Ընդդեմ Ռուսաստանի՞. Օտարերկրյա վարորդական վկայականներով ՀՀ-ում վարորդ աշխատելը կարգելվի
Ազգային ժողով ներկայացված օրենսդրական նոր նախագիծը նախատեսում է փոխադարձության սկզբունքով արգելել օտարերկրյա պետությունների վարորդական վկայականներով Հայաստանում վարորդ աշխատելը, եթե օտար պետությունները նույն արգելքը սահմանել են ՀՀ կողմից տրված վարորդական իրավունքների վրա։
Խորհրդարանում այս նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը և «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հիշեցրին, որ Ռուսաստանում թեև օրենսդրական մակարդակում կա ՀՀ վարորդական վկայականով ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքը, այն գործնականում չի կիրառվում, հայտնում է Shantnews-ը:
Հակոբյանը նաև զգուշացրել է, որ կարիք չկա հակադրվել ու նման վարք դրսևորել դաշնակից պետության նկատմամբ։
Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը պարզաբանել է, որ այս նախագծում որևէ հակադրվելու միտում չկա։ Նույնիսկ ռուսական կողմը, ըստ Քոչարյանի, նախապես տեղյակ է եղել հայկական կողմի նման մտադրության մասին։
«Ի՞նչ ասվեց մեզ (ռուսական կողմից-խմբ․)։ Ասվեց՝ դրվո՞ւմ են բացառություններ, դուք էլ ձե՛ր օրենսդրությամբ բացառություններ նախատեսեք։ Եթե մենք նախատեսում ենք ձեր քաղաքացիների համար, դուք էլ նախատեսեք մեր քաղաքացիների համար»,- հայտնել է Քոչարյանը։