ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունն Արցախում է եւ հանդիպումներ է ունենում երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սպիյերին եւ Ջուդի Չունին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ քննարկվել են ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Միացյալ Նահանգների դերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք:
Կոնգրեսականների պատվիրակությանն ընդունել է նաեւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
ԱՀ ԱԳ նախարարության հաղորդմամաբ՝ ողջունելով կոնգրեսականներին՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հանրապետության իշխանությունները կարևորում են տարբեր մակարդակներում Արցախի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները։
Արցախի արտաքին գործերի նախարարն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին
Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել կոնգրեսականների, հատկապես՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ջանքերը՝ ի սատարումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև` ի աջակցություն ԱՄՆ կառավարության կողմից Արցախին ֆինանսական օգնության տրամադրմանը։
Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Ջեքի Սփիերի և Ջուդի Չուի ակտիվ գործունեությունը՝ ուղղված Վաշինգտոնի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստի ճանաչմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Ռոյս-Էնգել» նախաձեռնության աջակցմանը, որը նախատեսում է շփման գծից դիպուկահարների հետքաշում, հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ներդրում և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում։
Հյուրերի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի իշխանությունների և ԱՄՆ կոնգրեսականների միջև համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցերի։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Սոս Ավետիսյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը։