25.11.2024
«ՌեԱնիմանիա» 11-րդ փառատոնին այս տարի կցուցադրվի 100-ից ավելի ֆիլմ
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունի ՀՀ համար. Ղուկասյան

ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երևանյան գագաթնաժողովին մասնակցելը ցույց են տալիս Եվրասիական տնտեսական միության աշխարհատնտեսական ներուժի հզորացումը: Այս մասին ԵԱՏՄ երևանյան գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսում հայտարարեց  «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ և «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:


Ըստ նրա, Հայաստանի համար Սինգապուրի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է առաջին հերթին օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսանկյունից: Ինչ վերաբերում է Իրանին, ապա հարևան երկրի հետ հարաբերությունների պահպանումն ու խորացումը այժմ առավելապես հնարավոր է ԵԱՏՄ-ի գոյության շնորհիվ, քանի որ դա օգնում է Հայաստանին մասամբ հաղթահարել ԱՄՆ-ի՝ Թեհրանի հետ կապերը դադարեցնելու մասով ճնշումները.


«Այս իմաստով անդամակցությունը ԵԱՏՄ-ին ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունի Հայաստանի համար: Իհարկե, մեր երկրի համար այս անդամակցությունը շատ օգուտներ է բերում», - համոզմունք հայտնեց նա:


Ղուկասյանը նաև շեշտեց «Եվրասիական մայրցամաքի տրանզիտ ներուժ» միջազգային ֆորումի անցկացումը, որը, նրա խոսքով, հույս է ներշնչում, որ թվային նոր դարաշրջանի պահանջներին համապատասխան նոր տրանսպորտային միջանցքների գաղափարը շուտով կյանքի կկոչվի նաև Հայաստանի մասնակցությամբ:


Արման Ղուկասյանը մեր երկրի տարածքում Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների երկխոսության կազմակերպումը  որակում է ԵԱՏՄ գագաթնաժողովի կարևոր պահերից մեկը: Նա հիշեցրեց, որ Վլադիմիր Պուտինը 2015 թվականից սկսած չի այցելել Հայաստան, և անցկացրած հանդիպումները, անշուշտ, նպաստում են, որ ընդհանուր առմամբ դրական մթնոլորտ պահպանվի երկու երկրների հարաբերություններում:


«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը վերջին շրջանում ևս մեկ կարևորում դրսևորում ստացավ՝ Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու տեսանկյունից, ինչպես նաև ռազմատեխնիկական և էներգետիկ ոլորտներում  երկկողմ խոշոր նախագծերի իրականացմամբ: Այնուամենայնիվ, հոկտեմբերի 1-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ-ռուսական հարաբերությունները գնահատելիս այսօր անհրաժեշտ է ոչ այնքան իրադարձությունների արտաքին կողմը ֆիքսել (ձեռքսեղմումներ, սելֆի և այլն), այլ օրակարգի բովանդակության և ձեռք բերված կամ ձեռք բերվելիք պայմանավորվածությունների վրա ուշադրությունը կենտրոնացնել», - ասաց նա: Ըստ Ղուկասյանի, հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ տեղի են ունեցել լիարժեք բանակցություններ Ռուսաստանի ղեկավարի հետ, ինչը, ըստ բանախոսի, չափազանցություն է: Նրա կարծիքով, բանակցությունները մասնատվել են երկու հանդիպման, բացի այդ, չի հայտարարվել երկկողմ օրակարգի առանցքային հարցերի ոչ մի լուծման մասին.


«Մասնավորապես, հստակություն չկա գազի գնի վերաբերյալ, բացի այս  Երևանը շարունակում է Մոսկվայից պահանջել գազի շուկաների ամբողջական միավորում և ներքին գների հավասարեցում: Լարվածությունը շարունակում է մնալ նաև ՀԿԵ-ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների՝ Հայաստանի տնտեսությունում երկու կարևոր ռազմավարական ներդրողների շուրջ: Հարկ է առանձնացնել Վլադիմիր Պուտինի կողմից Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով Մոսկվա այցելելու արված առաջարկը, ինչը կարելի է համարել որպես հրատապ հրավեր՝ քննարկելու առկա հարցերի ողջ սպեկտրը»:


Այս բոլոր խնդիրները, հավելեց բանախոսը, իրոք կան և պետք է լուծվեն միայն մեր երկրների միջև բանակցությունների և երկխոսության միջոցով: Միևնույն ժամանակ նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ արդեն իսկ կա որոշակի առաջընթաց, քանի որ ԵԱՏՄ գագաթնաժողովից մի քանի օր անց Երևան են ժամանել Ռուսաստանի տրանսպորտի նախարարը և Ռուսաստանի երկաթուղիների խորհրդի գլխավոր տնօրեն-նախագահը: Եվ դատելով բաց աղբյուրներից, հայկական և ռուսական կողմերը փորձում են գտնել ընդհանուր լուծումներ, բայց դեռևս բազմաթիվ հարցերի պատասխաններ չկան:


«Ռուսաստանը մեր ամենակարևոր ռազմավարական դաշնակիցն է, և, ինչպես բոլոր գործընկերների միջև, մենք նաև խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծվեն փոխըմբռնման միջոցով: Բայց ես չեմ կիսում այն ​​գնահատականները, թե հայ-ռուսական հարաբերություններում առկա է լուրջ ճգնաժամ՝ դրանք չափազանցված են: Ավելին, ես հակված եմ մտածել, որ նման հայտարարությունները և գնահատականները վնասում են մեր հարաբերություններին և հիմնականում վնասում են հենց Հայաստանի շահերին: Ինչ ճգնաժամի մասին է խոսքը, եթե Ռուսաստանը շարունակում է Հայաստանին զենք մատակարարել նախկինում ստորագրված պայմանագրերով և ներքին գներով, չկան Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազայի գործունեության հետ կապված խնդիրներ, և այլ ոլորտներում նույնպես խնդիրներ չկան: Կրկնում եմ՝ առկա խնդրահարույց պահերը պետք է լուծվեն կառուցողական երկխոսության միջոցով՝ հայ-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացման շրջանակներում», - շեշտեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության առաջնորդը: