24.11.2024
Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ դեսպանը՝ վերջինիս նախաձեռնությամբ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանի վարկանիշը բարձրացել է, այդ թվում Արցախում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Գելափ ինթերնեշնլ» ընկերության անցկացրած հարցումներով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 67 տոկոս է, որը մի փոքր ավելի բարձր է նախորդ հարցման արդյունքներից: Ի դեպ, վարչապետ Փաշինյանի վարկանիշն զգալիորեն բարձրացել է նաեւ Արցախում: Ըստ հարցման մեր աղբյուրների՝ դա կապված է Փաշինյանի վերջերս արած այն հայտարարության հետ, որ արցախյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների դիրքորոշումները նույնական են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի մասին փակ քննարկումից հետո հարցը շոշափվել է նաեւ նախօրեին տեղի ունեցած ՔՊ նիստում, որին մասնակցել է նաեւ վարչապետը։ Պատգամավորների մի մասը կոնվենցիայի տակ «ոչ անկեղծ», «քողարկված» նպատակներ է տեսել, Փաշինյանն առաջարկել է ծավալուն քննարկում կազմակերպել այն ժամանակ, երբ բոլորը կարդան կոնվենցիան։ Իշխող ուժի մեր աղբյուրները պնդում են, որ սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանության հարցն այս դեպքում չարյաց փոքրագույնն է։ Բանն այն է, որ կոնվենցիայում սեւով սպիտակի վրա գրված է, որ այն վավերացնելու դեպքում Հայաստանը պարտավոր է ապաստան տալ բոլոր նրանց, որոնք որպես բռնության «զոհ» կներկայանան եւ կդիմեն մեր պետությանը, դիցուք՝ Իրանից, Ադրբեջանից, այլ երկրներից, որտեղ փոքրամասնությունները հալածվում են։ «Իսկ դա ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգ է»,- ասաց մեր աղբյուրը»:


«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի է ունեցել ՔՊԿ վարչության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ նիստից: Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի հիմնական թիրախները մի քանիսն են եղել, մասնավորաբար՝ ՍԴ շուրջ ընթացող եւ ներկայումս որոշակի փակուղի մտած «բոլոլան», որի լուծումը Փաշինյանն այդպես էլ չի կարողանում գտնել: Վարչապետն ասել է, որ Լոնդոնից Հայաստան են հրավիրել բավականին լուրջ կշիռ ունեցող մի իրավաբանական փորձագիտական խումբ (ի դեպ, ըստ տարբեր տեղեկությունների, նախատեսվում է բավական լուրջ գումար վճարել, խոսքը մոտ 400 հազար դոլարի մասին է), որպեսզի ստեղծված իրավիճակին իրավական ճիշտ հանգուցալուծում տրվի։ Մյուս թեման կապված է եղել Ստամբուլյան կոնվենցիայի հետ, որը, Փաշինյանի խոսքով, «առաջիկայում ավելի լուրջ ու հիմնավոր պետք է հրամցնել հանրությանը»։


Թերթի աղբյուրը փոխանցել է, որ վարչապետն այս առիթով ընդգծել է, որ եթե այս հարցի հետ կապված թիմում առկա են տարակարծություններ, եւ կան իշխանության «գծից» տարբերվող տեսակետներ ունեցող անձինք, ապա կարող են բարձրաձայնել, սակայն ոչ մի հոդաբաշխ արձագանք չի հնչել: Սակայն թերթի աղբյուրը պնդում է, որ իշխանության շարքերում կան կոնվենցիայի վավերացմանը սկզբունքորեն դեմ մարդիկ, ու չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր հրաժարականներ կառավարությունում, եւ մանդատների վայր դնելու գործընթաց՝ ԱԺ-ում։ Հաջորդ կարեւոր թեման կապված է եղել ԿԳՄՍ նախարարության շուրջ բարձրացած աղմուկի հետ. Փաշինյանն ասել է, թե «սովորական մի ակցիան սարքեցիք շիլափլավ, չեք կարում ոչ մի ինքնուրույն գործ անել»։ Թերթի տեղեկություններով, Փաշինյանը չի պատրաստվում Արայիկ Հարությունյանին ազատել իր զբաղեցրած պաշտոնից։ Ընդհանուր դժգոհություններ են հնչել նաեւ պատգամավորների պասիվ գործողություններից՝ կապված օրենսդրական նախաձեռնություններում գրեթե անգործության մթնոլորտի, խորհրդարանական քառօրյաներից «թռնելու» հետ: Քննադատության թիրախում են հայտնվել մարզպետները, որոնք, ըստ Փաշինյանի, «հասկանալի չէ, թե ինչով են զբաղված»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսել է «ապահոգեւորականացման մթնոլորտի» մասին՝ որպես միտում․ մենք` աշխարհականներս, չհասկացանք, թե նա ինչ նկատի ուներ՝ հարցրինք հոգեւոր խորհրդի անդամ Բագրատ սրբազանին։ «Նկատի ուներ ընդհանուր արժեքների նկատմամբ հոգեւոր անկումը»: Այդ դեպքում պետք է օգտագործվեր ոչ թե «ապահոգեւորականացում», այլ` «ապահոգեւորացում» եզրույթը։ «Դե հասկանալի է` ինչի մասին է խոսքը. չեմ կարծում նա այլ բան նկատի ուներ»: Առաջին դեպքում այն անձամբ ձեզ` հոգեւորականներիդ է վերաբերում, երկրորդ դեպքում` ոլորտին։ «Չէ, չէ, հոգեւորականության մասին չէր խոսքը, այսօրվա հոգեւոր ընթացքի մասին էր, ես այդպես եմ հասկացել»: Դուք բարձրացրի՞ք Հայ առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելու հարցը։ «Թե՛ վարչապետի, թե՛ ԱԺ նախագահի հետ բաց, ազնիվ խոսակցություն է եղել այդ մասին»։ Ե՞վ։ «Առկա էր գործակցության եւ համագործակցության տրամաբանությունը. հանելու-չհանելու խնդիր չի դրված, փորձում են հարցը լուծել ավելի համալիր»: Իսկ խոսք գնա՞ց սեռափոխ սպորտսմենի մասին ֆիլմին 20 մլն տրամադրելու մասին։ «Խնդիրը բարձրացվեց, բացատրություն տրվեց»: Ի՞նչ բացատրություն։ «Ասվեց, որ այդ ֆիլմը Հայաստանի հետ կապ չունի. գումարի փոքրիկ մասն է տրամադրել մշակույթի նախարարությունը, մնացյալը` ֆիլմը ստեղծելու ցանկությունը ճապոնական կառավարությանն է»:


«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդարանում իր ճեպազրույցի ժամանակ պատասխանեց հանրությանը հուզող ու հետաքրքրող մի շարք առանցքային հարցերի։ Նախարարն իր խոսքում անդրադարձավ նաեւ ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովին, որն ուսումնասիրում է ապրիլ յան պատերազմի մանրամասները։ Տոնոյանն իր խոսքում ասել է, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին: Փաստացի նախարարն ընդգծել է, որ հանձնաժողովը պաշտպանության ոլորտի հետ կապված առանձնապես սենսացիոն որեւէ բացահայտում չի անի։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հայտարարությունը Տոնոյանը հենց այնպես չի արել, քանի որ տեղեկատվական դաշտում գործող որոշ շրջանակներ պարբերաբար անհասկանալի ու արհեստական ինտրիգներ էին ստեղծում՝ փորձելով ապրիլյանի շուրջ ստեղծել հերթական միֆերը։ Տոնոյանի հայտարարությունը, թերթի տեղեկություններով, բավականին ցավագին են ընդունել հատկապես «սորոսական» եւ «լեւոնական» թեւի որոշակի շրջանակներ, քանի որ նախարարի ասածից պարզ է դառնում, որ տվյալ հանձնաժողովը ստեղծվել է արհեստականորեն, եւ առանցքային ու ֆունդամենտալ ոչ մի բացահայտում հանրությանը չի սպասվում։ Թերթի աղբյուրը նաեւ փոխանցել է, որ իշխանության ներսում կա մի շրջանակ, որը ձգտում է վարչապետ Փաշինյանին ապատեղեկացնել անվտանգության հարցերում եւ բանակի վերաբերյալ պարբերաբար «սլիվներ» են ներկայացնում՝ իբրեւ զինվորականության շրջանում առկա է դժգոհություն եւ այլն: Նախարար Տոնոյանն իր խոսքում ակնարկել է, որ կան «խոհանոցային» շրջանակներ, որոնք փորձում են ստեղծել այդպիսի դժգոհության տպավորություն, ինչը իրականության հետ որեւէ աղերս չունի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գործունեությունը ամբողջովին ֆինանսավորվում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից: Վերջինս է հանձն առել ամբողջովին ֆինանսավորել նաև Բալասանյանի նախընտրական քարոզարշավը: Բալասանյանն այլընտրանք չի էլ ունեցել, քանի որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է նրա ընտրարշավը ֆինանսավորելու առաջարկից: Հիմա Բալասանյանը ստիպված է փոխհատուցել իրեն տրված գումարը, այդ թվում՝ Քոչարյանի օգտին ստորագրահավաք կազմակերպելով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երկարամյա ֆեոդալ, Վանաձորի նախկին քաղաքապետ, արդեն իսկ մի քանի քրեական գործերով անցնող Սամվել Դարբինյանի օբյեկտները թեեւ իրավապահներին խոշորացույցի տակ են, վերջինս շարունակում է նույն ինքնավստահությամբ գործել: Նրա ինքնավստահությունը թերեւս ունի հիմքեր: Նրա որդին ոչ ավելի, ոչ պակաս Վարչական դատարանի նախագահն է եւ օրերս վարույթ է ընդունել հարազատ հոր ապօրինությունների վերաբերյալ ՏԿ նախարարության հայցը: Առաջիկայում կանդրադառնանք մի զարհուրելի պատմության, թե ինչպես Դարբինյանը սնանկացրեց, ապա հոգեբուժարանի ուղարկեց ծաղկող ֆիրմայի երիտասարդ ղեկավարին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`օրերս մայրաքաղաքի «Տոսպիա» ռեստորանում հավաքվել են ՀՀ բոլոր դատարանների նախագահները: Խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի ջրերը մի առվով չեն հոսում: Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, փորձում է ապացուցել, որ ԲԴԽ-ն չի կարող իրենց ասել`ինչը ինչպես անել: Եւ, ահա, ռեստորանում դատավորների հավաքի սեղանին մեկ հարց է եղել` քննարկել Դատարանների նախագահների երբեմնի խորհրդի վերականգնման հնարավորությունը եւ ԲԴԽ-ին հակակշիռ ստեղծել: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է` հավաքվել են, ինքն էլ է ներկա եղել ռեստորանային այդ հավաքին, ողջունել է նույնիսկ Խունդկարյանի նախաձեռնությունը: Բայց ասել է` ԲԴԽ-ն ու Վճռաբեկը հակամարտող կողմեր չեն: «Ինքս եմ հորդորել, որ այն հարցերը, որ հուզում են դատարանների նախագահներին,ընդհանրացնեն, որպեսզի միասնական կարծիք ձեւավորվի, այդ դեպքում ԲԴԽ-ն հաշվի կառնի, որ սա ձեւավորված, քննարկված կարծիք է, այլ ոչ թե մեկ դատավորի»,-ամփոփել է Ռ. Վարդազարյանը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Սեւազգեստ մայրեր-կառավարություն սագան շարունակվում է նոր թափով. օրերս կրկին հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում․ «Զինվոր» ՀԿ կառույցները համակարգող Մարգարիտա Խաչատրյանի (Մառոզ) եւ «Ինձ բացակա չդնեք» ՀԿ ղեկավար Սաթիկ Խլղաթյանի հետ հանդիպել է վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը։ Ներկա է եղել նաեւ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Զրույցը կրկին «կառուցողական հուն չի մտել»՝ կանայք պնդել են իրենց պահանջը` 30 միլիոն դրամի միանվագ փոխհատուցում տալ զոհվածների եւ սահմանին հաշմանդամ դարձածների հարազատներին՝ որպես հավասարության նշան Մարտի 1-ի զոհերի հետ: Իրենց ասել են` դուք շատ եք (մոտ 600 ընտանիք), առաջարկ է եղել փուլային տարբերակով լուծել հարցը`1000 դրամների հիմնադրամից: Մարգարիտա Խաչատրյանն ասել է` «նման «հաշվապահություն» չի կարող լինել, այդ դեպքում հարցը վերջնական կլուծվի 10-11 տարի հետո, այլընտրանքային մոտեցում որդեգրեք՝ այս տարվա բյուջեի մուտքերը թույլ են տալիս դա: Սուրեն Ղամբարյանը, որպես այլընտրանք, առաջարկել է սկզբի համար ֆիքսել ակտիվ բողոքավորներին, վճարել, մնացյալին գրաֆիկով վճարել, կանայք չեն համաձայնել: Ղամբարյանը խնդրել է 10-15 օր ժամանակ, ծնողները չեն համաձայնել եւ պատրաստվում են բողոքի ակցիաների` կառավարության առաջիկա նիստի ժամանակ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Միջազգային հանրությունն արդեն ձեռագիր է դարձրել Բաքվի յուրաքանչյուր սադրանքից հետո անհասցե հայտարարություն անելը, ընդհանրապես չարձագանքելը կամ էլ արձագանքի նմանվող հերթապահ ձեւակերպումները: Հիշեցնենք, որ հայկական սահմանների, Տավուշի բնակչության նկատմամբ ադրբեջանական հերթական ոտնձգությունը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից անմիջապես հետո եղավ: Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը եւ վաղ առավոտյան գնդակոծեց Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերն ու դիրքերը: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն ասել էր, թե չի բացառում, որ ադրբեջանական կողմի այս սադրանքը կապված է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձեւի հետ:


Ինչպե՞ս է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ԱՄՆ-ն Ադրբեջանի այս սադրիչ կեցվածքը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Լին Թրեյսին պատասխանել է. «Միացյալ Նահանգները`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդարացի ու խաղաղ լուծման հարցում կողմերին օգնելու իր ամուր հանձնառությանը: Դեսպանությունը լիովին համամիտ է Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որոնք կողմերին կոչ են անում խստիվ պահպանել հրադադարը եւ զերծ մնալ սադրիչ գործողություններից: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Զսպվածության հանդես բերումը խիստ էական է պահպանելու այն միջավայրը, որը նպաստավոր է խաղաղության եւ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»: Իսկի՞նչ է այս մասին մտածում ՀԱՊԿ-ն, որը համարվում է կայունության եւ անվտանգության երաշխավորը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրի՝ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը երեկ հայակական լրատվամիջոցներին ասել է, թե Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին իր տարածքի գնդակոծության առնչությամբ: Նա ընդգծել է` Ռուսաստանը Հայաստանին համարում է իր դաշնակիցը, եւ իրական սպառնալիքի դեպքում Մոսկվան պատրաստ է գործադրել ՀԱՊԿ մեխանիզմը նրա պաշտպանության նպատակով:«Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որն այստեղ գեղեցկության համար չի տեղակայված»,- ամփոփել է Զատուլինը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է կոնկրետ գործողություններ սկսել ԿԳԱՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ: Նախօրեին էլ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչությունը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր Հարությունյանի հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթի ՀՅԴ-ական աղբյուրները փոխանցում են, որ նախարարին տհաճ անակնկալ են պատրաստել. նոյեմբերի 7-ին՝ կառավարության նիստի ժամանակ, այդ հրաժարականի պահանջով շենքի առջեւ բողոքի ակցիա են իրականացնելու: ՀՅԴ-ն, ըստ «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, հատկապես վրդովվել է Արայիկ Հարությունյանի հետեւյալ հայտարարությունից. «Ով-ով խոսի կրթությունից եւ այս ոլորտից, «Դաշնակցությունը» եւ դաշնակներն իրավունք չունեն դրան անդրադառնալու... այս հայտարարությունից հետո ցույց եմ տալու, թե նրանք ինչ ավերածություններ են բերել կրթությանը»: ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ հրաժարականի պահանջի գործողություններ են մշակել, բայց չի մանրամասնել: «Առաջիկայում կլինեն, կտեղեկանաք»-ասել է նա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անելու՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ։ ԵՊՀ-ում չբացառեցին, որ դասադուլին գործադուլով կմիանան նաեւ դասախոսները, որոնցից մի քանիսն ակցիայի կազմակերպիչների շարքում են։ Հիշեցնենք, որ կրթության նախարարությունը որոշել է, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու: Սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի: Օրինագծի նախնական քննարկումները բուհերում մեծ դիմադրություն են առաջացրել, իսկ երբ սկսվեն հանրային բաց քննարկումները, հայտնի չէ, թե ինչ կկատարվի։ Հատկապես մեծ դժգոհություն է կուտակվել ոչ մասնագիտական բուհերի հայոց լեզվի եւ պատմության ամբիոններում, որոնք, ըստ ամենայնի, կփակվեն, եւ մարդիկ գործազուրկ կդառնան։ Նրանց հատկապես զայրացրել է նախարարի հայտարարությունը, թե ընդամենը մի 300 մարդու մասին է խոսքը»: