Էրդողանը Թրամփի հետ բանակցությունների կմեկնի
Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են Սիրիայի հյուսիսում նախատեսվող անվտանգության գոտու հարցը:
Ինչպես հաղորդել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից՝ բացի երկկողմանի հարաբերություններից, երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել Սիրիայի հյուսիսում նախատեսվող անվտանգության գոտու և սիրիացի փախստականների տուն վերադառնալու պայմանների կապակցությամբ:
Նշվում է, որ Էրդողանը իր անհանգստությունն է հայտնել Թրամփին այն կապակցությամբ, որ «ամերիկացի զինվորական պաշտոնյաները չեն կատարում Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերի հարցը մեծ խնդիր է դարձել ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ: Օրեր առաջ Թուրքիայի նախագահը սպառնացել էր Զինված ուժերն ուղարկել Սիրիայի հյուսիս և ռազմական գործողություններ սկսել Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդական ուժերի դեմ: «Դա այլևս անխուսափելի է»,- հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով՝ հարձակումները կլինեն օդից և ցամաքից, գրում է Ազատությունը:
«Մենք ավարտել ենք նախապատրաստական աշխատանքներն ու տվել համապատասխան հրամանները. ժամանակն է ճանապարհ բացել խաղաղության համար, լվանալ Եփրատի արևելյան ափերը խաղաղության ջրերով և մաքրել այդ տարածքը՝ փախստականներին տեղակայելու համար»,- նշել է Էրդողանը:
Ելույթ ունենալով իշխող կուսակցության համաժողովում՝ Թուրքիայի նախագահը միաժամանակ հորդորել է ՆԱՏՕ-ին ու Միացյալ Նահանգներին կողմնորոշվել՝ ինչ դիրքորոշում են նրանք որդեգրելու այս հարցում:
Անկարան ահաբեկչական է որակում Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական խմբավորումները, Միացյալ Նահանգները մինչդեռ տարիներ շարունակ համագործակցում էր նրանց հետ՝ Իսլամական պետության դեմ պայքարում:
Ավելի վաղ Վաշինգտոնը հորդորել էր Անկարային «միակողմանի քայլերի չգնալ»: Քրդական դեմոկրատական ուժերն իրենց հերթին այսօր հայտարարել են, թե «պատրաստ են հակազդել թուրքական կողմի ցանկացած սադրիչ հարձակման»: