Սահմանադրությունն առավելագույնս սահմանափակել է Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իշխանության մյուս թևերի ազդեցությունը՝ դրանով իսկ բացառելով ճնշումների հնարավորությունը և երաշխավորելով Սահմանադրական դատարանի սահմանադրական առաքելության արդյունավետ իրականացումը։ Այս մասին ասված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու վերաբերյալ աշխատանքային որոշման մեջ։
16 էջանոց աշխատակարգային որոշման մեջ ՍԴ-ն արձանագրել է, որ «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ)» եզրույթի կիրառումը չի համապատասխանում Ազգային ժողովի՝ Սահմանադրական դատարան դիմելուն վերաբերող սահմանադրական կարգավորումներին: Այդ եզրույթի կիրառումը չի համապատասխանում նաև օրենսդրական կարգավորումներին, այդ թվում` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի, Ազգային ժողովի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի ԱԺՈ-032-Ա որոշմամբ որպես հիմք նշված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի և 109-րդ հոդվածի կարգավորումներին:
Իսկ ինչ վերաբերվում է դիմողի այն դիրքորոշմանը, որ «....Հրայր Թովմասյանն առերևույթ թույլ է տվել այնպիսի արարքներ, որոնք վարկաբեկում են Սահմանադրական դատարանի հեղինակությունը և (կամ) անհամատեղելի են դատավորի պաշտոնի հետ՝ էական կարգապահական խախտում», Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման համար հիմք է ոչ թե ցանկացած կարգապահական խախտում կատարելը, այլ բացառապես նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ժամանակահատվածում կատարած այնպիսի կարգապահական խախտում, որը որակվում է որպես էական:
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ երկար տարիներ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ լինելու, Սերժ Սարգսյանի վստահությունը վայելելու և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Հայաստանի հանրապետական կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի միջև անձնական բնույթի, ընդհանուր շահագրգռվածության վրա հիմնված հարաբերությունների փաստին, Հրայր Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի միջև առկա անձնական բնույթի հարաբերությունների և վերջինիս կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպան հանդիսանալու փաստերին, ինչպես նաև Հրայր Թովմասյանի կողմից 2008թ. մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ք․ Երևանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների և դրանց հաջորդած դատավարությունների վերաբերյալ նախկինում կարծիք արտահայտած լինելու փաստին, Սահմանադրական դատարանն արձանագրել է.
«Դիմողի կողմից և նրա գնահատմամբ դիմումով ներկայացված բոլոր փաստերը (որոնց Սահմանադրական դատարանը գործի քննության ներկա փուլում չի կարող ըստ էության անդրադառնալ, գնահատել դրանց արժանահավատությունը և Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին վերագրելիությունը) հայտնի են եղել, այդ թվում` Ազգային ժողովի խմբակցություններին, շատ ավելի վաղ, քան դիմողի կողմից փաստերի ի հայտ գալու վերջին դիտարկված ժամկետը վրա հասնելը՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ը»։
Բացի այս, Սահմանադրական դատարանը նաև համարում է, որ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ:
Այսպիսով՝ ՍԴ–ն որոշել է «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։