24.11.2024
Պատահական հանդիպում, թե՞... Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը երևանյան սրճարանում
prev Նախորդ նորություն

Փաշինյանի մեսիջն Ալիևին. ՀՀ-Արցախ տանդեմը չի գնալու կապիտուլյացիայի

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նման փորձերն աղետալի հետևանքներ կունենան հենց առաջին հերթին Ադրբեջանի համար, մանավանդ որ, ինչպես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք վերջին տարիների համար աննախադեպ քանակի և որակի զենք և ռազմամթերք ենք ձեռք բերել, Զինված ուժերում իրականացրել ենք և իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք էլ ավելի բարձր մակարդակի են հասցնում մեր բանակի մարտունակությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանը նշել է, որ Հայաստանն իրականացրել և իրականացնում է ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարում, այլև պիտի ավելի մեծ դերակատարում ունենա որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավոր:


Փաշինյանի մեսիջն ունի երկու հասցեատեր՝ թե՛ ներքին լսարան, թե՛ Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարություն:


Հակափաշինյանական ճամբարի ներկայացուցիչները՝ արտախորհրդարանական ուժերն ու նախկին իշխանությունները մեղադրում են Նիկոլ Փաշինյանին ղարաբաղյան հարցում զիջողական դիրքորոշման համար՝ դրանով փորձելով նվազեցնել նրա բարձր վարկանիշն ու դիվիդենտներ շահել ներքաղաքական պայքարում, քանի որ ղարաբաղյան հարցն ու այդ հարցում որևէ զիջում բաց նյարդ է հայ ժողովրդի ու Սփյուռքի համար:


Փաշինյանն այդ կերպ մեսիջ է հղում ՀՀ քաղաքացիներին, որ չի պատրաստվում գնալ ղարաբաղյան հարցում միակողմանի, ցավոտ զիջումների և չպետք է նրան ընկալել, որպես թույլ վարչապետ կամ արտաքին ուժերի պրոյեկտ, որն եկել է Արցախը հանձնելու:


Փաշինյանի մյուս մեսիջն ուղղված է Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Բաքուն չպետք է Երևանի խաղաղասիրական կոչերն ու հրադադարի պահպանումն ընկալի, որպես թուլության նշան կամ հանձնվելու պատրաստկամություն: Փաշինյանն ընդգծում է, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն Երևանն ու հայ ժողովուրդը պատերազմից չեն վախենում: Հատուկ ընդգծվում է, որ ՀՀ-ն գնել է նոր զինատեսակներ ու բանակի արդիականացումը շարունակվելու է՝ դա նույնպես պետք է զսպող գործոն լինի Բաքվի համար չսրելու իրավիճակը Ղարաբաղում:


Փաշինյանն ևս մեկ անգամ ընգծում է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է: Այդ կերպ նա նաև փորձում է կամուրջները չայրել ու ռևերանս անել Արցախի ռազմա-քաղաքական էլիտային, ասել է թե՝ Արցախը երբեք միայնակ չի մնալու, իսկ ներքաղաքական հայտարարությունները չպետք է ընկալել, որպես ՀՀ-Արցախ տանդեմում անհամաձայնություն: ՀՀ-ն Բաքվի կողմից Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում իր ողջ ներուժով կանգնելու է Արցախի կողքին և միասնական դիմագրավի ռազմական ագրեսիային:


Այսպիսով, Փաշինյանն իր մեսիջներով միանգամից երկու թիրախ է խոցում՝ իր քաղաքական հակառակորդների ձեռքում առկա «Նիկոլը Ղարաբաղը հանձնում է» տեղեկատվական կլիշեն ոչնչացնում է և Բաքվին զգուշացնում է, որ իր խաղաղության կոչերը չընկալվեն, որպես կապիտուլյացիա կամ միակողմանի զիջումների գնալու պատրաստակամություն: