշտոն ստանձնելու վերաբերյալ հաղորդագրությունը: Ռուսաց վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կարգադրությամբ դեկտեմբերին հաստատվեց ՌԴ կառավարությանն առնթեր փորձագիտական խորհրդի նախագահության նոր կազմը, որի 15 անդամներից մեկը հենց մեր հայրենակիցն է: Ի՞նչ էր գրված նրա ազգանվան դիմաց՝ Հայաստանի նախկին վարչապետ, «Գազպրոմբանկ» ԲԸ վարչության նախագահի խորհրդական, «Զարուբեժնեֆտ» ԲԸ տնօրենների խորհրդի անդամ: Ի՞նչ է իրենից ներկայացնում այս փորձագիտական հեղինակավոր հաստատությունը: Այն խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է կառավարության տնտեսական ու սոցիալական էական որոշումների գնահատման եւ իշխանության դաշնային մարմինների գործունեության հասարակական վերահսկողության ապահովման համար: Իսկ նրա նախագահությունը որոշում է այդ հանրության գործունեության հիմնական ուղղությունները եւ ձեւավորում է նրա դիրքորոշումը կառավարության լիազորություններին վերաբերող ռազմավարական խնդիրների հարցում:
150 հոգուց բաղկացած խորհուրդը յուրօրինակ ինտելեկտուալ կենտրոն է, որի մեջ ներգրավված են պետության կենսագործունեության կարեւորագույն ասպարեզների բարձրակարգ ու հեղինակավոր մասնագետներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, գիտնականներ, բիզնեսմեններ, մշակույթի, արվեստի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խոշորագույն ընկերությունների ղեկավարներ եւ այլք: Հենց միայն նախագահության անդամների մեջ երեքը երկրի նախկին վարչապետներ են (Կարապետյանը չորրորդ «նախկինն» է): Ուղղակի ափսոսում ես, նույնիսկ մարդկայնորեն, որ Կարեն Կարապետյանի նման փորձառու քաղաքական այրը լքում է Հայաստանը: Որ նրան ընդգրկում են Ռուսաստանի փորձագիտական միտքը կառավարական մակարդակով ներկայացնող մարմնի ղեկավար կազմի մեջ, նշանակում է, որ այդ երկրում բարձր են գնահատում Կարապետյանի պետական-քաղաքական-տնտեսագիտական կարողությունները: Ինչպես ասում են` հենց այնպես ոչինչ չի լինում, այն էլ՝ օտար երկրում: Կարապետյանը հսկայական դեր կարող էր խաղալ հենց ռուս-հայկական տնտեսական համագործակցության ասպարեզում: Եկեք անկեղծ լինենք, ինչ էլ որ լինի, Ռուսաստանից հեռու չենք փախչի, սխալ կողմնորոշվելու դեպքում առնվազն կընկնենք Վրաստանի եւ Ուկրաինայի օրը: Սա՝ ի միջի այլոց:
«Թերթելով» փորձագիտական խմբի անդամների ցուցակը, նրա մեջ հանդիպում ես տասից ավելի հայկական ազգանունների՝ նույնպես ամենատարբեր բնագավառների ներկայացուցիչների: Արդյո՞ք Հայաստանում փորձեր են արվում այս մասնագետներին երկրի նորացման գործընթացների մեջ ներգրավելու համար: Չէ որ այս անձանց իրավասությունը, փորձառությունը, խորհրդատվական կարողությունը կարող են միայն շահեկան լինել մեր երկրին, իրենց պատմական հայրենիքին: Միգուցե Կարապետյանը դառնա կապող օղակ: Ի դեպ, փորձագիտական խորհրդի նոր կազմի մասին խոսակցությունները խիստ աշխուժացան, երբ վարչապետ Մեդվեդեւը դրա կոորդինատոր նշանակեց հրեական արմատներ ունեցող Ալեքսանդր Ստալեւիչ Վոլոշինին: Թերեւս բոլորի համար անակնկալ ու հանելուկային էր, որ վերահառնում է Ելցինի աշխատակազմի նախկին ղեկավարը, «ընտանիքի» անդամը, գորշ կարդինալը: Եվ եթե նկատի ունենանք, որ փորձագիտական խորհրդի ղեկավարի իրավունքները գրեթե փոխվարչապետական են, ապա կարելի է կանխատեսել, որ երկաթե «Ստալեւիչը» կարող է նորեն էական դեր խաղալ Ռուսաստանի կառավարական համակարգում, քաղաքական կյանքում: Չար լեզուներն ասում են, որ գերազդեցիկ քաղաքական գործչի իր երբեմնի համբավը նա ի վիճակի է կիրառելու գալիք նախագահական ընտրություններում՝ հօգուտ Դմիտրի Մեդվեդեւի: Բայց սա արդեն ուրիշ թեմա է եւ կապ չունի Կարեն Կարապետյանի հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունան Պողոսյանի որդիներից մեկը՝ Հովհաննես Պողոսյանը ծառայության կանցնի պատվոպահակային վաշտում, չնայած այդ ստորաբաժանումում ծառայելու խիստ պահանջներ կան։ Երեկ խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմում էր, որ իր որդին եւս հավակնում էր այդ վաշտում ծառայել, սակայն նրան չվերցրեցին, իսկ մարզպետի որդուն, որը չէր համապատասխանում ծառայության պահանջներին, վերցրին։ Բանն այն է, որ երիտասարդի կրծքավանդակով մեկ դաջվածք է եղել, իսկ նման զինծառայողներին սովորաբար պահակային ծառայության չեն տանում՝ դա համարելով քրեական ենթամշակույթին հարելու կամ հոգեբանական անհավասարակշռության ապացույց։ Մոտ 10 օր առաջ Քանաքեռի զորամասում հանձնաժողովը ստուգել է պատվոպահակային ստորաբաժանումում ծառայության թեկնածու նորակոչիկներին եւ որոշել, թե նրանցից ովքեր են պիտանի ծառայությանը։ Մեզ հետ կապ հաստատած նորակոչիկի հայրը պատմեց, որ հանձնաժողովը աշխատում է «հին Հայաստանին» բնորոշ սկզբունքներով, պաշտոնյաների եւ ազդեցիկ մարդկանց որդիները նույնիսկ բժշկական ստուգում չեն անցնում․ «Ում որ սկզբից ուղարկում էին բժշկի մոտ, ուրեմն նա 100 տոկոսով չէր անցնում, իսկ պաշտոնյաների ու ազդեցիկ մարդկանց որդիներին նույնիսկ բժշկական ստուգման չէին ենթարկում»։
Մեր զրուցակիցն ասաց, որ իր որդու չանցնելը պատճառաբանել են ոտքերի ոսկորների գերաճով, մինչդեռ հայրը պնդում է, որ որդին ոչ մի գերաճ էլ չի ունեցել, հասակը պահանջվող 180 սմ-ից բարձր է եղել, ոտքերը ծուռ չեն եղել, սլացիկ կազմվածք ունի, իսկ ավելի կարճահասակ բայց ազդեցիկ ծնողներ ունեցող նորակոչիկների հասակը նույնիսկ չեն էլ չափել։ Հունան Պողոսյանի որդու վերաբերյալ մեր զրուցակիցն ասաց, որ բոլորը գիտեին նախապես, որ նա հաստատ անցնելու է, որովհետեւ հայրը Սյունիքի մարզպետն է։ Ըստ մեր զրուցակցի՝ Պողոսյանի որդին պարանոցից մինչեւ գոտկատեղ ձգվող դաջվածք է ունեցել՝ խաչի տեսքով։ Երբ հանձնաժողովին հարցրել են, թե ինչպե՞ս է պատահում, որ դաջվածք ունեցող զինակոչիկը անցնում է, երբ դաջվածք չունենալը պարտադիր պայման է համարվում, հանձնաժողովի անդամներից մեկը պատասխանել է՝ «դե դաջվածք էլ կա, դաջվածք էլ, իրենը հո ուրիշ դաջվածք չի՞, խաչ է»։ Զինակոչիկի հայրը մեզ հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ նախկինում քննադատված բարքերը մինչ այժմ գործում են․
«Եթե վարչապետը սրանից տեղյակ է, ուրեմն իմ խոսելն էլ, ամեն ինչն էլ իզուր է, նշանակում է, որ իր տղային ձեւական է ուղարկել Ղարաբաղ ծառայելու։ Ես միշտ էլ դեմ եմ եղել, որ առաջին դեմքի որդին սահման պահի, որովհետեւ այնտեղ վտանգավոր է ու չարժե, որ վարչապետի որդին նման վտանգի ենթարկվի, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ պաշտոնյաների համար էլի հին սկզբունքն է գործում»,- ասաց նա։ Մենք փորձեցինք պարզել, թե արդյոք քաղաքացու նշած դաջվածքներով տղան Հունան Պողոսյանի որդի՞ն է։ Սյունիքի մազրպետարանի պաշտոնական կայքում նշված է, որ Հունան Պողոսյանը ունի մեկ դուստր եւ 2 որդի, սակայն ընտրողների ռեգիստրում միայն մեկ որդու տվյալներն էին ՝ 1993 թվականին ծնված Հրաչյա Պողոսյանինը։ Զանգահարեցինք մարզպետի օգնական Արտյոմ Իվանյանին՝ խնդրելով մեկ հարցի պատասխանել։ Նա ասաց, որ պատրաստ է պատասխանել, սակայն երբ նրան հարցրինք, թե ի՞նչ է Հունան Պողոսյանի կրտսեր որդու անունը, նա մի պահ լռեց, ապա անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր զանգերին։ Հունան Պողոսյանը նույնպես չպատասխանեց մեր զանգերին։ Ի վերջո Պողոսյանի հայտարարագրից տեղեկացանք, որ նա ունի կրտսեր որդի եւ անունը Հովհաննես է»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ կառավարությունում քննարկվում է տարվա աշխատանքային վերջին օրը տեղափոխել նախորդող շաբաթ օր: Այսինքն, կստացվեր այնպես, որ մարդիկ կաշխատեին մինչեւ դեկտեմբերի 28-ը ներառյալ, ապա կիրակի օրվանից՝ դեկտեմբերի 29-ից կհանգստանային: Ի դեպ, նման իրավիճակ եղել է նաեւ 2013 թվականին, երբ դեկտեմբերի 30-ը դարձյալ երկուշաբթի էր, եւ կառավարությունը որոշել էր «դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր»: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից նշեցին, որ աշխատանքային օրերի փոփոխման մասին որոշումները, որպես կանոն, կայացվում են ավելի շուտ, եւ այս դեպքում դեկտեմբերի 30-ը կմնա աշխատանքային օր. այն շաբաթ օր տեղափոխելու որոշում չի լինելու։ Այնինչ, շատերի կարծիքով, հանգստյան օրերի միջեւ արհեստական խզում չառաջացնելու համար շատ ավելի ճիշտ կլիներ համապատասխան որոշմամբ այդ փոփոխությունը կատարել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սննդի անվտանգության տեսչությունը համալրվել է 150-ից ավելի նոր աշխատակիցներով, որոնց հիմնական աշխատանքը պետք է լինի մսի շուկայի նկատմամբ վերահսկողությունը: 2020թ. հունվարի 15-ից հետո անասունների մորթը պետք է իրականացվի բացառապես սպանդանոցներում, և հստակ հանձնարարական է իջեցվել, որ խիստ հսկողություն իրականացվի թե՛ գյուղացիական տնտեսությունների, թե՛ մսի առևտրով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ, որ անասունի մորթն ու մսի վաճառքը իրականացվեն նոր կարգավորումներին համապատասխան»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է նոր կարգավորումներ մտցնել գազամատակարարման ոլորտում, մասնավորապես՝ նոր սպառողների գազամատակարարման համակարգին միանալը դարձնել սպառողի համար ավելի շահավետ: Հանձնաժողովը համարում է, որ մինչև 5 մետր գազատարների կառուցումը կիրականացվի «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվին: Իսկ դրանից ավելիի դեպքում կվճարի սպառողը, կվճարի միացման աշխատանքների դիմաց, բայց հետագայում նա հետ կստանա այդ գումարը՝ յուրաքանչյուր ամիս իր սպառած գազի գնի 5 տոկոսի չափով պակաս վճարելով գազամատակարարին»: