Դատարանն այսօր բավարարել է ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի եւ «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի (Հրայր Թովմասյանի սանիկն է-խմբ) եւ ՀՀ ԱՆ ու Երեւանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:
Կատարված նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Նորայր Փանոսյանը, 2011-2014թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը եւ օժտված լինելով կազմակերպական, տնօրինչական, կարգադրիչ ու վերահսկողական լիազորություններով, դեռեւս չպարզված, նույն նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, շահադիտական նպատակներով, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով եւ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաեւ աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված եւ որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված եւ իրենց կողմից զբաղեցված՝ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երեւան համայնքի, ինչպես նաեւ՝ նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ՝ անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ:
Մասնավորապես՝ Նորայր Փանոսյանը, որպես հիշյալ նոտարների գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձ, նոտարների գրավոր եւ բանավոր դիմումներից տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքով՝ որպես նախկինում նշանակված եւ որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց գործունեության վայրերի գույքերի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը գրանցելու մտադրության մասին, քաջատեղյակ լինելով, որ նշված տարածքները վարձակալությամբ հանձնելու դեպքում հնարավոր է ստանալ երաշխավորված բարձր եկամուտներ, նոտարների, իրենց գործունեության վայրերի գույքերի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը գրանցելուն նպաստելու փոխարեն, ՀՀ արդարադատության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ ձեռք բերված հանցավոր համաձայնությամբ, շահադիտական նպատակներով, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2012-2013թթ. ընթացքում Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով եւ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաեւ աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին՝ տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել է վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավունքն իրացնելու՝ որպես նախկինում նշանակված եւ որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցելու եւ իրենց միջոցներով վերանորոգված ու տարիներ շարունակ իրենց կողմից զբաղեցված վերը նշված տարածքներում անհատույց գործունեություն իրականացնելու հնարավորությունից, եւ իր ու ՀՀ ԱՆ այլ պաշտոնատար անձի հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ, փաստացի կազմակերպել եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված աճուրդների, «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակիցների եւ տնօրինության կողմից կեղծ գնահատման հաշվետվություններ տրամադրելու եւ իրենց լիազորությունները չարաշահելուն օժանդակելու արդյունքում՝ մի դեպքում շուկայականից ցածր, իսկ մյուս դեպքում՝ անհամեմատ ցածր արժեքներով գնահատելու արդյունքում՝ 63.400.000 ՀՀ դրամ գումար արժողությամբ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքը 22.08.2013թ. 47.520.000 ՀՀ դրամ գումարով, իսկ 33.550.000 ՀՀ դրամ գումար արժողությամբ Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 տարածքը՝ 20.01.2014թ.-ին 3.800.000 ՀՀ դրամ գումարով, Երեւանի քաղաքապետարանից առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել վերը նշված անշարժ գույքերը, որոնք հետագայում լիազորագրերի օգտագործմամբ կամ առանց դրանց, նույն քաղաքացիների անուններից կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա, շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալությամբ հանձնել են նոտարներին:
Հիշյալ հանցավոր գործողությունների հետեւանքով պետության, Երեւան համայնքի, ինչպես նաեւ վերը նշված նոտարների իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ. Երեւան համայնքին պատկանող նշված անշարժ գույքերը վաճառվել են 45.630.000 ՀՀ դրամ պակաս արժեքով, ինչի արդյունքում համայնքը զրկվել է նույն չափով եկամուտներ ստանալու հնարավորությունից, իսկ նոտարները, իրավունք ունենալով անհատույց հիմունքներով գործունեություն իրականացնել իրենց կողմից զբաղեցրած տարածքներում, զրկվել են այդպիսի հնարավորությունից՝ կրելով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 127.000.000 ՀՀ դրամ գումարի վնասներ։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակից Տիգրան Դավթի Տեր-Հարությունովին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ գործի համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց ի հայտ բերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: