24.11.2024
Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հին ավանդույթներ. ՊԵԿ-ում Սերժի Վաչոյի ընկերության դեմ կազմված ակտը «ջրվել» է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ը հեղափոխությունից հետո, հատկապես վերջին շրջանում բավական ուշագրավ գործելակերպ է որդեգրել։ Փորձելով ցույց տալ, որ իրենք հետեւում են վարչապետի կոչին՝ անողոք պայքարում են ստվերի դեմ, շատ հաճախ տնտեսվարողների, խոշոր ընկերություններում ստուգումներ են իրականացնում, ակտեր են կազմում, սակայն ավելի ուշ, երբ հայտնաբերված խախտումների շուրջ աղմուկը մարում է, այդ ակտերը չեղարկվում են կամ մեղմվում։ Վերջերս մենք մի քանի նման դեպքերի անդրադարձել էինք։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս էլ հարկայինը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին պատկանող «Սեզամգազ»-ում ստուգումների արդյունքում ակտ է կազմել, սակայն այդ ակտը արդեն ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովում «ջրվել» է։ Այսինքն՝ մի կողմից ցույց են տալիս, թե ստվերի դեմ են պայքարում, մյուս կողմից՝ չեն նեղացնում իրենց «յուրայիններին»»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջեւ օրերս հանդիպում է եղել: Գործադիրն ու օրենսդիրը քննարկել են առանցքային թեման` Ամուլսարի շահագործման հարցը՝ որոշելու հանքի շահագործման վերաբերյալ հետագա քայլերի ճանապարհային քարտեզը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է այդ հանդիպմանը մասնակցած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ: Պատգամավորը հաստատել է, որ հանդիպել են գործադիրի աշխատակազմի ղեկավար Աղաջանյանի հետ, հստակեցրել գործադիր-օրենսդիր թեւերի հետագա քայլերը հանքի մասով:Մ. Կարապետյանն ասել է նաեւ. «Պետությունն ընդամենը պետք է իր շարունակականությունը ապահովի, սեփական ստորագրության պատիվը ապահովի, եթե չի կարողանում ապացուցել, որ այդ ստորագրությունը որեւէ կոռուպցիոն գործարքի հետեւանք է եղել»:Եթե պետությունը գտել է հանքի անվտանգ շահագործման մոդել, ապա, ըստ իշխող թիմը ներկայացնող պատգամավորի, պետք է ընդամենը ապահովել իրավական գործընթացը»։ 


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ իշխանությունը շունչը պահած սպասում է` Սահմանադրական դատարանը վարույթ կվերցնի՞ ԱԺ դիմումը՝ Հրայր Թովմասյանին հեռացնելու պահանջով, թե՞ ոչ։ 2 տարբերակն էլ հնարավոր էր․ ՍԴ-ն 7-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ մերժո՞ւմ է դիմումը, թե՞ ընդունում վարույթ եւ քննություն սկսում։ Վարույթ կարող էին չընդունել, եթե որոշեին, որ «գործն» անհիմն է, ժամկետային, ու պրոցեդուրային խախտումներ են առկա: Երեկ ՍԴ-ն վարույթ չընդունեց դիմումը։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են քվեարկել ՍԴ անդամները։ Ոչ պաշտոնական աղբյուրից տեղեկացանք, որ Վահե Գրիգորյանը բացակայել է նիստից, եւ արձանագրվել է ընդամենը 1 դեմ՝ Ֆելիքս Թոխյանի ձայնը։ Անգամ Արման Դիլանյանը կողմ է եղել վարույթ չընդունելուն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ պայքարի պլան Բ-ով հնարավոր է ընթացք տա անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին, սակայն իրավաբանները վստահեցնում են, որ այս դեպքում էլ գործ ունենք իրավական հետեւանքներ չառաջացնող գործընթացի հետ։ Հիշեցնենք, որ Բաբաջանյանի կարծիքով՝ «Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով»։ Իսկ հիմքում այն փաստն է դրված, որ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնից իր լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտ է հեռացել, որպեսզի Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ, մինչեւ Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, որպեսզի Թովմասյանի վրա տարածվի ոչ թե 2015-ին ընդունված Սահմանադրության դրույթը, այլ 2005 թվականինը։ Այդ դեպքում ՍԴ նախագահն ընտրվում էր ոչ թե 6 տարի ժամկետով, այլ մինչեւ 65 տարեկան դառնալը: Մինչդեռ իրավապահներն ասում են, որ Գագիկ Հարությունյանը ոչ թե ստիպողաբար է հեռացել պաշտոնից, որ մեկնաբանվի, թե Հրայր Թովմասյանը զավթել է ՍԴ նախագահությունը, այլ՝ կամովին։ Իսկ եթե նույնիսկ խախտում եղել է, ապա դա արել է ԱԺ նախագահը՝ չդադարեցնելով ԱԺ պատգամավորի լիազորությունները, որը մի քանի օր ե՛ւ պատգամավոր է եղել, ե՛ւ ՍԴ դատավոր»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը՝ ֆիննախի ԿՌՈՒ-ն, վերջապես պետ ունի։ ԿՌՈՒ-ի նախկին պետ Արման Զարգարյանի՝ ՊԵԿ տեղափոխվելուց հետո մինչ օրս կառույցը ղեկավար չուներ։ Ուշագրավ է, սակայն, որ ԿՌՈՒ-ի պետ է նշանակվել Վախթանգ Սիսակյանը, ով նախկինում ՊԵԿ վարչության պետ էր։ Դրանից բացի, Սիսակյանը համարվում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կադրը։ Նրանք անգամ համակուրսեցիներ են։ Վերջին շրջանում, առհասարակ, ուշագրավ միտում է նկատվում՝ համակարգում Վարդան Հարությունյանի կադրերին նշանակելով։ Օրերս մենք գրել էինք, որ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ի նախագծի ղեկավար Վահան Հակոբյանը նշանակվել է ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության վերլուծությունների եւ ռիսկերի հսկողության բաժնի պետ։ Հասկանալի չէ՝ սա կադրային սովի՞ արդյունք է, թե՞ այդ ֆոնին Վարդան Հարությունյանի դիրքերի ամրապնդում»։


«Իրատես» թերթը գրում է. «Ման­դատ ու պաշ­տոն ստա­ցող­ներն ինչ­քան էլ օքս­ֆորդ­ներ ու քեմբ­րիջ­ներ ա­վար­տեն, ե­թե փորձ չու­նեն, ճա­նա­պարհ չեն ան­ցել, չեն ըն­կել ու բարձ­րա­ցել, գրե­թե անհ­նար է, որ լավ կա­ռա­վա­րիչ լի­նեն: Պաշ­տոն­ներ ստա­նա­լիս նախ և ա­ռաջ պետք է գի­տակ­ցել՝ այն միայն փա­փուկ ա­թո­ռը, ժո­ղովր­դի կող­մից քաղցր-մեղցր ար­տա­հայ­տու­թյուն­ներ լսելն ու «դմփ-դմփ-հու» գո­ռա­լը չէ: Այն պա­տաս­խա­նատ­վու­թյուն է, հաշ­վե­տու լի­նե­լու հատ­կա­նիշ ու լրագ­րող­նե­րի հար­ցե­րին «դի­մադ­րե­լու» կա­րո­ղու­թյուն: Ա­րա­րա­տի մարզ­պետ Գա­րիկ Սարգ­սյա­նի՝ օ­րեր ա­ռաջ լրագ­րող­նե­րի հետ ու­նե­ցած ճե­պազ­րույ­ցին ու­շադ­րու­թյամբ հետևում էի ու «Աստ­ված կան­չում», որ հեր­թա­կան սայ­թա­քու­մը չա­նի: Հա­նուն ար­դա­րու­թյան նշեմ՝ Սարգ­սյա­նը եր­կար մտա­ծեց, թե ինչ­պե՞ս կա­րող է շր­ջան­ցել լրագ­րո­ղի ու­ղիղ հար­ցը, բայց, փաս­տո­րեն, «ոս­տի­կա­նու­թյու­նը միշտ էլ օր­վա իշ­խա­նու­թյան ծա­ռա­յողն է, ժո­ղովր­դի ծա­ռա­յողն է, և ե­թե ժո­ղո­վուր­դը իր մե­ծա­մաս­նու­թյան քվեն տվել է իշ­խա­նու­թյա­նը, ա­պա ծա­ռա­յե­լով իշ­խա­նու­թյա­նը՝ ծա­ռա­յում են ժո­ղովր­դին» միտ­քը չար­տա­բե­րել չկա­րո­ղա­ցավ: Մեկ սայ­թա­քու­մով մի քա­նի բան խոս­տո­վա­նեց՝ նախ­կի­նի նման ի­րենք նույն­պես ու­ժա­յին կա­ռույց­ներն իշ­խա­նու­թյանն են ծա­ռա­յեց­նում, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ժո­ղովր­դի ա­նու­նից կա­րող է հայ­տա­րա­րել մտ­քին ե­կա­ծը: Ա­պա ցան­կա­նա­լով շտ­կել ի­րա­վի­ճա­կը, փոր­ձեց հա­մո­զել, որ ժո­ղո­վուր­դը իշ­խող ու­ժին վս­տա­հու­թյան քվե տված հատ­վածն է միայն, չնա­յած խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րին նույ­նիսկ 50 տո­կոս մաս­նակ­ցու­թյուն չի ե­ղել, իշ­խա­նու­թյան վար­կա­նիշն էլ էա­կա­նո­րեն նվա­զել է: Հայ­տա­րա­րու­թյունն ա­նե­լուց ան­մի­ջա­պես հե­տո Գա­րիկ Սարգ­սյա­նը Facebook-ի իր է­ջում հեր­թա­կան ան­գամ մե­ղադ­րեց լրագ­րող­նե­րին, թե իր միտ­քը հատ­վա­ծա­կան են մեջ­բե­րել, ու ինքն ի­րա­կա­նում այլ բան է նկա­տի ու­նե­ցել և այլն, և այլն: Ան­կեղ­ծո­րեն եմ ա­սում՝ շատ կու­զեի, որ պա­րոն Սարգ­սյանն այլ բան ա­սած լի­ներ, բայց ա­մեն բան այն­քան հս­տակ է, որ ցան­կա­ցած ար­դա­րա­ցում ու պար­զա­բա­նում ուղ­ղա­կի ջուր­ծե­ծո­ցի է: Պա­րո­նայք իշ­խա­նա­վոր­ներ, ինք­ներդ ձեզ հետ ան­կեղծ ե­ղեք, նախ­կին­նե­րի նույն սխալ­նե­րը մի՛ կրկ­նեք: Ե­թե վրի­պել կամ սայ­թա­քել եք, ըն­դու­նեք ձեր սխա­լը ու, ե­թե կա­րող եք, նե­րո­ղու­թյուն խնդ­րեք: Այ­լա­պես մեզ կա­րող եք մե­ղադ­րել ինչ­քան ու­զեք ու ին­չի մեջ ու­զեք, բայց դա ձեզ չի օգ­նե­լու, մեր հար­ցերն էլ չեն նվա­զե­լու»:


«Իրատես» թերթը գրում է. «Իրատեսի» նախորդ համարներում գրել ենք, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կազմում գտնվող որոշ վարչություններ ու բաժիններ կարող են միավորվել ստեղծվելիք Հուշարձաների պահպանության կոմիտեում: «Նմանատիպ կառույց ունենալու գաղափար, ի դեպ, նախորդ իշխանությունները նույնպես ունեցել են, բայց ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է այն: Տեւական ժամանակ է՝ նախարարության ներսում քննարկվում է, թե ով կարող է կոմիտեի տնօրեն լինել: Նման ակնկալիքներ ունի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: Հենց նա էր, որ մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ ֆլամենկո էր պարում»,- ասաց մեր զրուցակիցը: Թեեւ արդեն ավելի ցածր «ստատուսով», բայց կոմիտեի տնօրենի աթոռը զբաղեցնելուց չի հրաժարվի նաեւ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը: «Նա մեծ հույսեր ունի ու գրեթե համոզված է, որ հենց ինքն է նշանակվելու։ Նախարարությունում, սակայն, շրջանառվում է բոլորովին այլ մարդու՝ նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական Արթուր Հովսեփյանի անունը»:


«Փաստ» թերթը գրում է. «Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին նախնական կամ վերջնական ձեւով հայտնել է 6-7 գործիչ՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, «Արցախի վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, պատգամավոր Ռուսլան Իսրայելյանն ու նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Հատկանշական է, որ ֆավորիտները ներկայացնում են գործող իշխանությունը, ուստի պատահական չէ, որ Արցախում արդեն իսկ խոսում են այն մասին, թե, ըստ էության, սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո ֆավորիտներից որեւէ մեկի հաղթելու դեպքում ընդհանուր «ռասկլադի» ու գծի փոփոխություն Արցախում չի լինի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացման արարողությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովին ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի դաշնակցականներից փորձեց պարզել հետեւյալ հարցը՝ որքանով են հավաստի տեղեկությունները այն մասին, որ ՀՅԴ-ն այժմ իր հիմնական գործունեությունը սկսում է Արցախից: «Սա մի աստիճան նորություն է, այսինքն` այս ուղղությամբ եւս աշխատանք է տարվում համախմբելու իմաստով»,- ասաց ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը:  Անդրադառնալով  Արցախի հերոս Վիտալի Բլասանայանի` ՀՀ իշխանությունների հասցեին արած հայտարարությանը` դաշնակցական Ա. Սարգսյանն ասել է` ովքեր փորձեն նույն պատմական Հայաստանի երկու մասերի միջեւ սեպ խրել, ժամանակից շուտ կնքելու են իրենց քաղաքական մահը: Հիշեցնենք՝ ՀՅԴ ակտիվանալու մասին լուրերն առաջինը չեն, մինչ այս էլ նրանք ակտիվ քաղաքական աշուն էին խոստանում, ինչին ի դեպ «Ժողովորդ» օրաթերթն անդրադարձել է: Բայց մինչ օրս որեւէ տեղաշարժ չկար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի գործող իշխանական էլիտան՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի, ցանկանում է ստեղծել նոր կոալիցիա, որը 2020թ. խորհրդարանական ընտրություններին հանդես կգա նախագահի միասնական թեկնածուով և պատգամավորի թեկնածուների միասնական ցուցակով: Այս կոալիցիային կարող են մաս կազմել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ-ն, Արցախի պահպանողական կուսակցությունը, որի ղեկավարը Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն է, և իշխանության աջակցությամբ ստեղծված էլի մի քանի կուսակցություններ: Այս ուժերի նախագահի միասնական թեկնածուն Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է: Նրա թեկնածությունը կպաշտպանեն նաև նախկին և ներկա ուժայիններ, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը: Այս համախմբման նպատակը Արայիկ Հարությունյանի հաղթանակը կանխելն է, ով ունի Արցախի ժողովրդի և Հայաստանի իշխանությունների աջակցությունը: Ավելին՝ այս ուժերը փորձելու են հասնել նրան, որ Հարությունյանը ընդհանրապես հրաժարվի նախագահի թեկնածու առաջադրվելուց, և հանդես գա իրենց թեկնածուի պաշտպանությամբ»: