ԵԱՏՄ-ում Հայաստանի թիվ մեկ նպատակը կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելն է: Եվ ես ուրախ եմ, որ 2019-ին ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը շատ արդյունավետ էր: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անձամբ ես և իմ կառավարությունը կարողացանք կոնկրետ ներդրում ունենալ, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը ավելի շատ գործընկերներ ունենա ամբողջ աշխարհում: Եվ մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ», - ասել է նա:
Նույնը, նշել է նա, վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին. «Ո՞րն է այստեղ նպատակը՝ անել ամեն ինչ, որպեսզի ՀԱՊԿ-ը, որպես կազմակերպություն, որպես անվտանգության համակարգ, որն անչափ կարևոր է Հայաստանի, Ռուսաստանի և անդամ այլ երկրների համար ավելի արդյունավետ դառնա: Կարծում եմ՝ Ռուսաստանը նույն նպատակն ունի: ՀԱՊԿ-ի մասով մենք Ռուսաստանի հետ ընդհանուր նպատակն ունենք: Եվ մենք միասին աշխատում ենք: Դա հեշտ գործ չէ, բայց ես շատ ուրախ եմ, որ այս քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ն իսկապես ավելի արդյունավետ կդառնա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և մյուսների համար», - շեշտել է Փաշինյանը:
Նա նաև անդրադարձել է Ուզբեկստանի ԵԱՏՄ-ինհնարավոր անդամակցության հարցին: ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է, որ դա շատ լավ գործընթաց է և Հայաստանը շատ հետաքրքրված է դրանում:
«Այժմ զարգանում են շատ դինամիկ հարաբերություններ Հայաստանի և Ուզբեկստանի միջև: Հետաքրքիր փաստ՝ վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ուզբեկստանի առաջնորդների և ղեկավարների միջև պաշտոնական հանդիպումներ տեղի չեն ունեցել: Առաջին անգամ դա տեղի ունեցավ Աշգաբադում, որտեղ մենք հանդիպեցինք Ուզբեկստանի նախագահի հետ և պայմանավորվեցինք փոխադարձ պաշտոնական այցերի մասին: Եվ իհարկե մենք, որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, շահագրգռված ենք խորացնելու համագործակցությունը Ուզբեկստանի հետ: Եթե այն որոշի դառնալ ԵԱՏՄ անդամ, դա շատ լավ է», - ասել է նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Հայաստանը, եթե Ադրբեջանը հայտարարի, որ ցանկանում է դիտորդ դառնալ ԵԱՏՄ-ում, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Թող ասի և կերևա: Երբ կասի, այդժամ էլ կքննարկենք: Գաղտնիք չէ, թե ինչպիսին են մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ, այնպես որ այս պահին ես ընդհանրապես չեմ ուզում այդ հարցը քննարկել»: