Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի շահագործման ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից նախատեսված մեղմման միջոցները Advanced Resources Development (ELARD, ԷԼԱՐԴ) ընկերության փորձագետները գնահատել են ողջամիտ և համապատասխան։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։
Լրագրողներից մեկն ընթերցեց ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների զեկույցից մի հատված, որտեղ գրված է, որ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները անվստահելի, հետևաբար, հարցին, թե հանքավայրի ընդհանուր շահագործումը կարո՞ղ է, արդյոք, համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել։ Լրագրողը հարցրեց, թե ինչպե՞ս է Քննչական կոմիտեն պնդում, որ շահագործումից վտանգ չկա;
Իվանյանը պատասխանեց, որ առաջնային պլան է մղվում այն միջոցառումների համակարգը, որոնք պետք է կանխեն առկա վտանգները։
«Մեղմման միջոցները, որոնք նախատեսել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, փորձագետների կողմից գնահատվել են ողջամիտ և համապատասխան։ Միաժամանակ, առաջադրվել են լրացուցիչ միջոցառումներ, և փորձագետները նշում են, որ եթե այդ ամբողջ համակարգը կիրառվի պատշաճորեն, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ Եթե բնապահպանական ռիսկերը լինեն կառավարելի, նշանակում է վնաս չկա»,- ընդգծեց Քննչական խմբի ղեկավարը։
Հարցին, թե Քննչական կոմիտեն ի՞նչ մասնագետների հետ է քննարկել «Լիդիան Արմենիա»-ի պարզաբանումների հավաստիությունը և ինչո՞ւ է այդ ընկերությունը ներգրավվել որպես քրեական գործի կողմ, Իվանյանը պատասխանեց, որ վարույթ իրականացնող մարմինը «Լիդիան Արմենիա»-ի պարզաբանումները, ներկայացված հիմնավորումներն ու փաստարկները քննարկել է, վերլուծել է քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների համակցության մեջ և եկել է եզրահանգումների։
«Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը որպես կողմ ներգրավելուն, ապա Դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում ընկերությանը որպես կողմ ներգրավելը, որովհետև, եթե ընթանում է փորձաքննություն և կասկածի տակ է դրվում տվյալ ընկերության գործունեությունը, ապա պետությունը պետք է ապահովի բոլոր միջոցները որպեսզի նա հնարավորություն ունենա ներկայացնելու իր պարզաբանումները։ Եվ վերջնական գնահատականը, ամեն դեպքում, տալիս է վարույթ իրականացնող մարմինը»,- ասաց Իվանյանը։
Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողներին հայտնել էր, որ Ամուլսարի հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։
Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների խմբին:
Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ Ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:
«Հինգ հիդրոերկրաբանական միավորներ են առանձնացվել ստորգետնյա ջրերի ուսումնասիրության տարածքում (ՍՋՈւՏ), որը պատշաճ կերպով է սահմանված: Սահմանային գետերի կառուցվածքային հսկողությունը ապահովում է, որպեսզի ՍՋՈւՏ-ից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները, որոնք ստեղծվել են Ծրագրի շրջանակներում Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա, ընդհանուր առմամբ բավարար են», - ասված է եզրակացությունում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքավայրի տարածքում ստորգետնյա ջրերը ուղղակիորեն չեն թափվի Կեչուտի ջրամբար, քանի որ Կեչուտի ջրամբարի տակ կան դեպի ներքև հոսող ուղղահայաց հիդրավլիկ սահանցումներ, իսկ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի:
Ըստ զեկույցի՝ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ Ամուլսարի ծրագրի շրջանակներում ազգային կամ միջազգային կարգավորումների կամ առաջարկությունների որևէ խախտում չի արձանագրվել:
Օդի որակի վրա ազդեցության մասով զեկույցում ընդգծված է. «Ընդհանուր առմամբ, չեն հայտնաբերվել լուրջ խնդիրներ, որոնք հնարավոր չլինի մեղմել: Հաշվի առնելով լրացուցիչ մեղմման միջոցները, ինչպես նաև մոնիթորինգային գործողությունները, օդի որակի մասով Ծրագրի ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, կառավարելի է»:
Զեկույցի համաձայն՝ հարակից բնակավայրերը գտնվում են տեղանքից համեմատաբար հեռու, շրջակա միջավայրի օդի որակի չափանիշների խախտումներ չեն ակնկալվում: Օդի հետ կապված շրջակա միջավայրի խնդիրն ընդունելի է, սակայն առաջարկվում է բարելավել աղտոտման աղբյուրները և դրանց ազդեցությունների մոնիթորինգը և վերահսկումը։
Միևնույն ժամանակ, զեկույցում առկա են նաև Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված առանձին դիտարկումներ որոշ թերությունների և խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես նշված է, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, ազդեցություն ունենալ Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սևան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենալ Սևանա լճի վրա:
Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում 2018թ. հուլիսի 20-ին քրեական օրենսգրքի 282 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ: Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի՝ հող, օդ, ջուր, բուսական և կենդանական աշխարհ, դրանց վրա վնասակար ազդեցության ռիսկերի, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածության, ինչպես նաև ներկայացված շրջակա միջավայրի ազդեցության, բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների անկախ փորձագիտական գնահատման նպատակով Քննչական կոմիտեի կողմից 2018 թ. նոյեմբերի 8-ին հայտարարվել է երկու փուլով միջազգային հավատարմագրված կազմակերպություններին նախաորակավորման ընթացակարգ:
2019 թ. հունվարի 19-ին մրցութային հանձնաժողովի կողմից ամփոփվել են մրցույթի արդյունքները և որոշվել է նախապատվությունը տալ ԷԼԱՐԴ ընկերությանը:
2019 թ. փետրվարի 21-ին թիվ 148 որոշմամբ Քննչական կոմիտեին 2019 թ. պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացվել է 396 հազար ԱՄՆ դոլար` ԷԼԱՐԴ ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով: Մարտի 18-ին քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների խմբին:
Վերջիններս ձեռնամուխ են եղել փորձաքննության իրականացմանը: Համալիր փորձաքննության շրջանակում միջազգային փորձագիտական խմբի կողմից իրականացվել է ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատում (Սևանա լիճը, Սպանդարյան–Կեչուտ թունելը և ջրամբարը, Արփա, Դարբ և Որոտան գետերը, Ջերմուկի աղբյուրները, ստորգետնյա ջրային ավազանները), երկրաբանական ազդեցության վրա գնահատում, կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատում, օդի որակի վրա ազդեցության գնահատում՝ համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջ քաշված թվով 15 հարցերի օբյեկտիվ պարզաբանում:
Հուլիսի 22-ին համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը ներկայացվել է: Այն բաղկացած է եղել 188 թերթից և 2 հավելվածից: Ընդհանուր փաստաթղթերի թերթերի քանակը կազմում է 237 թերթ: Թարգմանության ծավալը կազմում է 341 թերթ: