Ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից։ Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ , եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն: Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սարգսյանը ենթատեքստով քննադատության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին՝ նրան անվանելով պոպուլիստ, ում քաղաքականությունը կործանարար է Հայաստանի համար: Սարգսյանի մեսիջն ուղղված է հասարակության լայն հատվածներին, որոնք մեծ սպասումներ ունեին թավշյա հեղափոխությունից, բայց դրանք այդպես էլ չարդարացան պոպուլիստական կառավարման արդյունքում: Կարծես Սարգսյանը որոշակի առումով նաև թրոլինգ է անում Փաշինյանին և նրա թիմին, որ նրանք այդպես էլ չկարողացան գոհացնել այն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր փողոց էին դուրս եկել:
Սարգսյանը նաև շեշտում է մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի հանգամանքերն ու նշում, որ ինքը վախենալու ոչինչ չունի այդ թեմաների հետ կապված, ինչը նշանակում է, որ այդ երկու իրադարձություններում Սարգսյանին սպառնացող կոմպրոմատ Փաշինյանն այս պահին չունի, իսկ եթե Սարգսյանը ձերբակալվի՝ դա կնշանակի այսօրվա իշխանությունները, ցանկանալով գոհացնել հասարակական պահանջը, գնացին այդ քայլին:
Բացի այդ, իր խոսքում Սարգսյանն անդրադառնում է ԼՂ բանակցություններին, որոնք պետք է վերադառնան ճիշտ ուղի. այստեղ կրկին անգամ քննադատվում է Փաշինյանն, ում օրոք, ըստ Սարգսյանի, բանակցությունները սխալ հունով են ընթանում: Այդ կերպ Սարգսյանը նախանշում է այն ուղղություններն ու թույլ կետերը, որոնց ուղղվելու է հակափաշինյանական ճամբարի քննադատության սլաքները: Թույլ կետերից մեկը ղարաբաղյան բանակցային գործընթացն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, բարդ ժառանգություն է ստացել նույն Սերժ Սարգսյանից, որի օրոք բանակցվում էին մադրիդյան տխրահռչակ սկզբունքները: Մադրիդյան սկզբունքներն ական են Փաշինյանի քաղաքական ապագայի համար:
«Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքը Հայաստան այնքան մեծանա, որ մենք դրանով ուղղակի կհպարտանանք, թող ձերբակալեն»,- նշել է Սարգսյանը։
Սարգսյանի քննադատության հաջորդ սլաքն ուղղված է Փաշինյանի տնտեսական քաղաքականությանը: Սարգսյանը կրկին անգամ թրոլինգ է անում այսօրվա իշխանություններին, ովքեր հասարակությանը խոստանում էին տնտեսական հեղափոխություն, որն այդպես էլ չկա, ու հազարավոր հայրենադարձներ, բայց առկա է հակառակ գործընթաց՝ Փաշինյանի օրոք էլ արտագաղթը Հայաստանից շարունակվում է:
Սերժ Սարգսյանը, ունենալով քաղաքական մեծ փորձ ու ներքաղաքական պայքարի մեջ լինելով շախմատիստ, հարվածում է այն կետերին, որտեղ թույլ է Փաշինյանն ու նրա խոստումները չեն իրականանում:
Սոցիալ-տնտեսական թռիչքային զարգացում ու տնտեսական աննախադեպ աճ չկա, առկա չէ ներգաղթ, այլ առկա է հակառակ գործընթացը՝ հիասթափության ֆոնին մարդիկ շարունակում են լքել Հայաստանը: Սարգսյանի խոսքում հատուկ շեշտադրվում է ղարաբաղյան հարցը, որն ական է ցանկացած ղեկավարի համար՝ ղարաբաղյան հարցը պատճառ դարձավ, որ իշխանությունից զրկվի Լևոն Տեր-Պետրոսյանը: