ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին վճարել 128,5 հազար եվրո քաղբանտարկյալների գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է որոշումը «Մեջիդլին եւ մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով։
Որպես հայցվոր հանդես էին գալիս 11 ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք ենթարկվել են վարչական ձերբակալությունների 2010-2011 թվականներին բողոքի ցույցերին մասնակցության պատճառով։ Բացի այդ, 2011 թվականի ապրիլի 2-ի հանրահավաքին մասնակցության համար նրանք դատապարտվել են քրեական մեղադրանքներով, 1-3 տարի ժամկետներով, տեղեկացնում է contact.az-ը։
ՄԻԵԴ-ը նրանց իրավունքների խախտումներ է տեսել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք), 6-րդ հոդվածի (արդարացի հետաքննության իրավունք), 10-րդ հոդվածի (արտահայտվելու իրավունք), 11-րդ հոդվածի (խաղաղ հավաքների ազատություն) գծով։
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է վճարել Մուհամեդ Մեջիդլիին, Արիֆ Հաջիլիին, Թուրալ Աբասլիին, Ֆուադ Գահրամանլիին, Բաբեք Հասանովին, Զուլֆուղար Էյվազովին, Էլշան Հասանովին, Սահիբ Քերիմովին, Արիֆ Աշըշլիին, Ուլվի Գուլիեւին եւ Ռուֆաթ Հաջիբեյլիին դրամական փոխհատուցում, ներառյալ դատական ծախսերը՝ 128,5 հազար եվրո ընդհանուր գումարով։