Մարիա Զախարովան անդրադարձել է Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ, ադրբեջանցի լրագրողի խնդրանքով, մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է և վերջ», որն արվել է օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ:
«Մենք ելնում ենք նրանից, որ, իհարկե, կա ներքին հռետորաբանություն, կան ներքին ուղենիշներ, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների տեսակետները՝ հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին: Եվ կա խաղաղ գործընթաց, որցում կան նաև մասնակիցներ, հովանավորներ, կան միջազգային ջանքեր՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Եվ, իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն խաղաղ կարգավորմանն ուղղված այս ընդհանուր ջանքերի համատեքստում», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով, բանակցային գործընթացում նախկին դիրքերին վերադառնալը շատ դժվար է դառնում այնպիսի հայտարարություններից հետո, որոնք դառնում են «կռվախնձոր» և ավելացնում են լրացուցիչ հարցեր կամ կարող են անհավասարակշռել փխրուն բանակցային գործընթացը:
Զախարովան նշել է, որ նման հայտարարությունները հնչում են «տարբեր մակարդակներում, տարբեր կողմերից»:
«Հարգանքով եմ վերաբերում բոլոր ժողովրդավարական գործընթացներին, բայց ես շատ կցանկանայի, որ բոլոր կողմերը ելնեն հիմնական խնդրից՝ հասնել հնարավորինս արագ խաղաղ կարգավորման», - ասել է նա ՝ ավելացնելով.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է և երկար, բայց դրանում կա ընդհանուր պատկերացում, որ հարկավոր է ավելի արագ առաջ շարժվել, և կողմերի հայտարարությունները պետք է համապատասխանեն այդ հիմնական նպատակին»: