Հայաստանը հավանություն տվեց մահապատժի վերացմանն ուղղված արձանագրությանը
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը, որը ստորագրվել է 1989թ. դեկտեմբերի 15-ին:
Նշենք, որ արձանագրությունը ստորագրել է 38 պետություն, ուժի մեջ է մտել 87 պետության համար: Արձանագրության ստորագրմամբ Կողմերը համարում են, որ մահապատժի վերացումը կնպաստի մարդկային արժանապատվության բարձրացմանը եւ մարդու իրավունքների առաջադիմական զարգացմանը:
Կողմերը վկայակոչում են 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածը եւ 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածը:
Մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությամբ ամրագրվում է, որ արձանագրության կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի եւ յուրաքանչյուր Կողմ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար:
Արձանագրությունը բխում է «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993թ. սեպտեմբերի 23-ին) 6-րդ հոդվածի տրամաբանությունից, արձանագրության դրույթները կիրառվում են որպես Դաշնագրի լրացուցիչ դրույթներ, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի, ուստի Արձանագրության ստորագրումը եւ հետագայում վավերացումը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ պարտավորություններ չի կարող առաջացնել:
Կողմերը համոզված են, որ մահապատժի վերացմանն ուղղված բոլոր միջոցները պետք է դիտարկել որպես կյանքի իրավունքի իրականացման հարցում ունեցած առաջընթաց:
Արձանագրության վավերացումը թույլ կտա էլ ավելի ամրապնդել Հայաստանի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմինների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների կոմիտեի հետ փոխգործակցությունը՝ էլ ավելի բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային հեղինակությունը: