24.11.2024
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ՝ դատարանը գրավ չկիրառեց
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու ՌԴ-ն դաշնակիցներ են և հաջողությամբ համագործակցում են տարբեր հարթակներում

Գյումրի քաղաքի «Սեւ բերդ» ամրոցում նոյեմբերի 6-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը:


Երկու երկրների միջեւ միջպետական հարաբերություններն այսօր բարձր քաղաքական մակարդակի վրա են՝ շարունակելով ամրապնդվել բոլոր ոլորտներում, նշել է հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:


Ըստ նրա՝ ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է առեւտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային եւ հումանիտար համագործակցության համար՝ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակում: Որպես երկկողմ համագործակցության կարեւոր բաղադրիչ նա արժեւորել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն ընդգծել է համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների համատեղ հանդիպումներն ու տարբեր մակարդակներում այցերը:


«Հանձնաժողովն արդեն ապացուցել է իր կենսունակությունն ու կարեւորությունը՝ որպես արդյունավետ հարթակ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի բաց եւ արդյունավետ քննարկումների համար»,-ասել է ԱԺ փոխնախագահը:


Նա նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմավարական դաշնակիցներ եւ հաջողությամբ համագործակցում են ոչ միայն ԱՊՀ միջխորհրդարանական եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, այլ նաեւ խորհրդարանական տարբեր ձեւաչափերում: Անդրադառնալով նիստում քննարկվող՝ ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման հարցին, ԱԺ փոխնախագահը նշել է, որ հանձնաժողովի նիստերը թույլ են տալիս վերլուծել խնդիրները եւ գնահատել հետագա աշխատանքի հեռանկարները՝ միաժամանակ բացահայտելով խորհրդարանական մակարդակով համաձայնեցված որոշումներ կայացնելու հնարավորությունները: Նա համոզմունք է հայտնել, որ քննարկումները նոր խթան կհաղորդեն հետագա երկխոսությանը:


Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը կարեւորել է ԵԱՏՄ շրջանակում հանձնաժողովի հաջող աշխատանքը, ընդգծելով կառույցի ամրապնդման մեջ Հայաստանի զգալի ավանդը: Նա նշել է, որ Հայաստանը 2019 թվականին հաջողությամբ նախագահել է ԵԱՏՄ մարմիններում եւ իր էական ավանդը ներդրել այդ միությունում: Յուրի Վորոբյովի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո լավ արդյունքներ են ձեռք բերվել: Մասնավորապես՝ 2018 թվականին ԵԱՏՄ ՀՆԱ-ն ավելացել է 2,5 տոկոսով, այդ թվում Հայաստանում? 5,2, երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է 18,8 տոկոսով, իսկ անդամ պետությունների փոխադարձ առեւտրի ծավալը՝ 9,2 տոկոսով՝ հասնելով 60 մլրդ ԱՄՆ դոլարի:


Գյումրիում հրավիրված նիստի օրակարգում ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանն ու մոտարկմանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ մշակութայի եւ մարդասիրական համագործակցությանը վերաբերող հարցերն էին:


Քննարկման ընթացքում հայ խորհրդարանականները կարեւորել են մասնավորապես՝ Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան թողունակության եւ հատկապես՝ բեռնատար ավտոտրանսպորտի թողունակության բարձրացման խնդիրը:


Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները մինչեւ տարեվերջ առաջարկություններ կներկայացնեն հաջորդ նիստի օրակարգի ձեւավորման վերաբերյալ:


Նիստի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են Գյումրի քաղաքի թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ գործում են նաեւ ռուսական դասարաններ: Ռուս պատգամավորները դպրոցի գրադարանին նվիրել են դասագրքեր, ապա ներկա գտնվել հայ-ռուսական բարեկամությանը նվիրված միջոցառմանը: