Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական վարժանքները
«Բաղրամյան» զորափորձարանում միավորված զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ սկսվել են հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական վարժանքները: Այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Մոտոհրաձգային ստորաբաժանումների հրամանատարները հրետանային, տանկային, հետախուզական, ինժեներային ստորաբաժանումների, կապի մասնագետների հետ փոխգործակցությամբ մշակում են պայմանական հակառակորդի հայտնաբերման, արգելափակման եւ ոչնչացման մի շարք առաջադրանքներ:
Համատեղ գումարտակային մարտավարական վարժանքի ընթացքում երկու երկրների զինծառայողները Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության միջոցների, կործանիչ, գրոհային ու բանակային ավիացիայի օժանդակությամբ առաջադրանքներ կկատարեն հետախուզական-կրակային (հարվածային) կոնտուրների համակարգում, կկիրառեն աերոմոբիլային տակտիկական խմբեր, տանկային «մենամարտեր» եւ «կարուսելներ», հրետանային հակամարտկոցային պայքար, դիպուկահարների մենամարտեր, մարտական հրաձգություն գիշերային պայմաններում, ինչպես նաեւ հրաձգություն կիրականացնեն առավելագույն հեռավորությամբ եւ փակ կրակային դիրքերից: Օպերատիվ-մարտավարական, գրոհային, բանակային եւ անօդաչու ավիացիայի անձնակազմերն ուսումնամարտական եւ թռիչքային-տակտիկական առաջադրանքներ կկատարեն առաջապահ ավիացիոն նշանառուների հետ համատեղ: Մարտականին մոտեցված իրադրություն ստեղծելու համար «Բաղրամյան» զինափորձարանը հանդերձված Է ստատիկ ու դինամիկ թիրախներով, վարժանքներում գործի Է դրված հրաձգադաշտային սարքավորման արդիական Էլեկտրոնային մոդուլային համակարգ՝ հանդերձված համակարգիչներով եւ ռադիոհաղորդիչ սարքերով, որոնք նմանակում են պայմանական հակառակորդի կենդանի ուժի, զրահատեխնիկայի եւ ցածր թռչող թիրախների գործողությունները:
Ցերակային եւ գիշերային ժամերին հիմնական ուսումնամարտական գործողությունների խաղարկումը կկայանա այս տարվա հոկտեմբերի 7-ից 12-ն ընկած ժամանակաշրջանում: Հայ-ռուսական երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքներին, որոնք անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկի ղեկավարությամբ, մասնակցում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հազարից ավելի զինծառայողներ եւ գործի Է դրված մոտավորապես 500 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհայիններ, Մի-24Պ եւ Մի-8ՄՏՎ ուղղաթիռներ: