ՀՀ նախագահը և Ուկրաինայի վարչապետը քննարկել են հայ-ուկրաինական օրակարգին վերաբերող հարցեր
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկի հետ:
Հայաստանի նախագահը և Ուկրաինայի վարչապետը քննարկել են հայ-ուկրաինական օրակարգին վերաբերող հարցեր։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում գործնական քայլերի ժամանակն է՝ նշելով, որ համագործակցության ներկա մակարդակը բավարար չէ, և հնարավորությունները շատ ավելին են։
Համաձայնելով Հայաստանի նախագահի հետ՝ Ուկրաինայի վարչապետը նշել է, որ երկու երկրներն ունեն շատ ընդհանրություններ, սերտ կապեր և չիրացված մեծ ներուժ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման, ինչպես նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ։