26.11.2024
Ամուլսարի համար պայքարող երեք երիտասարդ է կալանավորվել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Հայկ Մարությանը այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մանուկյանին: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:


Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարին կատարված աշխատանքի համար՝ քաղաքապետը նկատել է. «Պարոն Մկրտչյանը դարձել էր մեր թիմի լիարժեք անդամը, բայց որոշում կայացրեց իր հետագա գործունեությունը շարունակել այլ ոլորտում: Շատ կարեւոր է գնահատել անցած ճանապարհն ու արված աշխատանքը, որովհետեւ միայն այդպես կարող ես ստեղծել նորը: Այսօր վարչական շրջանում կան դեռեւս շատ անելիքներ, որոնք, վստահ եմ, կկարողանանք միասին իրագործել»:


Քաղաքապետը հավելել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարը Նորք-Մարաշի բնակիչ է եւ քաջատեղյակ է առկա խնդիրներին: Բացի այդ, մասնավոր սեկտորում նրա աշխատանքի մեծ ճանապարհն ու փորձը դրականորեն կանդրադառնան համայնքի զարգացման գործին: «Համայնքային աշխատանքը ամենածանր եւ դժվար գործերից է: Վստահ եմ՝ գիտակցում եք պատասխանատվության չափը: Այստեղ գործ ունենք բնակիչների ամենօրյա խնդիրների հետ, որոնք պահանջում են արագ եւ կոնկրետ քայլեր ու լուծումներ»,- շեշտել է Հայկ Մարությանը:


Քաղաքապետն աշխատակազմի հետ զրուցել է նաեւ մի շարք ոլորտներում առկա խնդիրներից, մասնավորապես աղբահանության կազմակերպումից, ներկայացրել վիճակն ու խոսել քաղաքապետարանի ձեռնարկած քայլերի մասին:


Վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Վաղարշակ Մկրտչյանը այս պաշտոնում նշանակվել էր 2015 թվականի վերջում: