VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ` 2007 թ.- ին, իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 և 1.5 հա մակերեսով հողակտորներ: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Աբրահամյանն իր թիկնազորի ղեկավարի միջոցով դարձել է 4 առանձին` ընդhանուր 2913 քմ մակերեսով հողակտորի փաստացի սեփականատեր: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախկինում հաղորդել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Դիլիջան համայնքի ղեկավարի և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր: Ըստ ՀՔԾ հայտարարության` քանի որ վերը նշված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, ուստի ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Որոշումների օրինակներն ուղարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Դիլիջան համայնքին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար: «Ժողովուրդը» օրաթերթը Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանից տեղեկացավ, որ այդ հողակտորները դեռևս Դիլիջան համայնքին չեն վերադարձվել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԱԾ-ն ձերբակալեց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։ ՀՔԾ-ն հաղորդեց, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38/179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերի չարաշահման կազմակերպումը, և արդեն իսկ վերականգնել է 800 միլիոն դրամի վնասը: Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ են հրավիրվել մեծ թվով մարդիկ և հատկապես կարգոների տերերը՝ ՊԵԿ նախկին նախագահի դեմ ցուցմունք տալու։ Սակայն բոլորին հասկանալի է, որ այս ցուցմունքներն ու ապացույցները ոչ թե Խաչատրյաններին նստեցնելու համար են, այլ հնարավորինս մեծ գումարներ կորզելու։ Դա է վկայում նաև ՀՔԾ հայտարարությունը՝ 800 միլիոն դրամի վերականգնման մասին, վերականգնումը շարունակություն է ունենալու»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հիմա արդեն պարզ է, թե ինչու էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեմ Երևանի քաղաքապետարանում աղբահանությամբ զբաղվող կառույցի ստեղծմանը: Պարզվում է՝ «Սանիթեքի» բազմամիլիոնանոց վարկային փաթեթը «Արդշինբանկն» է տրամադրել, և եթե «Սանիթեքը» զրկվի աղբահանությամբ զբաղվելու լիցենզիայից, այդ վարկերը կարող են չսպասարկվել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սկսվում է հարսանիքների սեզոնը։ Մենք արդեն գրել ենք Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու պատմական հարսանիքի մասին, որը կայանալու է սեպտեմբերի 8-ին։ Սեպտեմբերի 1-ին նաև տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի դստեր՝ Նունեի հարսանիքն է։ Մեկ այլ էլիտար հարսանիք էլ կկայանա սեպտեմբերի 5-ին․ ՀՀԿ-ական գործարար, ժամանակին բիզնեսը Հայաստանից տեղափոխած Հարություն Փամբուկյանի որդին՝ Էդգարն է ամուսնանում։ Հարսանիքը կայանալու է օլիգարխների նոր սիրելի վայրում՝ «Դվին»-ում։ Մոտ 500 հյուր է մասնակցելու արարողությանը, հարսնացուն համեստ ընտանիքից է»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում Սերժ Սարգսյանի դասախոսը, հետաքրքրվեցինք՝ ինչպիսի ուսանող էր 3-րդ նախագահը․ «Երեկոյան ֆակուլտետում ի՜նչ ուսանող, ի՜նչ բան։ Բոլորս գիտեինք, որ գալիս են ժամանակ անցկացնելու, նշանակում էինք՝ գնում էին։ Ես իրեն չեմ հիշում, էն ակնոցներով մի հատ նկար կա, ըտենց մի ընդհանուր բան հիշում եմ»։ Պրոֆեսորը հիշեց մեկ այլ նախկին ուսանողի ևս՝ Գագիկ Բեգլարյանին․ «Սեպտեմբերի 1-ն էր, Բեգլարյանը գնացել էր իր դպրոցը։ Խոսեցնում են էդ դպրոցի դիրեկտորին, ասում է․ «Գագիկ Բեգլարյանը մեր լավագույն աշակերտն է եղել, բոլորը սպասում էին, որ նա խնդիրը լուծի, որ իրենից արտագրեին»։ Ժողում մեր Մյասնիկ Գրիգորյանը մի օր ասաց, որ Բեգլարյանն իր համակուրսեցին էր․ մի օր դասի չեկավ, սաղ օրը Գյուղինստիտուտի բակում ռազբիրատների մեջ էր»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռևս թավշյա հեղափոխությունից առաջ Գլխավոր ռազմական տեսուչը ՀՀ նախագահին կից մարմին էր, որը ղեկավարում էր Միքայել Հարությունյանը, սակայն նախորդ տարվա դեպքերից հետո այդ պաշտոնը վստահվեց Մովսես Հակոբյանին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հեղափոխությունից հետո ռազմական տեսուչի հարցը մնացել էր օդից կախված, և այդպես էլ հայտնի չէր, թե նա պետք է աշխատի ՀՀ նախագահին, վարչապետին, թե՞ Պն-ին կից: Արդյունքում որոշում է կայացվել, որ ռազմական տեսուչին պետք է կցեն ՀՀ պաշտպանության նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ինչին ի պատասխան`վերջինս հայտնեց, որ նոր օրենսդրությամբ Գլխավոր ռազմական տեսուչ անվանումը ենթարկվել է փոփոխության և այժմ այդ կառույցի անունն է Զինվորական վերահսկողական ծառայություն, որն էլ գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Ստացվում է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր աշխատում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ենթակայությամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները բավականին ակտիվ էին և հատկապես Ամուլսարի թեմային վերաբերող հարցերով ակտիվորեն քննադատում էին գործող իշխանություններին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է, որ այլևս այդպես ակտիվ չլինեն, չխոսեն ներքաղաքական հարցերով, այլ անդրադառնան միայն իրենց ոլորտին վերաբերող նեղ մասնագիտական հարցերի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներքաղաքական հարցերով խոսելու պարտականությունը վերապահված է խմբակցության քարտուղար Արման Աբովյանին: Եվ հենց դա է պատճառը, որ այս օրերին ԲՀԿ խմբակցության պատգամավորները խուսափում են հարցազրույց տալ և հորդորում են դիմել Արման Աբովյանին»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Լեհաստանում տեղի ունենալիք ամենամյա տնտեսական ֆորումին, որը կանցկացվի 29-րդ անգամ: Ֆորումի պաշտոնական կայքը հայտնել է, որ Փաշինյանը կլինի ամենասպասված հյուրերից մեկը: Լեհաստանի տնտեսական ֆորումը ընթացիկ տարում հերթականն է, որին կմասնակցի Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դավոսի համաշխարհային հավաքին, մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, այժմ նա լինելու է Լեհաստանի միջազգային տնտեսական ֆորումի հյուրը: Կասկած չկա, որ Հայաստանի վարչապետը ֆորումի մասնակիցներին է ներկայացնելու Հայաստանի թավշյա հեղափոխությունն իր համակողմանի նշանակալիությամբ՝ փորձելով այդ հանգամանքը դիտարկել Հայաստանի ներդրումային գրավչության տեսանկյունից, դրա քաղաքակրթական-արժեհամակարգային համատեքստով: Ի՞նչ կոնկրետ տնտեսական էֆեկտ են ունենում այդ շնորհանդեսները, որ Հայաստանի թավշյա հեղափոխության համար անում է վարչապետը միջազգային համաժողովային հարթակներում՝ բավականին բարդ է չափելը: Ինքնին հասկանալի է, որ անմիջական տնտեսական էֆեկտի, արդյունքի տեսանկյունից չափումը մխիթարական լինել չի կարող:
Մյուս կողմից՝ հնարավոր էլ չէ պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո լինելու է ներդրումների առատ հոսք՝ ինչպիսին էլ լինի ելույթը, և թերևս ով էլ ունենա այդ ելույթը: Բանն այն է, որ տնտեսական գործընթացները, որպես կանոն, ժամանակատար գործընթացներ են, առավել ևս ներկայիս համաշխարհային ռիսկայնության բարձր մթնոլորտում՝ ուժային կենտրոնների միջև առևտրային պատերազմների թեժ փուլում: Այստեղ, իհարկե, կապիտալին հետաքրքրելու համար պահանջվում են ոչ միայն ելույթ-շնորհանդեսներ՝ դրանք իհարկե ունեն իրենց որոշակի տեղն ու դերը, այլ նաև տնտեսաքաղաքական և ընդհուպ՝ ռազմաքաղաքական համալիր ջանք, ինչն ինքնին արդեն իսկ ժամանակատար գործընթաց է: Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո այդ ուղու վրա է՝ դա ակնառու է: Հայաստանում փոփոխությունը բերել է արտաքին քաղաքական որոշակի շեշտադրումների փոփոխության, որոնք իրենց մեջ պարունակում են բավականին խորքային, ընդհուպ՝ ռազմաքաղաքական վերափոխումների ներուժ և դրա հանդեպ միջազգային հետաքրքրություն, ընդ որում՝ տարբեր ուժային կենտրոններից:
Այստեղ, սակայն, հատկանշականն այն է, որ Լեհաստանի ֆորումին Նիկոլ Փաշինյանը մեկնում է առանձնահատուկ հարցի ֆոնային ուղեկցությամբ՝ Ամուլսար: Այստեղ պատկերը հակասական է: Լեհաստանի տնտեսական ֆորումն անցկացվում է Եվրոպայում հեղինակավոր առողջարանային քաղաքներից մեկում: Այդ տեսանկյունից թվում է, թե Ջերմուկի համար Ամուլսարի դեմ պայքարը պետք է «տրենդային» լինի: Մյուս կողմից, սակայն, ֆորումի անցկացման վայրն ինքնին դեռևս չի կանխորոշում ֆորումի բովանդակություն և, այսպես ասած, տրամադրություն: Խոսքը բիզնեսի մասին է, իսկ բիզնեսում գերակա է մի հարց՝ ներդրումների պաշտպանության և սեփականության անձեռնմխելիության խնդիրը: Մնացյալ հարցերն այդ իմաստով ածանցյալ են: Եվ այստեղ, ահա, Ամուլսարի ֆոնին Հայաստանի վարչապետի մասնակցությունը Լեհաստանի տնտեսական ֆորումին դառնում է իրապես ինտրիգային»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նախօրեին չեղարկվեցին ԱԺ աշխատակիցների ապօրինի ազատման հրամանագրերը։ Բոլոր նրանք, ում առանց օրինական հիմքի ուղարկել էին կադրերի ռեզերվ, վերադարձան իրենց աշխատանքին, հաստիքացուցակը կլրացվի օրենքի շրջանակներում․ երեկ մեզ հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը։ «Այդ տխուր ավանդույթը, որ ԱԺ նախագահի կարգադրությունները չեն հրապարակվում, մենք ժառանգել էինք նախորդ աշխատակազմից։ ԱԺ աշխատակազմը, գլխավոր քարտուղարությունն իներցիայի ուժով շարունակում էր նույնն անել»,- ասաց նա։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը կպատժվի՞ «իներցիայով գործելու» համար․ Կոստանյանը հայտնեց, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ ծառայողական քննություն կիրականացվի՝ «պարզելու, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, որը ծանր կացության մեջ է հայտնվել: Բանն այն է, որ նա մեծ սիրով ինքնաբացարկ կհայտներ գլուխն ազատելու համար, սակայն չի անում, քանի որ լուրջ պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ դեպքում նա կհայտնվի ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ուշադրության կենտրոնում, ինչպես մեկ անգամ արդեն եղել է: Եվ եթե ԲԴԽ-ն գտավ, որ նրա ինքնաբացարկն անհիմն է, ապա կրկին նկատողություն կհայտնեն, իսկ, ահա, երկրորդ նկատողությունից հետո դատավորի լիազորությունների դադարեցման հարցը առաջ կքաշվի: Ուստի դատելով դատական համակարգում տարածված լուրերից՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնվել է երկու քարի արանքում՝ կա´մ դատավորի կարիերան, կա´մ աղմկահարույց գործը քննելու ծանր բեռը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Սասուն Միքայելյանը թուրն առել, ընկել է նախկինների «ջանին»։ Նա անխնա կադրային ջարդ է իրականացրել՝ առանց բացառության ազատվելով բոլոր նախկիններից՝ ԵԿՄ հաշվապահ, մամուլի խոսնակից մինչև մարզային և տարածքային խորհուրդների նախագահներ։ Սա բացատրել է նրանով, որ ազատվում է նախկինների՝ Մանվել Գրիգորյանի հետքերից: ԵԿՄ նոր խոսնակը լրագրող Դիանա Դավթյանն է, ում վերջին աշխատավայրը 24news.am-ն էր։ Նա հաստատեց մեր տեղեկությունները՝ պարզաբանելով․ «ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունից հետո, երբ ձևավորվեց նոր վարչություն` միանգամայն նոր անդամներով, և վարչության նիստում պարոն Միքայելյանը, օգտվելով ԵԿՄ նոր կանոնադրության ընձեռած հնարավորություններից, առաջարկել է բոլոր բաժանմունքները՝ թե՛ երևանյան, թե՛ մարզային, համարել լուծարված։ Իր առաջարկը միաձայն ընդունվել է վարչության բոլոր անդամների կողմից։ Ըստ այդմ՝ բոլոր բաժանմունքների բոլոր ղեկավարներն անխտիր փոխվել են պարոն Միքայելյանի հրահանգով, և նոր մարդիկ նշանակվել են կառույցների ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնց մի մասը հաստատվել է այդ պաշտոնում, իսկ մյուսները հնարավոր է հաստատվեն կամ փոխարինվեն այլ թեկնածուներով»։ Խոսնակը տեղեկացրեց, որ մոտ ապագայում սպասվող խորհրդի նիստում, ամենայն հավանականությամբ, այդ հարցին լուծում կտրվի։ Նիստի օրը դեռ հայտնի չէ»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն դեռ չի ավարտել Երևանի մետրոպոլիտենում ստուգումները: Ինչպես հայտնի է, ԱԱԾ ստուգումներից հետո Երևանի մետրոպոլիտենում հայտնաբերված չարաշահումների հիման վրա ԱԱԾ-ում ներկայումս քրեական գործ է քննվում: Ստուգումները, սակայն, առ այսօր շարունակվում են: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ-ից բացի, մետրոպոլիտենում ստուգումներ է իրականացնում նաև Երևանի քաղաքապետարանը: Ամենայն մանրամասնությամբ ստուգվում է ամեն ինչ: Ընդ որում, այդ ստուգումների ժամանակ բավական ուշագրավ դրվագներ են բացահայտվում: Օրինակ՝ կարող է բացահայտվել կամ արդեն իսկ բացահայտվել է, որ մետրոյից որոշ շենքերում տարիներ շարունակ «լևի» լույս է անցկացված եղել: Մեզ պատմեցին, որ տարիներ շարունակ մետրոյից «լևի» հոսանքով սնվում է նաև Հանրապետություն-Բուզանդ փողոցների խաչմերուկում գտնվող այն բնակելի շենքը, որտեղ ներկայումս բնակվում է քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս շենքում բնակվում են մի քանի այլ հայտնի դեմքեր ևս»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակը պետք է լինի Հայաստանի միջազգային սուբյեկտության բարձրացումը, նախօրեին տեղի ունեցած դիվանագետների հավաքի իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երևանում անցկացվել է Հայաստանի դեսպանների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք, որում ուղենշվել են արտաքին քաղաքականության հիմնասյուներն ու անելիքները:
Կա տարածված արտահայտություն, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Միևնույն ժամանակ, այդ արտահայտությունը կարելի է վերափոխել, կամ անհրաժեշտ է լրացնել, որ արտաքին քաղաքականությունը նաև տնտեսական կարողությունների շարունակությունն է, ինչ-որ իմաստով այդ կարողությունները նաև համալրելու համար: Ինչպիսի՞ խոսք է գնացել հանդիպման փակ մասում այդ թեմայով, հայտնի չէ, սակայն հանդիպման բաց մասում թե՛ վարչապետի, թե՛ արտգործնախարարի ելույթում քիչ է եղել կամ գրեթե չի եղել անդրադարձը Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին: Մինչդեռ, այդ բաղադրիչի շեշտադրում արվել է թե՛ նախկին իշխանության շրջանում, երբ հատուկ փոխնախարարի հաստիք ավելացավ հենց տնտեսական հարցերով զբաղվելու համար, և թե՛ նոր իշխանությունն է շեշտադրել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ու դիվանագիտության խնդիրն է նաև ներդրումներ ներգրավել Հայաստան:
Վերջին հաշվով, տնտեսապես հնարավորինս ինքնաբավ, իսկ պրակտիկ իմաստով՝ ավելի շուտ դիվերսիֆիկացված պետությունն է, որ կարող է հավակնել սուբյեկտային արտաքին քաղաքականության: Իսկ Հայաստանի համար դիվերսիֆիկացված տնտեսական ներուժը հրատապ խնդիր է, եթե հաշվի առնենք այն, որ մեր գրեթե բոլոր ձվերը, տարբեր հանգամանքներից ելնելով՝ տարեցտարի կուտակվել են հիմնականում մեկ զամբյուղում՝ ռուսական կամ եվրասիական, կամ օլիգարխիկ, որը հիմնական թելերով տարել է նույն ռուսական ուղղությամբ: Այդ իմաստով, Հայաստանը շաբաթներ առաջ արել է էական հայտարարություն Իրանի հետ ներքին սպառման համար գազի ձեռքբերման շուրջ բանակցության վերաբերյալ: Միաժամանակ, Երևանը հայտարարել է, և այդ մասին հնչել է նաև նախօրեի հավաքում, որ պատրաստ է Չինաստանի հետ քննարկել ենթակառուցվածքային ռեգիոնալ նախագծերի մասնակցության հարցը:
Հրապարակային մակարդակում այդ հայտարարություններն արդեն իսկ նշանակալի են, սակայն ամեն ինչ, բնականաբար, կախված է լինելու հնարավորինս արագ արդյունքի արձանագրումից: Մյուս կողմից, արդյունքը կարող է լինել ոչ միայն կոնկրետ վիճակագրության տեսքով, այլ նաև քաղաքական քննարկումների ավելի հրապարակային գործընթացների, որոնք կարող են լինել նաև արտաքին քաղաքական որոշակի ֆորմատների ձևավորման նախադրյալներ, երբ, օրինակ, Իրանի հետ գազի բանակցությանը կարող է միանալ Վրաստանը, հաջորդիվ Եվրամիությունը, գուցե Ուկրաինան: Կամ Չինաստանի հետ ենթակառուցվածքային՝ ենթադրաբար, Մետաքսի ճանապարհի չինական ծրագրի շուրջ բանակցությանը կարող է միանալ Իրանը:
Հայաստանն այդ առումով ունի իրադարձությունների հետևից հասնելու անհրաժեշտություն, քանի որ մեր շուրջն այդ իմաստով ձևավորված են ամենատարբեր ֆորմատներ, որոնցից ոչ բոլորն են, իհարկե, ստացել առարկայական քաղաքական և տնտեսական արդյունքներ, սակայն ինքնին որպես գործընթաց ապահովում են մասնակիցների որոշակի սուբյեկտություն: Անշուշտ, սխալ է միարժեք պնդել, որ դա պետք է լինի նաև Հայաստանի սուբյեկտության չափման, այսպես ասած, նշաձողը կամ ինդիկատորը, որովհետև հայկական պետական սուբյեկտությունն ունի իր ռեգիոնալ առանձնահատկությունը, և այդ տեսանկյունից առանցքում արցախյան հաղթանակն է և ստատուս-քվոն: Սակայն մյուս կողմից, այստեղ արդյունավետության համար հույժ կարևոր է տնտեսական դիվերսիֆիկացիան և, ըստ այդմ, որոշակի ինքնաբավության հենքը, առանցքը պահելու և դրա շուրջ իրավիճակը հնարավորինս բազմաշերտ ֆորմատներով բյուրեղացնելու համար»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանությունը սկսել է մերսման սրահներում տեսախցիկներ տեղադրել, որպեսզի կարողանա ամբողջական տեղեկատվություն ստանալ դրանց գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկատվության արդյունքում աշնանը կներկայացվի օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որպեսզի հնարավոր լինի մերսման սրահները տարանջատել դրանց անվան տակ գործող բորդելներից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային կանոններով թելադրված ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4- 5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Չնայած որ հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս ամիս կա, բայց մարդիկ սկսել են միջոցներ հայթայթել և մեկ օր շուտ ավտոմեքենա գնել էժան գնով: Բայց սրան զուգահեռ նկատենք, որ մեքենա վաճառողները, առիթից օգտվելով վերջին շրջանում զգալի բարձրացրել են մեքենաների գները: Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեքենա ներկրողների մեծ մասը «պահեստավորել է» մեքենաները, որպեսզի դրանք վաճառի հունվարի 1-ից հետո կրկնակի թանկ գնով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Բուքմեյքերական գրասենյակների տնօրենները մրցակցության մեջ են և միջնորդներ են փնտրում, որպեսզի առանձնապես խոշոր խաղադրույքներ կատարողներին ուղղորդեն հենց իրենց գրասենյակներ։ Մեզ հայտնի դարձավ, որ վերջին շրջանում այդ գրասենյակների ղեկավարներն աշխատում են ՊԵԿ բարձրաստիճան մի պաշտոնյայի ուղղությամբ, որը սեր ունի աննախադեպ մեծ՝ 10-15 միլիոն դրամի խաղադրույքներ կատարել։ Եթե ԱԱԾ-ն մի քիչ հետևողական լինի, ապա չի բացառվում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի շուրջ սկանդալը այդ դեպքի համեմատությամբ զավեշտ թվա։ Էլ ավելի հետևողականության արդյունքում կարող է ծնվել ապօրինի հարստացման հոդվածով հերթական քրեական գործը»։