Հայաստանում ու Արցախում շարունակվում են մասշտաբային ռազմավարական զորավարժությունները, որոնցում ներգրավված է նաեւ պահեստազորը:
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվում են ռազմավարական զորավարժություններ՝ պետական կառավարման մարմինների և ՏԻՄ կազմակերպությունների ընդգրկմամբ: Մինչ այդ կառավարությունն ընդունել էր «Զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ անցկացնելու մասին» որոշում:
Նախագծով սահմանվում են միջոցառման խնդիրները, իրավասու մարմինների կողմից իրականացվող գործողությունների շրջանակը: Նաև հայտարարվել են պահեստազորայինների և տրանսպորտային միջոցների ներգրավման զորավարժություն:
Ռազմավարական զորավարժության շրջանակում ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության ենթակա ստորաբաժանումները սեպտեմբերի 25-ին իրականացրել են քիմիական հարձակման ենթարկված տարածքների հայտնաբերման, մեկուսացման և վնասազերծման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:
Զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումները բերվել են «Լրիվ» մարտական պատրաստականության աստիճանի: Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորականների միության տարածքային կառույցների հետ՝ սահմանված ժամկետում կազմակերպվել է կցագրված անձնակազմի համալրումը, հայտնում են ՊՆ-ից:
Սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժության շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում ևս ծավալվել է անձնակազմի ընդունման կետ` կենտրոնական ապարատի ստորաբաժանումները լրահամալրելու նպատակով: Զորահավաքային ռեսուրսի համալրման գործընթացը հստակ իրականացնելու նպատակով ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետն ստուգել է ընդգրկված անձնակազմի պատրաստվածությունը:
Արցախում ՊԲ զորքերի և զորատեսակների ներգրավմամբ ընթացող ռազմավարական զորավարժությունների երկրորդ օրը բանակի և ենթակա ստորաբաժանումների ղեկավարման կետերում, համաձայն առկա իրադրության և ըստ այդմ՝ տրված ներմուծականների, ընդունվել են մի շարք որոշումներ հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու և կայուն պաշտպանություն կազմակերպելու ուղղությամբ:
Հատկանշական է, որ ուսումնավարժական միջոցառումների ընթացքում, ինչպես տարբեր աստիճանի հրամանատարական օղակների և շտաբերի կողմից որոշումների ընդունման, այնպես էլ զորքերի մակարդակով դրանց իրականացման ժամանակ բավականին նպատակասլաց կերպով հաշվի են առնվում դասական ռազմարվեսի պահանջները, այդ թվում՝ Արցախյան առաջին պատերազմում և 2016թ. ապրիլյան քառօրյայում արձանագրված առավել ուսանելի դասերը:
«Անչափ խրախուսելի է, որ ՊԲ որոշ զորատեսակներ, մասնավորապես՝ հակաօդայինները, ռազմավարական զորավարժությունների ընթացքում իրենց պատրաստակամության բարձր աստիճանը, տեսականին զուգահեռ, ցուցադրում են նաև գործնականում: Դրա ապացույցն է, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը 10.15-ի սահմանում Արցախի օդային սահմանը խախտած հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքի խոցումը Ակնայի պաշտպաական հատվածում», - ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ անցկացվող ռազմավարական զորավարժությունների, ընդ որում՝ ուսումնավարժական հավաքների և պարապմունքների անցկացման միջոցով, նպատակն է որոշել նշված մարմինների պատրաստությունը և ունակությունը պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման ապահովման գործընթացում: