23.11.2024
Արտարժույթի ոչ թե արտահոսք, այլ ներհոսք ունենք. ԿԲ նախագահ
prev Նախորդ նորություն

Կապանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից 5 օր է՝ ժամկետային զինծառայող է անհետացել

Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Այս մասին SHAMSHYAN.com է ահազանգել զորամասը ինքնակամ լքած զինծառայողի ազգական Քնարիկ. Գ.-ն, խնդրելով օգնել գտնել իրենց զինվոր տղային. «Արդեն 9 ամսվա ծառայող էր մեր տղան, երբեւէ որեւէ դժգոհություն չի ունեցել ծառայությունից: Երեխեն 5 օր է՝ ինքնակամ լքել է զորամասն ու դուրս եկել տարածքից»:


Ազգականի խոսքով՝ ընտանիքի անդամների հետ ամենօրյա կապի մեջ են ՊՆ Ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատի, Կապանի, Վանաձորի և Երևանի Ռազմական ոստիկանության ծառայողները, ինչպես նաև մյուս իրավապահ կառույցները, ովքեր արդեն քանի օր է՝ ասում են, որ դեռևս նորություն չունեն զինվորի գտնվելու վայրի մասին:


«Բայց երեխան հո ասեղ չի, որ ընկնի դեզի մեջ ու կորի: Հրամանատարությունը մեզ ասում է, որ զինվորը պատի վրայից է թռել ու լքել զորամասը, իբր երեխեն թույլտվություն է վերցրել որ դուրս գա, հրամանատարությունը արգելել է, ինքն էլ ինքնակամ դուրս է եկել զորամասից: Իսկ թե երբ են երեխայի անհետանալը նկատել զորամասում, դա չգիտեմ: Դրանից հետո հրամանատարությունն ու Ռազմական ոստիկանությունն են սկսել փնտրել՝ թե՛ Վանաձորում թե՛ իրենց մոտ, թե՛ Երևանում, բայց արդեն քանի օր է՝ ոչ մի տեղեկություն չունենք»,-հայտնեց ժամկետային զիծառայող զինվորի ազգականը, նշելով, որ իրենք նույնիսկ չգիտեն, թե ինչը կարող էր պատճառ դառնալ նման քայլի:


«Մեր զինվորը շատ նորմալ ծառայող է եղել, համենայնդեպս, մինչեւ հիմա ոչ մի խնդիր չենք իմացել, բայց թե ինչի ու ինչ պատճառով է դուրս եկել՝ տեղյակ չենք: Այս տարվա հուլիսին օրինական արձակուրդ էր եկել, շատ գոհ էր զորամասից, զինակից ընկերներից, հրամանատարական կազմից: Կորելու առաջին օրն էր զանգել, էլի գոհ էր, բայց թե ինչի է նման բան արել, մեզ համար հանելուկ է»: Խնդրում ենք , որպեսզի պատկան մարմինները ամեն հնարավորը անեն, մեր բալին հայտնաբերեն»:


Զինվորին հայտնաբերելու գործում ներգրավվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Կապանի,Վանաձորի և Երևանի բաժինների ծառայողները, քանի որ երեխան հաշվառված է եղել Վանաձորում, սակայն բնակվել է Երևանում: Զինվորի որոնողական աշխատանքների հսկողությունը իր վրա է վերցրել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետը: