VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հստակ քաղաքական նկրտումներ ունի, թերևս արդեն բոլորի համար պարզ է։ Ուրվագծվում է նաև առաջիկայում նոր քաղաքական կուսակցության հեռանկարը վերջինիս մասնակցությամբ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Վանեցյանը կուսակցություն է բացում Սամվել Կարապետյանի հետ, ասել է թե՝ նրա ֆինանսավորմամբ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վանեցյանն այս օրերին ակտիվ բանակցություններ է վարում նաև «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի հետ, ով ևս վերջին շրջանում արևմտամետից սահուն անցում է կատարել դեպի ռուսական կողմնորոշում։ Ի դեպ, ուշագրավ է, որ և՛ Արթուր Վանեցյանը, և՛ Արթուր Ղազինյանը Հայաստանում երթևեկում են ռուսական համարանիշների ավտոմեքենաներով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ օրս առողջապահության ոլորտում գործունեություն ծավալող եւ «երկիրը տնից կառավարող» Աննա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետի տիկինը, դատելով նրա այցերի աշխարհագրությունից որոշել է մուտք գործել նաեւ արտաքին քաղաքականության ոլորտ եւ հայկական բանակ։ Օրեր առաջ նա մեկնել էր Լիտվա, որտեղ հանդիպել էր այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ, ինչը մեծ զարմանքի տեղիք էր տվել ԱԳՆ որոշ շրջանակներում։ Ապա մեկնել էր Իսլանդիա՝ «Կին առաջնորդների» ֆորումին մասնակցելու, իսկ այսօր նա այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը։ Նրան ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Ճամբարակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանը։ Աննա Հակոբյանը շրջել է դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։ Եթե մինչ օրս նրա հանդիպումներն ինչ որ կերպ փորձում էին ներկայացնել որպես «Իմ քայլը» եւ «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի գործունեության շրջանակներում տեղավորվող քայլեր, ապա այլ երկրի ԱԳ նախարարին հանդիպելը կամ մեր բանակի դիրքեր մեկնելը դժվար է կապել այս հիմնադրամների գործունեության հետ։ Կարծում ենք հաջորդ քայլը լինելու է ռազմական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիային վարչապետի տիկնոջը հաղորդակից դարձնելը եւ զենք-զինամթերքի բազաներ ու ՊՆ տարբեր ստորաբաժանումներ այցելելը»:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ քաղհասարակության սեկտորում գործում են մի շարք ՀԿ-ներ եւ միջազգային տարբեր կազմակերպություններ, որոնց գործունեությունը հաճախ դառնում է այս կամ այն շրջանակի քննադատության կամ թիրախի առարկա։ Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ կազմակերպությունների գործունեությունը թափանցիկ չէ եւ պատված է խորհրդավորության շղարշով։ Թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել դրանցից մեկի մասին: Խոսքը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության մասին է։ Նախ՝ այս ընկերությունը ամենաշատն է ներգրավված ներկայումս ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում, ընդ որում՝ գրեթե ամենաուղղակի կերպով: Մեր տեղեկություններով, ներկայիս մի շարք պաշտոնյաներ (այդ թվում՝ վարչապետի աշխատակազմում) ու պատգամավորներ հենց այս կազմակերպության «դաբրոյով» են «աթոռ» ստացել։ Թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ, Արեւմուտքից ՀՀ եկող հիմնական դրամաշնորհների աղբյուրը հանդիսանում է «Թրանսփարենսին», անգամ հայտնի Սորոսի դրամաշնորհները տրամադրվում են այդ կազմակերպության «քվոտայով»։ Թերթին մանրամասներ են հայտնի դարձել նաեւ այն մասին, որ հենց այս հիմնարկությունն է, որ անցած տարի տեղի ունեցած իշխանափոխության օրերին լայն թափով աջակցել է Փաշինյանին, ավելին՝ «Մերժի՛ր Սերժին» կարգախոսը հենց նրանց կողմից է առաջարկվել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանը, պարզվում է, մասնակի ամնեզիա ունի՝ հիշողության կորուստ, մասամբ էլ՝ չի հետեւում երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Երեկ նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի հիշում, թե ովքեր են աղբահանության հիմնարկին 20 «ԿամԱԶ» նվիրողները։ Հետո ասել է, որ չի նայել «Հուզանք ու զանգ» ներկայացումը՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ՝ քաղաքում չի եղել եւ կարծիք հայտնել չի կարող։ Լավ է, որ մեր իշխանավորները հմտացել են խոսելու եւ ոչինչ չասելու ժանրում, բայց դա կարող է ոմանց մոտ նաեւ տպավորություն ստեղծել, թե նրանք անտեղյակ են, անտարբեր եւ սուտասան»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ Հատուկ քննչական ծառայությունը հանրությանն իրազեկում է, որ որոշում է կայացվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավել, եւ նրան 48 ժամ ժամանակ է տրվել՝ ներկայանալու համար, տեղեկացանք, որ Կոստանյանն այս օրերին մասնակցում է միջազգային կոնֆերանսի: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում է Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի եւ Մոսկվայի պետական համալսարանի Լոմոնոսովի անվան իրավաբանական ֆակուլտետի կողմից կազմակերպված 20-րդ միջազգային կոնֆերանսին եւ այդ միջազգային կոնֆերանսին Հայաստանից միակ ներկայացուցիչը հենց ինքն է՝ հրավեր ստանալով այդ կառույցների պրոֆեսորներից: Մեր տեղեկություններով, այդ կոնֆերանսն անցկացվելու է նոյեմբերի 26-29-ը: Բացի այդ, Կոստանյանն այս տարվա մայիսից Մոսկվայում դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում: Հայաստանում նրան հրապարակավ ներկայացնում են որպես հանցագործ: Բայց ո՞րն է նրա մեղավորությունը. ըստ մեղադրանքի` նա հանձնարարություն է տվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ կապված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի քննության հետ: Ու թեեւ ե՛ւ Ալիկ Սարգսյանը, ե՛ւ Կոստանյանը հերքում են, որ նման հանձնարարականներ են եղել, այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրված է, եւ Կոստանյանը պետք է ներկայանա ՀՔԾ: Իսկ 48 ժամվա հաշվարկը սկսվել է նոյեմբերի 25-ից»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը տեղեկացրեց, որ օրերս համացանցում տարածված սկանդալային տեսանյութն արվել է շուրջ տասը տարի առաջ: Ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էր լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգելու տեսանյութը 2008-2010 թվականներին է արվել: 2008-2011 թվականներին ՀՀ ոստիկանապետ է եղել Ալիկ Սարգսյանը, որն այժմ որպես մեղադրյալ ներգրավված է Մարտի 1-ի գործում: ՀՀ նախկին ոստիկանապետից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք ծանոթ չի եղել դեպքին: – Ինչի՞ց եք ենթադրում, որ ես կապ ունեմ: – Ձեր ղեկավարման տարիներն են համընկնում: Ոստիկանությունից ասում են, որ շուրջ 10 տարի առաջ է եղել դեպքը: – Ուղղակի ասել են, որ դա եղել է 10 տարի առա՞ջ: Հետաքրքիր ա, էլի, կահույքի՞ց են զգացել սենյակի, թե՞ հայհոյանքներից: Ես չգիտեմ՝ ինչից են զգացել: Ոստիկանությունն ասում է, որ դա եղել է տասը տարի առա՞ջ: Ապրեն իրենք, եթե էդպես զգայուն են: Չե՞ն կարող իդենտիֆիկացնել: Չե՞ն կարողանում բերեն թղթապանակները, տեսնեն՝ ովքեր են էդ մարդիկ, ծեծողներն ովքեր են: Կարծում եմ՝ մինչև հիմա համակարգում են, թող կանչեն, մարդկանց բերեն, ասեն՝ ովքեր են եղել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք: Բայց ԱԱԾ-ն չբարձրաձայնեց, թե ինչ պաշտոնատարների մասին է խոսքը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այդ գործով անցնում է 1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունը քննած դատավոր Սամվել Ուզունյանը: Երեւանի բնակչուհուն առեւանգելու դեպքով հարուցված քրգործով պաշտոնատար անձինք իրենց օրինական գործն անելու համար տուժողի հորից միջնորդի դեր ստանձնած մեկ այլ պաշտոնատարի միջոցով 2007-2009 թթ. պահանջել եւ մաս-մաս ստացել են առանձնապես խոշոր չափի կաշառք, բայց ենթադրյալ հանցանք կատարածներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Միջնորդն էլ տուժողի հորը վերադարձրել է կաշառքի միայն մի մասը: Գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ այս գործը ուղարկվել է ՀՔԾ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2016-ին դատավոր Ուզունյանից հետաքրքրվել էր՝ ճիշտ են արդյոք տեղեկությունները, թե ինքը քրեական մի գործով ձախողվել է: Ուզունյանն արձագանքել էր. «Բացարձակ, մենք պրոմխներ տվող մարդիկ չենք, պրոմխ են տվել նրանք, որոնք նման տեղեկություններ են տարածել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք, պարոն Ջանջուղազյան։ «Հենց հարցնում եք` ինչպես եմ, մտածում եմ` մեջը սադրանք կա, ու հետին միտք ունեք․ Ձեր հետին միտքն այսօր ո՞րն է»,- պատասխանեց ֆինանսների նախարարը: Դե, օրինակ ցանկալի է իմանալ, թե ինչու անուն չդրեցիք այս բյուջեին՝ որպես նախկին։ Նախկինների, դիցուք` Պավլիկ Սաֆարյանի ժամանակ, հուժկու-հնչեղ անուններ էին դրվում․ դա է՞լ է Նիկոլ Փաշինյանի իրավասությունը, եկավ եւ ասաց` «հեղափոխական» է սույն բյուջեն: «Թե՛ նախկինում, թե՛ հիմա, ես միշտ ձեռնպահ եմ մնացել բյուջեին անուն դնելուց, այս դեպքում եւս բացառություն չէր»: Փաստորեն, պատկերավոր մտածողություն չունեք՝ ԱԳ նախարար պարոն Մնացականյանի պես։ «Ինչպես տեսնում եք»: Իսկ եթե լուրջ` ի՞նչ տարբերություն կա այս եւ նախորդ տարվա բյուջեի միջեւ։ «Տարբերությունները շատ-շատ են. եթե շատ կարճ, ապա այս բյուջեն փոփոխված իրավիճակին համարժեք` արագ արձագանքող բյուջե է»: Չե՞ք ասի` «արագ արձագանքող» բյուջեում վարչապետի տրանսատլանտյան թռիչքների համար նախատեսված (55 մլն դոլարանոց) ինքնաթիռի տողն առկա՞ է։ «Կառավարության նման որոշում կա՞. պետք է լրատվամիջոցներին այդ հարցը տալ»: Չկա՞ նման կետ։ «Ես, անկեղծ ասած, Ձեզ պետք է հիասթափեցնեմ․ եթե Դուք կարծում եք, որ ես գնման առարկաների բոլոր մանրամասներին տիրապետում եմ, ավա՜ղ»: Բայց կբավարարի՞ բյուջեն նման «հաճույքի» համար։ «Ես քիչ առաջ Ձեզ թիվն ասացի` մյուս տարի նախատեսված է 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ ծախս իրականացնել»: Այսինքն` կբավականացնի։ «Եթե անհրաժեշտ լինի՝ այո»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իջեւանում համայնքապետի ընտրությունները լինելու են ոչ թե դեկտեմբերի վերջին, այլ մարտի սկզբին: Այս մասին տեղեկացանք տեղի մեր աղբյուրներից: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ուշացման պատճառն այն է, որ տեղի է ունենալու համայնքների խոշորացում, եւ Իջեւանին են միանալու մի քանի համայնքներ: Իսկ մինչ այդ, ներկայիս համայնքապետի պաշտոնակատարը՝ վարչապետի սանիկ Ղալումյանը, փորձում է ամեն բան անել տեղացիների, ինչպես մեր աղբյուրն է ասում՝ «սիրտը շահելու համար»:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ հանրային օրակարգում է գտնվում դատական համակարգում վեթինգ անցկացնելու նախաձեռնությունը, որի մասին կառավարության նիստում ժամանակին հանձնարարական էր տվել Նիկոլ Փաշինյանը։ Անցած շաբաթ կառավարության նիստում հաստատվեց եւ ԱԺ ուղարկվեց դատավորների բարեվարքության գործընթացն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը հնարավորություն է տալիս ստուգել դատավորների գույքային դրությունը: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, վեթինգն իրականացվելու է փուլային տարբերակով, այսպես ասած՝ պիլոտային ռեժիմով։ Թերթին տեղեկություններ են հասել, որ նախնական փուլում ուսումնասիրվելու է դատարանների նախագահների բարեվարքությունը, հետո միայն մյուս դատավորները եւս աստիճանաբար կանցնեն վեթինգի «թրի տակով»։ Այստեղ առաջինները կլինեն առավել անկախ, ըստ այդմ էլ, իշխանություններին անհաճո դատավորները»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբաղ Համբարյանի ճակատագիրը ՃՈ համարանիշների գործով դառնում է մշուշոտ, նրա որդին պաշտոնեական առաջխաղացում է ունեցել։ Նա, ոչ ավելի, ոչ պակաս, քննիչից միանգամից դարձել է վարչության պետ։ Մասնավորապես՝ նոյեմբերի 20-ին Հովհաննես Համբարյանը նշանակվել է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ։ Ուշագրավ է, որ Հովհաննես Համբարյանը քննիչ աշխատած ժամանակ մեղադրվում էր դատապարտյալից ճնշումներով ցուցմունք կորզելու մեջ։ Մասնավորապես՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Շահբազյանը և նրա հայրը բազմիցս բարձրաձայնել են, նամակներով դիմել են վարչապետին, նախագահին, ըստ որի գործով քննիչ Հովհաննես Համբարյանը ճնշում է Արթուրին, պահանջում է, որ նա գրավոր ցուցմունքներ տա Ալավերդի քաղաքում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի դեմ»։
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ կրակոցներ են հնչել Արամ Վարդանյանի՝ քրեական աշխարհում հայտնի Վստրեչի Ապերի գրասենյակի ուղղությամբ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այդ գրասենյակը նախկինում եղել է բնակելի տուն, որտեղ բնակվել է մի տղամարդ, ով Վարդանյանի ձեռքի տակ է աշխատել: Տղամարդն ունեցել է մեծ պարտքեր, վարկերի տակ է ընկել, եւ չդիմանալով այդ ամենին՝ ինքնասպան է եղել իր տան մեջ՝ պարանով կախվելու միջոցով: Տղամարդու մահից հետո այդ տունը ձեռք է բերել Վարդանյանը, ով հետագայում այն սարքել է իր գրասենյակը: Իսկ թե ինչո՞ւ են գրասենյակի ուղղությամբ կրակել, աղբյուրը դեռ չի մանրամասնել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 2021թ.-ից շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի ԺՊ Արամ Կարախանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում տեղեկացրել է նաեւ, որ քաղաքացիների համար, որոնք, օրինակ, 1-2 սենյականոց բնակարաններում են ապրում, ավելացումն աննշան կլինի: «ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ոչ թե գույքահարկի մասին իրավական ակտ, այլ կադաստրային արժեքը շուկայականին մոտարկելու մասին օրենքը»,- ասել է Կանախանյանը` պարզաբանելով, որ կադաստրային արժեքի հիման վրա է հաշվարկվելու եւ Հարկային օրենսգրքով սահմանվելու գույքահարկի դրույքաչափը: «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, որ կարծիք կա, թե գույքահարկը բարձրացնելով` գործադիրը մտադիր է պետբյուջե փող բերել, Կարախանյանն արձագանքել է, թե եկամտային հարկը համահավասարեցումից հետո նվազեց եւ «էապես ավելի պետք է բարձրանա շուկայական ավելի բարձր արժեք ունեցող առանձնատների, նորակառույց գույքի հարկը, եւ դրանով փակվի այդ բացը, այսինքն` եկամտային հարկի պակաս գումարը կոմպենսացվի արդեն բարձրարժեք գույքի գույքահարկի հաշվին»:
«Փաստ» թերթը գրում է. «Ախթալայում գտնվող թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի 120-ամյա տունը, որը լոռեցիների հպարտության առարկաներից է, այսօր փաստացի անտերության է մատնված: Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն էր, իսկ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում: Դղյակը հիմա գտնվում է աղետալի վիճակում եւ հնարավոր է՝ ընդհանրապես ոչնչանա: Մտավորականները երկու տարի առաջ մի քանի անգամ դիմել էին պատկան մարմիններին, նույնիսկ որոշակի քայլեր ձեռնարկվեցին՝ դղյակը պետության ուղղակի հոգածության ներքո վերցնելու հարցի հետ կապված։ Այդ ժամանակ որոշում էր կայացվել նաեւ Արամյանցի դղյակում լուրջ վերականգնողական աշխատանքներ սկսել, սակայն այդպես էլ «սայլը տեղից չի շարժվում»: Գործընթացը կանգ է առել հատկապես անցած տարվա իշխանափոխությունից հետո: Պատասխանատու կառույցը՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, փաստացի ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։ Ստացվում է, որ պատմական արժեք եւ ճարտարապետական յուրահատկություն ունեցող դղյակը բացահայտ անտերության է մատնված, չկա հարցի լուծման վերաբերյալ ոչ մի պետական աջակցություն ու նախաձեռնողականություն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «սատար կանգնելու հարյուր հազարավոր լիբանանահայերին» եւ նրանց Հայաստանում ընդունելու ու օգնություն տրամադրելու ծրագրեր իրականացնել: Ըստ լիբանանյան մեր աղբյուրի՝ Լիբանանում այլեւս չկան հարյուր հազարավոր լիբանանահայեր, եւ նրանց թիվը լավագույն դեպքում 45-50 հազարի շրջանակում է: Լիբանանահայերը ոչ մի պարագայում չեն ցանկանում գալ Հայաստան, եւ միակ հարցը, որ այսօր նրանց հուզում է՝ իրենց երկրի բանկային համակարգի կայունության վերականգնումն է: Լիբանանյան բանկային համակարգը դեֆոլտի եզրին է, լիբանանյան արժույթը՝ ֆունտը, անընդհատ արժեզրկվում է, եւ բանկերը հրաժարվում են վերադարձնել մարդկանց ավանդները: Տարբեր հաշվարկներով լիբանանյան բանկերում կա 3-5 մլրդ դոլարի հայկական ծագումով կապիտալ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 30-ին տեղի է ունենալու Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ, ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը կառաջադրվի նախագահի թեկնածու, ինչպես նաեւ կքննարկվի կուսակցության խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը: ԱԺԿ-ն ստեղծվել է 2000թ. որպես Արցախի այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի կուսակցական-քաղաքական հենարան, իսկ նրա կողմից նախագահի պաշտոնը թողնելուց հետո կորցրել է իր քաղաքական ազդեցությունը: Խորհրդարանում ունենալով ընդամենը 20-տոկոսանոց ներկայություն՝ ԱԺԿ նախագահը ընտրվում էր խորհրդարանի նախագահ զուտ ներիշխանական պայմանավորվածությունների արդյունքում»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում որպես ծխախոտի այլընտրանք նաեւ հայաստանյան շուկա մուտք գործեց էլեկտրոնային ծխախոտի այլընտրանքային տարբերակը, որն սկսեց ողողել գովազդային շուկան իր նորարարական համակարգի արդյունավետությամբ ՝ ներկայացվելով աշխարհի շուրջ 40 երկրում: Համաշխարհային մամուլը հաճախ է անդրադառնում էլեկտրոնային սիգարետներին ու ծխախոտի այլընտրանքային լուծումներին, եւ շատ անգամ դրանց քարոզը՝ որպես ծխախոտի օգտագործման առավել անվնաս տարբերակ, շփոթության մեջ է գցում սպառողին: Հայ մասնագետները շտապում են հերքել այն տեսակետը, թե էլեկտրոնային սիգարետն ավանդական ծխախոտից ավելի անվնաս է, ուստի հորդորում են մեր սպառողներին չընկնել մոլորության մեջ եւ ընդունել այն միայն որպես ավանդական ծխախոտին այլըտրանք: ՀՀ վաստակավոր բժիշկ, թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ այդքան էլ համաձայն չէ միջազգային մամուլում մեջբերված դիտարկումներին. «Եվրոպական ընկերությունների կատարած հետազոտությունների համաձայն, էլեկտրոնային ծխախոտը նույն կերպ վնասակար է առողջության համար եւ դրա հաճախակի ու երկարատեւ օգտագործումը կարող է նպաստել տարբեր հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են քաղցկեղը, լյարդի ախտահարումը, ընդհուպ՝ ցիրոզը»: Ըստ երիտասարդ բժիշկների ասոցիացիայի հիմնադիր, «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գեւորգյանի, ծխելը, վնասի տեսակետից, ամենամեծ ռիսկերն է պարունակում, քանի որ ծխում են շատերը, եւ ծխող անձը ոչ միայն ինքն իրեն է վնասում, այլեւ երկրորդային ծխով՝ իր շուրջը գտնվող մարդկանց»: Վնասի նվազեցման ուղղություններից մեկն է էլեկտրոնային սիգարետը, որի նվազ վնասի մասին առկա են բազմաթիվ հետազոտություններ. «Սակայն սա ամենեւին չի նշանակում, թե էլեկտրոնային սիգարետն անվնաս է եւ ռիսկեր չի պարունակում, բայց սա նշանակում է, որ եթե ծխողները փոխարինեն ծխախոտի օգտագործումը էլեկտրոնային սիգարետի օգտագործումով, ապա դա կլինի հասցված վնասի ընդամենը նվազեցում եւ՛ իրենց, եւ՛ շրջապատի առողջության համար, քանի որ էլեկտրոնային սիգարետի ներքաշած գոլորշին այրման հետեւանքով առաջացած ծուխ չէ եւ, հետեւաբար, չի առաջացնում նաեւ երկրորդային ծուխ»: