24.11.2024
Սիրիայի հայ համայնքի համար 80 տոննա հումանիտար օգնության բեռը հասել է Հալեպ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանը «թալանչի» անվանեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Ավելի քան 30 տարի ՀՀ քաղաքացիների քննարկման թեման եղել ա հետեւյալը՝ գողացան, թալանեցին, խոշտանգեցին, ձեռից խլեցին, գնդակահարեցին: Մոտ 30 տարի մարդկանց դիսկուրսն իշխանության մասին եղել ա էս: Եվ մոտ 30 տարի մարդկանց զգացողությունն իշխանության նկատմամբ եղել ա զզվանքը եւ ատելությունը»,- երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի մատնանշած 30 տարվա մեջ մտնում է նաեւ ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջանը։ Փաստորեն, Փաշինյանը երկրորդ անգամ է հայտարարում, որ իր երբեմնի դաշնակիցն ասոցացվում է ընտրակեղծիքների, կոռուպցիայի, թալանի ու գնդակահարությունների հետ։ Բայց մարդիկ բնական հարց են տալիս՝ եթե կոռուպցիայի, թալանի, կեղծիքի հիմքերը դրվել են Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, ինչո՞ւ էր ինքը 2008-ին կանգնել այդ մարդու կողքին։ Հիշեցնենք․ Իտալիայում տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ էլ նա հայտարարել էր, որ չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ սկսած 1996-ից, որոնք տիրացել են իշխանությանը եւ փորձել են պահել այդ իշխանությունը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին առաջադրած ՀՔԾ մեղադրանքից պարզ է դառնում, որ քրգործն առնչվում է նաեւ Ս. Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին ու նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Ըստ շրջանառվող լուրերի` նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առջեւ պայման են դրել` կա՛մ ցուցմունք տալ Ս. Սարգսյանի դեմ, կա՛մ էլ իրեն կկալանավորեն, Կարապետյանն էլ ցուցմունք է տվել: Ըստ ՀՔԾ-ի` գյուղտնտեսություններին տրամադրվող դիզվառելիքի բաշխման ապօրինի սխեմա է գործել. ցածր գին առաջարկող ընկերությանը մերժել են` գոհացնելով բարձր գին առաջարկող Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությանը: Բ. Բեգլարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ասել է. «Ես չգիտեմ` ինչի մասին է խոսքը, բայց իմ խորին համոզմամբ` Սերժ Սարգսյանը չի կարող մեղավոր լինել նման հարցերում: Առաջին անգամ եմ նման բան լսում: Այո, Ֆլեշ ընկերությունն ինձ է պատկանում, բայց Սերժ Սարգսյանի կապ ունենալու մասին չգիտեմ: Մենք Սերժ Սարգսյանի հետ շատ մտերիմ ենք եւ դա երբեք չենք թաքցրել, իսկ իր գործողությունների հետ ես կապ չունեմ, տեղյակ չեմ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը ձերբակալվեց կաշառք վերցնելու պահին, որը ստանում էր տենդերին միջամտելու եւ կաշառատուի հաղթանակն ապահովելու համար։ Նա 2018-ի հոկտեմբերին նշանակվել է սպորտի գծով փոխնախարար, մինչ այդ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2015-2018 թթ․ եղել է VivaroNews-ի միջազգային բաժնի խմբագիրը։ «Սրսուռ» ՔՊ-ական է՝ «դուխով» գլխարկը գլխին մասնակցում էր 18-ի ակցիաներին։ Նա առաջինը չէ հեղափոխական իշխանություններից, որ բռնվել է կոռուպցիոն գործարքի գնալիս․ առողջապահության փոխնախարարի դեպքը դեռ թարմ է մեր հիշողության մեջ։ Մեր տեղեկություններով, խոսքը 60 միլիոն դրամի տենդերի մասին է, որը պետք է շահեր մատակարարը։ Գործարքի միջնորդը եղել է Լոռեցյանի վարորդը, որը, ըստ լուրերի, նրա «ծխելու» ընկերն է եւ որն էլ փոխանցել է գումարը։ Փոխնախարարի բաժինը պետք է լիներ 1 միլիոն դրամ։ Նա բռնվել է առաջին տրանշը՝ 300 հազար դրամը ստանալու պահին։ ԱԱԾ-ում երեկ ասում էին․ «Պատժեցինք՝ մեր նախկին տնօրենի՝ Վանեցյանի դեմ ավելորդ շատ էր խոսում»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի քույրը՝ Մարգարիտա Ղազարյանը, պատրաստվում է «Իմ քայլի» կողմից իր թեկնածությունն առաջադրել Արմավիրի մարզի Արշալույս համայնքում հաջորդ տարվա գարնանը կայանալիք համայնքապետի ընտրություններում: Արշալույսի համայնքապետը արդեն 12 տարի գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանն է, ում հորեղբայր Մանվելը երեք անգամ փորձել է թույլ չտալ գյուղապետ ընտրվել ու միշտ պարտվել է: Հետաքրքիր է, «Իմ քայլը» և Մանվել Գրիգորյանի կողմնակիցները ընտրություններին կմասնակցեն առանձի՞ն, թե՞ կհամախմբվեն ընդհանուր հակառակորդին հաղթելու գաղափարի շուրջ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՔԾ-ն առաջիկայում կարճելու է Արա Բաբլոյանին եւ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը՝ իշխանությունը յուրացնելու՝ Քրօր․ 300-րդ հոդվածով։ Հիշեցնենք, որ նրանց 2 մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը յուրացնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ծանրը իշխանության յուրացման հոդվածն է, ինչի համար էլ 22 օր կալանքի տակ պահեցին Բաբայանին, բայց հետո ստիպված բաց թողեցին։ Խոսքը Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալուն է վերաբերում, սակայն մեղադրանքն այնքան անհիմն է, որ հարուցումից հետո «մեղադրյալների» հետ ոչ միայն քննչական գործողություններ չեն կատարվել, հիմա էլ պատրաստվում են ծանր հոդվածով գործը կարճել, կմնա կեղծիքը, այն էլ՝ ՀՔԾ-ի մունդիրը վերջնականապես գետնով չտալու համար»:


«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում իրականացված ներքին աուդիտի արդյունքում ուշագրավ փաստեր են ի հայտ եկել: «Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ներքին աուդիտը լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, որոնք վերաբերում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի պաշտոնավարման շրջանին: Ըստ նույն աղբյուրի, բացահայտված չարաշահումներն այնքան լուրջ են, որ առաջիկայում դրանք կփոխանցվեն իրավապահներին:  Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՍԴ աշխատակազմի ներկայիս ղեկավար Էդգար Ղազարյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին: Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը 2003թ.-ից աշխատել է ՍԴ-ում եւ նախքան պատգամավոր դառնալը զբաղեցրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»:


«Փաստ» թերթը գրում է. ««Այդ քանի՞ գլխանի էիք, որ այստեղ վարչապետ չընտրեիք: Ժողովուրդն է այդպես պահանջել»: Երեկ խորհրդարանում նման կերպ է արտահայտվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ԲՀԿ-ին: ԼՀԿ-ից «Իմ քայլը» դաշինք տեղափոխված Հայկ Կոնջորյանն էլ հավելել է, թե՝ «երբ քվեարկել եք վարչապետի օգտին, մեզ լավություն չեք արել, այլ ժողովրդի պահանջն եք կատարել»: Նման կարգի հայտարարությունները, որոնք օրվա իշխանությունների առօրյա լեքսիկոնի մշտական մասն են, ամբողջական պատկերացում են տալիս նրանց հոգեվիճակի, որդեգրած գործելաոճի ու հետեւանքների մասին: Անընդհատ շահարկելով ժողովրդի անունը, ժողովրդի անվան հետեւում թաքնվելով՝ իշխանություններն ընդամենը մեկուկես տարում անվերադարձ հեռացան նույն ժողովրդից, կորսվեցին մեծամտության ալիքների մեջ, իրենց երեւակայեցին որպես անփոխարելիներ, ամենագետներ, ամենաիրավացիներ: Ի հետեւանս, եթե հայտնի ֆիլմից Սաախովի հայտնի բառերը մի քիչ փոխենք, նրանց գերակշիռ մասը իրականությանը նայում է իրենց կաբինետների, ծառայողական մեքենաների պատուհաններից կամ, որ ավելի վատ է, ֆեյսբուքյան էջերի միջոցով: Մի խոսքով, իրականությունից կտրվել են աննկարագրելի կարճ ժամանակահատվածում: Ընդ որում, սա փորձագիտական լայն շրջանակների ու հասարակության սթափ ու խելացի դատող հատվածի զգալի մասի տեսակետն է, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնվում է, սակայն անսխալականության բարդույթը թույլ չի տալիս իշխանություններին տեսնել իրականությունը: Թեպետ այլ կարծիք էլ կա, որի մասին խոսում են բազմաթիվ քաղաքագետներ, այն է՝ իշխանությունների վերջին շրջանի ծայրահեղ պահվածքը, իրենց «ոտքը տրորած» ցանկացած մեկի վրա կատաղի հարձակումները, այդ թվում՝ իրավապահ համակարգի միջոցով, գուցե թե այն բանի արդյունք են, որ նրանք հրաշալի հասկանում են իրենց վարկանիշի անկման փաստը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակը ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիների խոշտանգումը կանխարգելելն է: Կառավարությունն առաջարկում է «Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածում ավելացնել հետևյալ կետը. «Ոստիկանությունում խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի նախականխումը. Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորվում են տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով»: Հնարավո՞ր է, որ ոստիկանության աշխատակիցները հարցաքննություն իրականացնեն այլ տարածքներում, որտեղ տեսանկարահանող սարքեր տեղադրված չեն, իհարկե՝ հնարավոր է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն նոյեմբերի 15-ին հայտարարեց, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: «Ժողովուրդ» օրաթերթը այս հայտարարության հետքերով բացառիկ մանրամասներ է պարզել. պարզվում է, որ այդ ճանապարհով հայ երեխա է որդեգրել աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան: Հիշեցնենք` ըստ ԱԱԾ-ի` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու եւ սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են հրաժարվել երեխայից ու, նրանց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն կորզել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ իրեն այդ բացահայտման գործում օգնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ձերբակալվածների մեջ Սոցապ նախարարության աշխատակիցներ չկան: «Զգույշ պետք է լինենք եւ որեւէ կերպ չտրվենք, այսպես ասեմ, հորդորներին, որոնք ուղղված են երեխայից հրաժարվելուն, երեխայի առողջական խնդիրը պատճառաբանելուն»,- ընդգծել է նախարար Բաթոյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխող թիմում տագնապահար ու անորոշ իրավիճակ է: Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանին առնչվող նրանց «պլան գ»-ն՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուն վերաբերող օրինագծի հաստատումը, վտանգի տակ է: Աժ «Իմ քայլը» խմբակցությունում ձգտում են այնպես անել, որ դատավորների վաղաժամ թոշակն ապահովող «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի քվեարկության ժամանակ առավելագույն «կողմ» ձայներն ապահովեն, որպեսզի ընդդիմությանն ապացուցեն, որ նրանց ձեռք մեկնելու կարիքն ամենեւին էլ չունեն, եւ որ առանց ընդդիմության դրական քվեարկության էլ իրենք կարող ուժ են: Խնդիրն այն է, որ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ հայտարարել են, որ դեմ են դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելուն վերաբերող նախագծին, ու հենց դրա համար էլ իշխանությունները հայտնվել են ցայտնոտի մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական խմբակցությունը նույնիսկ մտադիր է այս օրինագծի քվեարկությունը հաջորդ շաբաթ կազմակերպել, որպեսզի այն պատգամավորները, որոնք գործուղումերի են մեկնել, վերադառնան ու մասնակցեն քվեարկությանը:


Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ իշխանական ֆրակցիան տարակուսանքի մեջ է, իսկական դիլեմայի առաջ են կանգնել, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, վերջերս վարչապետի հետ հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարակուսել է` ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի պահվածքի հետ կապված:  Վարչապետն իր թիմակիցներին ասել է, որ իր համար անհասկանալի են Վ. Գրիգորյանի պահվածքն ու գործողությունները: Ահա սա է պատճառը, որ վերջնահաշվում իշխանական խմբակցությունում չեն կողմնորոշվում՝ անցկացնել այս օրենքը, թե ոչ: Այդ նախագծի ձեռնարկն, ի վերջո, Վահե Գրիգորյանինն է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցներում, ի դեպ, իշխող թիմից շատերն ասել են, որ դեմ են քվեարկելու: Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին գործադիրը հավանություն տվեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի կիրառմանը վերաբերող նախագծին, ըստ որի` եթե ՍԴ դատավորները, այդ թվում` նախագահ Հրայր Թովմասյանը, մինչեւ 2020թ. հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով մի քանի ամսով երկարաձգել քննիչ հանձնաժողովի գործունեության ժամանակահատվածը, քանի որ իրենք չեն տեղավորվում օրենքով նախատեսված ժամկետում: Հանձնաժողովը, որը ղեկավարում է ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իր առջև խնդիր է դրել ուսումնասիրել և վեր հանել այն խնդիրները, որոնց պատճառով Հայաստանի և Արցախի զինված ուժերը ինչ-որ իմաստով անպատրաստ եղան պատշաճ արձագանքելու Ադրբեջանի հանխահարձակ գործողություններին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում կատարվող նշանակումները չեն դադարում զարմացնել մեզ։ Վերջերս «Զվարթնոց» օդանավակայանի Փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգման բաժին պետ է նշանակվել Հայկ Մելքոնյանը։ Նրա հայտարարագիրը զննելիս ուշագրավ փաստ արձանագրեցինք։ Հայկ Մելքոնյանը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է միանգամից 8 ավտոմեքենա, որոնցից 5-ը նույն մակնիշի՝ Nissan wingroad, 2-ը՝ Daewoo nexia և մեկը՝ Mercedes benz: Դատելով ավտոմեքենաների մակնիշներից, դրանց քանակից և այն հանգամանքից, որ դրանք այդքան էլ թանկ մեքենաներ չեն, կարելի է ենթադրել, որ ՊԵԿ աշխատակիցը զբաղված է ավտոմեքենաների ներկրմամբ, ինչն անհամատեղելի է իր զբաղեցրած պաշտոնին։ Ի դեպ, Հայկ Մելքոնյանի հայրը՝ Արթուր Մելքոնյանը, ևս ՊԵԿ-ում է աշխատում»։


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Շոտլանդիան 2014 թ. անկախության հանրաքվե անցկացրեց եւ միայն մի քանի տոկոս չբավարարեց անկախության օգտին մեծամասնությամբ քվեարկելու համար: Մեծ Բրիտանիայի իշխանություններն ավելի հանդուրժող գտնվեցին, քան Իսպանիայինը: Չնայած հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա, երբ Շոտլանդիայում կրկին հանրաքվե անցկացվի եւ շոտլանդացիների մեծամասնությունը «այո» ասի: Իսկ նոր հանրաքվե նախատեսվում է: Շոտլանդացիների պայքարը եւս դարերի պատմություն ունի, ինչպես կատալոնցիներինը, եւ Շոտլանդիա-Անգլիա հակամարտությունը նույնպես արյունալի պատմություն ունի, ինչպես Կատալոնիա-Իսպանիայի դեպքում է: Այժմ պաշտոնական Գլազգոն (Շոտլանդիայի մայրաքաղաք) տրամադրված է հաստատ Անգլիայից անկախ ապրելու պայքարին: Մեծ Բրիտանիայի կազմում են Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան: Բացի Անգլիայից, մյուսները անկախ պետություն հիմնելու կողմնակից են: Մեծ Բրիտանիայի դեմ ամենակատաղի անկախական պայքարը մղել է Հյուսիսային Իռլանդիան, որ տասնյակ տարիներ պայքարում է իր անկախության կամ Իռլանդիային միանալու համար: Արյունալի բախումներ էին լինում հատկապես ԽՍՀՄ գոյության տարիներին, երբ Մոսկվան գործում էր ընդդեմ Լոնդոնի:


Հյուսիսային Իռլանդիայի բողոքական ազգաբնակչությունն է, որ հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին: Բայց, եթե վերսկսեն Հյուսիսային Իռլանդիայում բողոքական փոքրամասնության եւ Իռլանդիայի հետ միավորման ջատագով կաթոլիկ մեծամասնության միջեւ բախումները, ապա Բելֆաստը նորից կվերածվի Մեծ Բրիտանիայի կազմաքանդման կենտրոնի: Ավելի հզոր՝ քան շոտլանդական Գլազգոն»: