24.11.2024
Աղմկահարույց ծեծը մեկի հրաժարականի, մյուսի նշանակման պատճառ. Վայոց ձորը նոր մարզպետ ունի
prev Նախորդ նորություն

Որոշ «կերակրվող»-ներ փորձում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում. դեսպանատուն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ամփոփելով  ոչ միայն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան, այլև անդրադառնալով որոշ ԶԼՄ-ների կողմից հայ-ռուսական հարաբերություններում հետևողականորեն սեպ խրելու  գործընթացին:


Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. 


«Ներկայում ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները, չնայած մի շարք խնդրահարույց հարցերի, շարունակում են հետևողականորեն զարգանալ: Դրա վկայություններից մեկն էլ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի՝ հոկտեմբերի 29-ին Հայաստան կատարած այցի արդյունքներն են:


Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցություններում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:


Հայկական կողմը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին նորագույն սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում արտոնյալ պայմաններ և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության իրականացման գործում տրամադրած աջակցության համար:


Այցի շրջանակում քննարկվել են նաև արդիական հարցեր՝ կապված Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության հետ: Այս զորամիավորումը ստեղծվել է ՀՀ տարածքում ՌԴ ԶՈՒ գտնվելու իրավական կարգավիճակի մասին պայմանագրի (կնքված 1992 թվականի օգոստոսի 21-ին) և Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրի (կնքված 1995 թվականի մարտի 16-ին) հիման վրա: Հիշատակված համաձայնագրերի հիման վրա երկու կողմերի ղեկավարություններն էլ ընդունում են համաձայնեցված ռազմաքաղաքական գործողությունների անհրաժեշտությունը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման, ինչպես նաև զինված ագրեսիային ադեկվատ և այլ մարտահրավերների արձագանքելու համար:


Հարկ է նշել, որ Հայաստանի տարածքում 102-րդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտությունը միշտ ընդգծվում է հենց Հայաստանի իշխանությունների, այդ թվում՝ գործող կառավարության կողմից: Կայացած բանակցությունների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ընդգծել է, որ ռուսական զորակազմի և սահմանապահների տեղակայումը ՀՀ-ի տարածքում դիտարկում է որպես զսպող գործոն Անդրկովկասում և հայ-ռուսական բազմադարյա բարեկամության խորհրդանիշ:


Զարմանալի չէ, որ 102-րդ ռազմաբազան, իր բուն պարտականությունները կատարելուց զատ, ակտիվ մասնակցություն ունի հանրապետության հասարակական կյանքում: Ռուս զինծառայողներն օգնում են զարգացնել տեղական ենթակառուցվածքը, իրենց ազդեցությունն են ունենում երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, անցկացնում են տոնական հասարակական նշանակալի միջոցառումներ:


Միևնույն ժամանակ հնարավոր չէ չնշել, որ չնայած ՀՀ ղեկավարության հստակ դիրքորոշմանը, մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, օգտագործելով իրենց «կերակրվող» ԶԼՄ-ներին, փորձում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող են ունենալ իրենց առաջ բերած մոտեցումները ռուս-հայկական սերտ հարաբերությունների վրա:


Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները չեն քննարկում ռուսներն ու հայերը, այլ քննարկում են Արևմուտքի կողմից հովանավորվող ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները: Ի՞նչ նպատակ են հետապնդում բազմաթիվ «անկախ» հետազոտությունների հեղինակները, որոնք նշում են ռուսական զորակազմի՝ ՀՀ-ում տեղակայված լինելու կործանարար հետևանքների մասին և, վերջին հաշվով, ո՞ւմ է ձեռնտու երկու պետությունների պատմական կապերի քայքայումը: Միանշանակ մի բան կարելի է ասել՝ դրանում շահագրգռված չեն գլխավոր մասնակիցները՝ Հայաստաննն ու Ռուսաստանը»,- ասված է հայտարարության մեջ: