Բեյրութի մոտ կործանված իսրայելական անօդաչուները պայթուցիկ են կրել. «Հիզբոլլահ»
Լիբանանյան «Հիզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ կիրակի Բեյրութի մոտ կործանված իսրայելական անօդաչուները պայթուցիկ են կրել եւ նախատեսված են եղել մարտական խնդիր լուծելու և ոչ թե հետախուզության: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հարավային արվարձանում ընկած առաջին անօդաչուի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա մեջ տեղադրված էր С4 տեսակի 5,5 կգ քաշով մեկուսացված պայթուցիկ սարք: Ստացած այս նոր տվյալների հիման վրա մենք հայտարարում ենք, որ առաջին անօդաչուի նպատակը հետախուզումը չէր, այլ դրված էր պայթեցումով մարտական խնդիր՝ ճիշտ նույն կերպ, ինչպես տեղի էր ունեցել երկրորդ սարքի դեպքում: Մենք հաստատում ենք, որ շաբաթ գիշերը հարավային արվարձանը ենթարկվել է ականապատ անօդաչուների հարձակման»,- նշված է շարժման մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, կիրակի գիշերը իսրայելական անօդաչուները հարձակվել էին Բեյրութի հարավային արվարձանի վրա, սակայն դրանցից մեկը կործանվել էր և հայտնվել «Հիզբոլլահի» գրոհայինների մոտ, իսկ երկրորդը պայթել էր՝ նյութական վնաս պատճառելով շիական շարժման մամուլի ծառայության շենքին: «Հիզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը խոստացել է Իսրայելի գործողություններին համարժեք պատասխան տալ: Իր հերթին, երկրի վարչապետ Սաադ Հարիրին դրանք անվանել է Լիբանանի ինքնիշխանության դեմ անթաքույց ագրեսիա: