Աղմկահարույց տեսանյութի «էխոն». Ճամբարակի ոստիկանապետի լիազորությունները դադարեցվել են
23.11.2019
Համացանցում տարածված սկանդալային տեսանյութի հետ կապված ժամանակավորապես դադարեցվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները։
Ոստիկանության լրատվական ծառայությունից այս առնչությամբ մասնավորապես հայտնում են. «NewsMedia.am կայքում «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։
Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որում քաղաքացիական հագուստով առերևույթ ոստիկանները մի քաղաքացու նկատմամբ բռնություն են կիրառում՝ ցուցմունք կորզելու նպատակով։
Միջադեպին արձագանքել է նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։
Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,– գրել է օմբուդսմենը։