25.11.2024
Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Քաղաքական գրոհ Արթուր Վանեցյանի վրա

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ գրեթե ոչնչից մեծ աղմուկ բարձրացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի շուրջ։ Պատճառը վերջինիս կողմից Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանին նշանակելն էր։ Դրանից հետո իշխանական տարբեր գործիչներ, որոնք ընդամենը ամիսներ առաջ շատ ջերմ հարաբերությունների մեջ էին Վանեցյանի հետ, գովաբանում էին նրա աշխատանքը, անգամ աստվածացնում նրան, երեկ կարծես մի հրահանգով հարձակվել էին նրա վրա ՝ փորձելով նրան սխալ հանել։ ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը երեկ գիշեր մի երկար տեքստով բացահայտել էր, թե ինչ խախտումներ է թույլ տվել Վանեցյանը՝ գլխավոր մարզիչ նշանակելով: Նրա գրությունը սկսեցին տարածել ՀՖՖ գործկոմի անդամներ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Հակոբ Սիմիդյանը… Բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ ընդամենը փոթորիկ էր մի բաժակ ջրում:


Բանն այն է, որ, ըստ այժմ գործող ՀՖՖ կանոնակարգի, հավաքականի գլխավոր մարզչին նշանակում է ՀՖՖ գործկոմը, իսկ, ահա, հունիսին ընդունված կանոնադրության համաձայն՝ մարզիչներին նշանակում է ՀՖՖ նախագահը։ Սակայն զուտ տեխնիկական խնդիրների պատճառով կանոնադրությունը դեռ իրավական ուժ չէր ստացել։ Այսինքն, աղմուկ էր ոչնչից, միայն տեխնիկական սխալի պատճառով քաղաքական գրոհ իրականացվեց Արթուր Վանեցյանի վրա։ Եվ հետաքրքիրն այն է, որ այդ աղմուկից ժամեր անց ՀՖՖ գործկոմը նիստ է արել ու արդեն միաձայն քվեարկությամբ Խաշմանյանին նշանակել գլխավոր մարզիչ։ Նոր կանոնադրության ընդունումից հետո այն պետք է մուտքագրվեր ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստր, որպեսզի ստանար պետական գրանցում։ Այն մուտքագրվել է հոկտեմբերի 25-ին, եւ 10 աշխատանքային օր է պահանջվում, որպեսզի գրանցվի։


Ֆորմալ առումով այդ կանոնադրության հաստատումը պետք է լինի վաղը։ Բայց երբ ինձ բերել եւ ներկայացրել են Խաշմանյանի նշանակման հարցը, իմ աշխատակազմը ինձ չի ներկայացրել, որ գրանցումը դեռեւս չի եղել», – նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Վանեցյանը։ Եվ այս պարզաբանումից եւս պարզ է դառնում, որ խնդիրը զուտ տեխնիկական է, եւ գրոհն անիմաստ էր։ Իսկ, ահա, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը նիստից հետո ասել է, որ իրենք բոլորը նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեն Արթուր Վանեցյանի հետ, իսկ վերջինիս հրաժարականի հետ կապված գործկողմը որեւէ լիազորություն չունի, եւ ընդհանուր ժողովը պետք է նման որոշում կայացնի։ «Աշխատանքային հարաբերություններ են բացառապես: Մենք պարզապես անակնկալի ենք եկել ՀՖՖ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից», – նշել էր Մկրտչյանը։ Իհարկե, թեեւ վերջինս նշում է, թե նման արձագանքի պատճառն անակնկալի գալն է եղել, այնուամեայնիվ, լինելով նաեւ աշխատանքային հարաբերությունների մեջ Վանեցյանի հետ` կարող էին անձամբ նրա հետ զրուցել, կարգավորել հարցը եւ ոչ թե այսպես աղմուկ բարձրացնել եւ բացահայտ ցույց տալ, որ քաղաքական հրահանգ է իջեցվել, առավել եւս որ երեկ հենց Վանեցյանի նշանակած կադրը միաձայն ընդունվեց հենց աղմկարարների կողմից: Հավելենք, որ ՀՖՖ գործկոմի ոչ բոլոր անդամներն են մասնակցել նիստին. բացակայել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը Վանեցյանին քննադատող առաջամարտիկներից էր»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեզ համար ընդունելի՞ է, որ այսքան պրոֆեսիոնալ ուժայիններ միանգամից ազատվեցին աշխատանքից՝ Վանեցյան, Հայրապետով, Օսիպյան, Հովհաննես Քոչարյան, եւ կարեւոր կառույցներում տեւական ժամանակ է՝ ԺՊ-ներն են ղեկավարում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արման Բոշյանին։ «Այսքան» եզրույթը փոքր-ինչ հարաբերական է, մարդիկ նշանակվում ու ազատվում են պաշտոններից` որոշակի հանգամանքներից ելնելով, որոշակի պահանջներ չբավարարելիս, որոշակի խնդիրներ չլուծելու պարագայում։ Այդ պաշտոնները հայեցողական են, եւ, իհարկե, նշանակող պաշտոնյան խնդիրներ է դնում նրանց առաջ եւ սպասում դրանց լուծմանը»: Ի՞նչ պատճառներ կարող են լինել երկրում, որ այդպես «փաթեթով» ազատվեն նրանցից։ «Եկեք կոնկրետ անդրադառնամ պարոն Օսիպյանի աշխատանքին․ որքանով այն տեսանելի էր, մենք տեսնում էինք այն բացերը, որոնք կային ոստիկանությունում, եւ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ՝ ունեինք ակնկալիքներ ոստիկանությունից եւ մնացյալ ուժային կառույցներից՝ այդ բացերի վերացում»: Իսկ ինչո՞ւ մինչ հրաժարականները չէիք բարձրաձայնում «բացերի» մասին, եւ ինչո՞ւ այդ մարդիկ ոչ թե հեռացվեցին, այլ սեփական դիմումներով գնացին։ «Խմբակցության նիստերի ժամանակ մենք տարբեր քննարկումներ էինք ունենում, կուսակցական նիստերի ժամանակ որոշ հարցեր բարձրացվում էին. նման կառույցներն ունեն գործունեության իրենց տրամաբանությունը, եւ ամեն ինչ չէ, որ կարող է լինել բացարձակ հրապարակային»: ԱԱԾ տնօրենի «կանգ առ»-ն արդյոք լուրջ ահազանգ չէ՞ր թիմին, այդ թվում` Հրայր Թովմասյանի նկատմամբ հարձակումների առումով։ «Կարծում եմ, որ պարոն Վանեցյանը՝ ինքը, պետք է այդ եւ այլ հարցերի պատասխանները տա, մենք եւս սպասում ենք»,- ասաց Բոշյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել, թե ինչ օրակարգով է վարչապետը հանդիպելու Հռոմի պապի հետ: Կարապետյանը, չհեքելով հանդիպման մասին տեղեկությունը, ասաց. «Վարչապետի այցերի վերաբերյալ մենք ժամանակին հայտարարություն եւ հաղորդագրություն կտարածենք»: Ի դեպ, հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետը 2016-ին Հայաստան էր այցելել՝ Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ Կաթոլիկ եկեղեցու հրավերով եւ «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: Իսկ նոյեմբերի 11-13-ը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնելու է Ֆրանսիա»:


«Իրատես» թերթը գրում է. «Արտախորհրդարանական ուշագրավ զարգացումներ են ուրվագծվում։ Մինչ իշխանությունը փորձում է գլուխ հանել հանրային տրամադրությունները ցնցած այս կամ այն խնդրից, արտախորհրդարանական ուժերի շրջանում համախմբման ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Բանակցությունները, քննարկումները դարձել են գրեթե ամենօրյա։ Սրան գումարած, իշխանության ներսում ընդհատակյա ռումբ է ձեւավորվում, որը հարմար պահին պայթելու է։ Այս ամենի համար հող են նախապատրաստում նաեւ իշխանության իրար հաջորդող սխալներն ու հասարակության շրջանում հիասթափության մեծացումը։ Մեր աղբյուրի պնդմամբ` ամեն վայրկյան ներքաղաքական բեկում կարող է լինել, քանի որ «քնած», դադար վերցրած ուժերը պատրաստվում են նոր թափով խաղի մեջ մտնելու։ Ի դեպ, միայն արտաքուստ է թվում, թե արտախորհրդարանական համախմբում չկա, իրականում կա մի կորիզ, որը, անկախ տարակարծություններից, որոշել է ամեն ինչ մի կողմ դնել ու ազատվել Փաշինյանի իշխանությունից»:


«Իրատես» թերթը գրում է. «Մինչ Փաշինյանը զբաղված է ֆուտուրիստական ներկայացումների պաշտպանությամբ, նոր ներկայացում է բեմադրվում նրա թիկունքում, որին նա հազիվ թե կարողանա դիմակայել։ Որոշ աղբյուրների դիտարկմամբ` վերջին օրերին կտրուկ նվազել է Փաշինյանի վարկանիշը, ինչի մասին համապատասխան մարդիկ նրան տեղեկացրել են։ Ընդամենը մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանին իրականությունից կտրված լինելու մեջ մեղադրող Փաշինյանը, սակայն, այսօր չի ցանկանում ընդունել, որ իր նախկին վարկանիշը կտրուկ նվազում է, վիրտուալ հարթությունում եւս սկսում է տանուլ տալ։ Փաշինյանը գերադասում է իրավիճակը քննարկել միայն նեղ շրջանակում, որտեղ ոչ մեկը նրա «թանին թթու չի ասում»։ Ի դեպ, վերջին «լայվը» ոչ միայն մասնագետների եւ ուսանողների, այլեւ հանրության զգալի հատվածի շրջանում է բուռն քննադատությունների արժանացել։ Սա է պատճառը, որ առաջիկայում Փաշինյանը կամ նոր «ցնցող» թեմա կդնի շրջանառության մեջ կամ, ի վերջո, կձերբակալի Սերժ Սարգսյանին` կորցրած վարկանիշը վերադարձնելու հույսով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով օղիներ հայտնվեցին շուկայում՝ սիրելի օլիգարխ եւ հմուտ բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանի արտադրության։ Դրանք վաճառվում էին շատ լավ, բավականին տպավորիչ գներով՝ 4-5 հազար դրամով։ Մարդկանց համար պատիվ էր իրենց սեղանին դնել վարչապետի նկարով օղի։ Վարչապետի ռեյտինգի անկմանը զուգահեռ, պարզվում է, այս օղիների իրացումը բարդացել է, եւ դրանց «հեղափոխական» գները կտրուկ իջել են։ Հիմա դրանք վաճառում են ակցիայի տակ՝ 66 տոկոս զեղչով։ Այսպես․ «Վարչապետ» գրությամբ ու Փաշինյանի նկարով մի տեսակի օղին, որն արժեր 3․670 դրամ, այժմ վաճառվում է 1230-ով։ Մյուսը՝ ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ, 4․590-ից դարձել է 1690 դրամ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մինչեւ այս ամսվա վերջ կավարտվի ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը, եւ գործը բոլոր անհրաժեշտ ապացույցներով կուղարկվի դատարան: Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնական կեղծիք կատարելու միջոցով իշխանության յուրացմանը օժանդակելու մեջ: Խոսքը ՍԴ նախագահի պաշտոնը Հրայր Թովմասյանի կողմից յուրացնելու մասին է, որին նա հասել է հանցավոր սխեմաներ կիրառելու միջոցով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Աբխազիայի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այնտեղ ակտիվորեն քննարկվում է հայ քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի՝ Ռոբսոնի մասնակցության հարցը Աբխազիայի նախագահական ընտրություններին: Խնդիրն այն է, որ Աբխազիայում բնակվող հայերի ճնշող մեծամասնությունը իր ձայնը տվել է ընդդիմության թեկնածու Ալխաս Կվիցինիային, իսկ Սոչիում բնակվող մոտ 5 հազար հայեր քվեարկել են գործող նախագահ Ռաուլ Խաջինբայի օգտին: ՌԴ-ում ապրող հայերը Աբխազիայի ընտրություններին մասնակցելու հնարավորություն չպետք է ունենային, բայց ունեցել են: Ժամանակին Ռոբսոնը դիմել էր ՌԴ իշխանություններին, որ լուծեն Սոչիում ապրող 5 հազար հայերի քաղաքացիության հարցը, բայց մերժում էր ստացել: Ռոբսոնին ընդառաջել էր Աբխազիայի նախագահ Խաջինբան՝ սոչիաբնակ հայերին կտա Աբխազիայի քաղաքացիություն մի պայմանով, որ նրանք մասնակցեն Աբխազիայի նախագահական ընտրություններին և քվեարկեն իր օգտին: Իսկ Աբխազիայի քաղաքացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալը մի բաժակ ջուր խմելու նման մի բան է. նրանց գրանցում և անձնագիր են տալիս Սոչիի անձնագրային բաժնում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս Մայիլյանը բավականին լուրջ արտերկրյա վոյաժների մեջ է` ԱՄՆ-ից հետո կմեկնի Ռուսաստան, ընդ որում, այդ այցերը թե՛ ինքը, թե՛ իր վրա աշխատող թիմը շատ լավ փիառ է անում։ Ամերիկյան այցը կազմակերպել էին դրսի դաշնակցականները, որպեսզի այն նաեւ համընկնի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձեւի հետ, ինչն էլ շատ լավ փիառվեց` սենատորների նկարների ֆոնին։ Այս հողի վրա բավականին սրվել են Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի հարաբերությունները՝ ժոստկի պայքար է գնում նրանց միջեւ, թե ով է Նիկոլի պրոտեժեն, բայց Մասիսը հազիվ 10 տոկոս ձայն ունի, նրան պաշտպանելը հեռանկարային չէ, սա հասկանում են Երեւանում»,- ասաց արցախյան մեր աղբյուրը: Արդեն նաեւ կոմպրոմատներ են միմյանց դեմ օգտագործում՝ Արայիկ Հարությունյանին, օրինակ, փորձում են կապել նախկին իշխանությունների հետ, թեեւ «Արայիկը հներից զգուշանում է, իրեն հեռու է պահում Սերժ Սարգսյանից, ինտերվյուներում գովում է Նիկոլին, ասում է՝ շատ լավ առաջնորդ է, տնտեսությունը զարգացնում է»։ Մասիսի թիմի հույսը Նիկոլի կասկածամտության վրա է, որ Արայիկին, մեկ է՝ յուրային չի համարելու: Ովքե՞ր են աշխատում Մայիլյանի համար։ «Իր նախկին խորհրդական Հրաչ Արզումանյանը, Ստեփանակերտի մամուլի ակումբից` Գեղամը Բաղդասարյան, նոր կուսակցությունը` «Վաղվա Արցախը»։ Հիմնական արգումենտն այն է, որ Մասիսը նոր դեմք է, նախկինների հետ կապ չունեցող, իրական ռեֆորմատոր է, ի տարբերություն Արայիկի»: Մասիսն ԱԳ նախարար չէ՞ «նախկին» Բակո Սահակյանի կաբինետում։ «Այո, խիստ առանցքային պաշտոնյա է»:


«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ համարներից մեկում գրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որը մոտ մեկ տարի չի աշխատում, աշխատակիցների մի մասին հարկադիր պարապուրդի է մատնել, մյուս մասին էլ ազատել աշխատանքից, անցել է ռուսական կողմին՝ «ՎՏԲ» բանկին: «Իրատեսի» տեղեկություններով՝ ՎՏԲ բանկը գործարանը նվիրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կառավարումը ստանձնած գործարար Նորիկ Պետրոսյանի փեսային: «Գործարքի գնի մասին տեղեկություն չունենք, բայց, ըստ շրջանառվող խոսակցությունների, ՎՏԲ-ն գործարանի ակցիաների արժեքը գնահատել է զրո դրամ: Ստացվում է՝ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՎՏԲ-ն Ալավերդու պղնձագործարանը պատրաստ է նվիրելու կառավարությանը, իրականություն է դարձել: Ուղղակի անհասկանալի է, թե ինչու է կառավարության փոխարեն ՎՏԲ-ն ընտրել «Թեղուտում» բաժնեմասեր ունեցող Պետրոսյանի փեսային»,- նշեց մեր զրուցակիցը: Նա ասաց նաեւ, որ պղնձաձուլարանի վաճառքի կամ նվիրատվության գործարքի հապճեպությունը կարող է կապված լինել Լոնդոնում ընթացող դատական գործընթացի հետ, որտեղ «Վալլեքսը» հաջողություններ է գրանցում. «Հնարավոր է այնպիսի դատավճիռ լինի, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ բանկին անցնելու որոշումը հարցականի տակ հայտնվի: Հենց այդ պատճառով էլ բանկը շտապում է իրենով անել «Վալլեքսի» տարիներ առաջվա գրավադրումները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Գորիսի քաղաքապետի շուրջ նոր աղմուկ է հասունանում: 2019 թվականի հունիսի 6-ին ոստիկանությունը համայնքային գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք էր բացահայտել: Խնձորեսկի մի բնակիչ դիմել է համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն խանութի եւ բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները վերականգնելու խնդրանքով՝ հայտնելով, թե շենքերն, իբր, ինքն է կառուցել, բայց դրանց փաստաթղթերը չի պահպանել: Նախաքննությունը պարզել է, որ խնձորեսկցու դիմումը բավարարել են առանց համապատասխան փաստաթղթերի: Կադաստրի Սյունիքի մարզային բաժնում նա ստացել է սեփականության իրավունքի վկայականներ ու խաբեությամբ հափշտակել 4,250,000 դրամ արժողությամբ խանութի եւ բաղնիքի շենքերը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս քրգործով է անցնում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Հենց նա է խնձորեսկցու դիմումը ստորագրել, եւ հիմա իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության, եզրակացությունից հետո պարզ կդառնա կարգավիճակը՝ մեղադրյալ է, թե ոչ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունից մեր հարցմանը ի պատասխան հայտնել են, որ 2008 թվականի փետրվարի 19-ին հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ զոհված 10 անձանց իրավահաջորդներին տրվել է փոխատուցում 30-ական մլն դրամ: Եվս 6 անձ ճանաչվել է ծանր մարմնական վնասվածք ստացած, որոնց, ըստ օրենքի, վճարվել է 15-ական մլն դրամ, իսկ 25 անձ ճանաչվել է միջին ծանրության վնաս ստացած, որոնց վճարվել է 5-ական մլն դրամ: 15 դիմում մերժվել է, իսկ 7 դիմում քննարկման փուլում է: Հիշեցնենք, որ կառավարությունը այս նպատակով հատկացրել էր 720 մլն դրամ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ ընդդիմությունը չի կարողանում Հաշվեքննիչ պալատի թեկնածու ներկայացնել։ Դեռեւս հոկտեմբերի 8-ին Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում մերժվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածուն՝ Կարեն Սարգսյանը, դրանից հետո ԼՀԿ-ականներին չի հաջողվում նոր թեկնածու ներկայացնել։ Մարդիկ չեն համաձայնում, ասելով՝ «աշխատավարձը ցածր է»։ Բացի այդ՝ մտավախություն ունեն, որ ՔՊ-ական մեծամասնություն ունեցող հանձնաժողովում կրկին կմերժեն իրենց թեկնածուին։ Ի դեպ, արդեն լրացել է երկշաբաթյա ժամկետը, երբ խմբակցությունը պետք է նոր թեկնածու ներկայացներ։ ԲՀԿ-ն ի սկզբանե մերժել է՝ ասելով, որ թեկնածու չի առաջադրելու։ Ամենայն հավանականությամբ, թափուր պաշտոնը կլրացնի իշխանական ֆրակցիան»: