24.11.2024
Թուրքիան Ադրբեջանի արտաքին քաղաքականության կիզակետում է. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը Սերգեյ Լավրովին է ներկայացրել Հայաստանում իրականացվելիք տարբեր ծրագրերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը:


Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Հանրապետության նախագահը ՌԴ արտգործնախարարի միջոցով իր ջերմ ողջույնը և կրկին Հայաստանում տեսնելու պատրաստակամությունն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:


ՌԴ արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նախագահ Սարգսյանին է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները: «Դա վկայում է դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում խորացնելու մեր հաստատուն նպատակաուղղվածության մասին», - ասել է Լավրովը:


Խոսելով համագործակցության հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և կարևորել գործակցությունն այդ համատեքստում:


Հանրապետության նախագահը, մասնավորապես, անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը:


ՌԴ ԱԳ նախարարը ողջունելի է համարել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկկողմ շփումների ընդլայնմանն ու հարաբերությունների ամրապնդմանը: