Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հրապարակվել է Համաշխարհային բանկի գործարարության «Doing Business» ցուցանիշները:
Վարչապետը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին ասաց, որ խնդրահարույց գնահատական ունենք, Հայաստանը զիջել է դիրքերը, ապա հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը:
Խաչատրյանն ասաց, որ այս զեկույցը յուրաքանչյուր երկրի տնտեսության պայմաններում տասը ցուցիչներ է կիրառում, անդրադառնում են կազմակերպության գրանցումից մինչեւ սնանկացման վարույթներ, եւ երկու եղանակով են գնահատվում:
«Ըստ զեկույցի՝ Հայաստանը 74,5 միավոր ունի: 1,3 միավորով առաջընթաց ենք գրանցել նախորդ տարվա համեմատ, եւ դա մեր կողմից իրականացված բարեփոխումների հետեւանքն է»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ հարկերի վճարման ուղղությամբ առաջընթաց ենք արձանագրել, ինչպես նաեւ առաջընթաց ենք գրանցել քաղաքաշինական թույլտվությունների առնչությամբ, արտաքին առեւտրի ցուցիչների ուղղությամբ:
«Կա նաեւ երկրորդ դասակարգում, թե երկրները ինչպես են դասավորված։ Անցած տարի մենք 41-րդ տեղն էինք, իսկ այս տարի 47-րդ հորիզոնականում ենք, ինչը նշանակում է, որ թեեւ ինքներս մեր նկատմամբ բարելավում ենք ունեցել, բայց դիրքային առումով 47-ն ենք: Դա պայմանավորված է այն փաստով, որ Համաշխարհային բանկը գնահատման մեթոդաբանությունը փոխեց»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ փոփոխությունը փոքր բաժնետերերի շահերի գնահատմանն է վերաբերում:
Խաչատրյանի խոսքով՝ եթե ներկայիս գնահատման մեթոդիկան տեղափոխեինք նախորդ տարի, ապա կրկին կլինեինք 47-ը, ինչպես նախորդ տարի, սակայն բորսայի մասն առաջին անգամ է հաշվարկվում:
Հայաստանի հարեւան Ադրբեջանը Doing-Business-2020 վարկանիշում Ադրբեջանը 190 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ տեղը: Ադրբեջանի ցուցանիշը կազմել է 76,7 (նախորդ տարի՝ 73,6): Մյուս հարեւան Վրաստանը Doing-Business-2020 վարկանիշում 7-րդ տեղում է՝ 83,7 ցուցանիշով:
Վարչապետն արձանագրեց, որ սկզբունքորեն դա վատ նորություն չէ. «Ուզում եմ ասել, որ որոշակի աննախադեպ իրադարձություններ են եղել Հայաստանում, եւ մի քանի ընկերություններ որոշակի բաց արժեթղթեր են թողարկել, որը նախաքայլ է, ըստ էության, արժեթղթերի բորսայում հայտնվելու: Եթե դա է պատճառը, ապա մենք գտնվում ենք նախապատրաստական շրջանում, եւ սա նաեւ ազդակ է մեզ համար, որ ավելի ինտենսիվ աշխատենք այս ուղղությամբ»:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ ասաց, որ հրապարակված զեկույցում տեխնիկական խնդիր կա, որը եթե ուղղեն, մենք կհայտնվենք 37-րդ տեղում:
Ջավադյանի պատասխանից հետո վարչապետը ծիծաղեց եւ ասաց. «էս ինչ վատ եմ, ճիշտ ե՞ք ասում, պարոն Ջավադյան, շուտ ասեիք՝ ուրիշ քննարկում անեինք»: