Վարչապետն ինչ ասել է, համապատասխանում է իրականությանը. ԱԽ քարտուղարը՝ Վանեցյանի մասին
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ոչ թե հրաժարական է տվել, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նրան ազատել պաշտոնից:
Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։
«Նշանակովի պաշտոններում հրաժարական չի լինում։ Ազատման դիմում կարող է լինել. այս հարցն այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Բնականաբար նա հեռացել է վարչապետի որոշմամբ, քանի որ վարչապետն է այդ պաշտոններում նշանակումներ կատարում»,- ասաց ԱԽ քարտուղարը։
Անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի պատճառներին՝ Գրիգորյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հնարավորինս բաց այդ մասին խոսել է. «Գոհ չի եղել աշխատանքից, բնականաբար որոշում է կայացրել: Այո՛, որոշումն ամբողջությամբ վարչապետի որոշման տիրույթում»:
Հարցին՝ համաձա՞յն եք, որ Վանեցյան իր ուսադիրները նետել է աղբամանը, Գրիգորյանը պատասխանեց․
«Վարչապետն ինչ ասել է, ամբողջովին համապատասխանում է իրականությանը։ Այս առումով՝ մի շատ կարեւոր բան էլ ֆիքսեմ, որ այսօր քննարկվում է վարչապետը գերագույն գլխավոր հրամանատա՞ր է, թե՞ ոչ։ Սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրության մեջ նշվել է, որ գերագույն գլխավոր հրամանատար է պատերազմի ժամանակ։ Հիմա կարող եմ հարցադրում անել՝ ՀՀ-ն այսօր պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ»։