Փաշինյանն Արցախում է. նա Բակո Սահակյանի հետ այցելել է սահմանագիծ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Բարձրաստիճան հյուրերը շնորհակալություն են հայտնել զինվորականներին հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված համալիր գործընթացները բարձր մակարդակով կյանքի կոչելու համար և խրախուսել առավել աչքի ընկած զինվորականներին: Վերջիններս էլ իրենց հերթին վստահեցրել են, որ ինչպես առայսօր, այսուհետ ևս պատրաստ են անթերի կատարել առաջադրված մարտական խնդիրները և օպերատիվ-մարտավարական իրադրության յուրաքանչյուր զարգացման դեպքում անխախտ պահել մեր երկրի սահմանները:
Աշխատանքային շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը նախանշել են նաև այն հիմնական ուղղությունները, որոնք առաջնային պետք է լինեն ռազմաքաղաքական համագործակցության հետագա ժամանակահատվածում», - ասված է Պաշտպանության բանակի Facebook-յան էջում տեղադրված գրառման մեջ: