25.11.2024
Դեմիրթաշի` Մոսկվա այցի իրական նպատակները. հարցազրույց
prev Նախորդ նորություն

Քննադատություն ՀԱՊԿ-ի հասցեին. թուլությո՞ւն, թե՞ խնդիրների բարձրաձայնում

ՀԱՊԿ-ի հասցեին քննադատություններ հնչեցնելու պահը վաղուց հասունացել էր: Այդ մասին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիտողություններին:

Սարգսյանը դեկտեմբերի 21-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվատանգության խորհրդնի նիստին Մոսկվայում հայտարարեց, որ «ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշամբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ», ուստի հարկավոր է արձագանքել:

Արտակ Զաքարյանի խոսքով, նախագահ Սարգսյանի նման ելույթի կարիք զգում էր նաև հայ հանրությունը, ովքեր սահմանային միջադեպերի ժամանակ մշտապես ակնկալում են ՀԱՊԿ-ի աջակցությունը:

«ՀԱՊԿ անդամ պետության սահմանների վրա մշտապես իրականացվում են ոտնձգություններ, որին արձագանք չի արվում, ուստի, սա նորմալ և իրավիճակից բխող հայտարարություն էր: Դատելով ՀԱՊԿ նպատակից՝ ՀԱՊԿ-ի հետապնդած խնդիրներից, եթե կառույցի անդամներից մեկի սահմանը պարբերաբար ռմբակոծվում է, սահմանները լարված են, արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ, անկարելի կլիներ ՀԱՊԿ-ի ամբիոնից չխոսել այս մասին»,- շեշտեց Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ այս առնչությամբ Սարգսյանի համեմատականը ՆԱՏՕ-ի հետ տեղին էր ու համարժեք, հայտնում է tert.am-ը:

"Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման", - հայտարարեց նախագահը՝ կոչ անելով դասեր քաղել ՆԱՏՕ-ի փորձից:

Հարցին՝ ո՞րն է այդ պետությունների անտարբերության կամ հարցը լռության մատնելու պատճառը, պատգամավորը պատասխանեց, թե իրենք հասկանում են, որ կան անձնական և նաև այլ տիպի շահեր, բայց դրանք չպետք է արդարացված լինեն այն աստիճանի, որ անտեսանելի դարձնեն գործընկեր անդամ-պետությանը սպառնացող կարևորագույն խնդիրները:

«ՀԱՊԿ-ն իր գործողությունները, իր դիրքորոշումները վերաիմաստավորելու, վերարժևորելու կարիք ունի»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը՝ վստահեցնելով, որ Սերժ Սարգսյանը դիտողություններն արդեն իսկ տեղ են հասել: Պատգամավորը նկատեց, որ Սերժ Սարգսյանի դիտողություններն ուղված ՀԱՊԿ-ին ուշացած չէին, և նախագահն այս քայլին չի դիմել «դանակը ոսկորին հասնելուց» հետո:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով՝ դաշինքի այլ անդամ-երկրների ղեկավարներին հրապարակավ քննադատելը ցույց է տալիս ՀՀ իշխանությունների թուլությունը: «Դա միայն նշանակում է, որ չի հաջողվել այս տարիների ընթացքում այնպիսի դաշնակցային հարաբերություններ հաստատել, որ հնարավոր լիներ աշխատանքային քննարկում անել, այլ ոչ թե հրապարակային մեղադրանքներ հնչեցնել», - ասաց Վլադիմիր Կարապետյանը: