23.11.2024
Լարսում դեղձով բեռնված հայկական բեռնատարերի զննումն ավարտվել է. նախարարություն
prev Նախորդ նորություն

Հայաստանում քրգործ է հարուցվել ՌԴ-ից զենք մատակարարելու մրցույթի ձախողման պատճառով

Զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով, որին մասնակցել է ռուսական ընկերություն, Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Նշվում է, որ մայիսին հանրապետության Պաշտպանության նախարարությունն իր պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց մի քանի միլիոն դոլար գումարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ: Առաջադրված պահանջներին կարողացավ համապատասխանել միայն ռուսական ORSIS ընկերությունը:


Շուտով, սակայն, հայտնի դարձավ, որ մրցույթը փակվել է առանց բացատրության: ORSIS ընկերությունը դիմել է Վերաքննիչ հանձնաժողովին և Հայաստանում իր շահերը ներկայացնող փաստաբանին, որի արդյունքում դատական ​​հայց է ներկայացվել: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:


ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաստատել է քրեական գործի մասին տեղեկատվությունը:


«Բոլոր լրացուցիչ տեղեկությունները կտրամադրվեն քննչական մարմինների աշխատանքների ավարտին», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը:


Գործի մանրամասները


ORSIS ընկերությունը Promtechnology խմբի մաս է կազմում, որը մի քանի տարի է մատակարարում է Երևանին զենք, զինամթերք և օպտիկա: Ընկերությունը, որն ըստ մամուլի հրապարակումների որոշակի կապեր ունի «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար, Հայաստանի հանդեպ ոչ վաղ անցյալում բացասական հայտարարություններով աչքի ընկած Դմիտրի Ռոգոզինի հետ, հայտնել է, որ այժմ իրենք սև ցուցակում են:


«Գործակալությունը հայտարարել է, որ մենք չենք տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, ինչը ճիշտ չէ: Դրանից հետո մի քանի շաբաթվա ընթացքում մենք տրամադրեցինք բոլոր այն տեղեկությունները, որոնք Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես խնդրել է ներկայացնել: Արդյունքում՝ մեզ հայտնեցին, թե մենք չենք տրամադրել որոշ ապրանքների ընդունման-հանձնման ակտեր», - ասել է ORSIS-ի ներկայացուցիչը:


Ըստ նրա, ՀՀ Պաշտպանության նախարարությունը նաև պահանջել է վճարել մի քանի հարյուր հազար դոլար բանկային երաշխիք, չնայած օրենքով դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընկերությունը շահել է մրցույթում և ինքը հրաժարվել պայմանագիր կնքելուց:


Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ստեղծված իրավիճակը սպառնում է խափանել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցումը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումներեվ, խոսքը մի քանի միլիոն դոլար գումարի մասին է:


Կապը Ռոգոզինի ընտանիքի հետ


Համաձայն ռուսական ԶԼՄ-ների հրապարակման, Promtechnology խմբի մաս կազմող հրազեն արտադրող Orsis ընկերության տնօրեն է աշխատել ոչ վաղ անցյալում Դմիտրի Ռոգոզինի որդին՝ Ալեքսեյ Ռոգոզինը:


Ռոգոզին կրտսերը, համաձայն versia.ru-ի հրապարակման, այնուհետեւ նշանակում է ՌԴ ՊՆ-ում իր հոր՝ Դմիտրի Ռոգոզինին ենթակա ընկերությունների աշխատանքի համակարգող: Այդ ժամանակ Ռոգոզինը ՌԴ փոխվարչապետ էր եւ համակարգում էր Ռազմաարդյունաբերության ոլորտը: Իսկ արդեն 2017 թ-ին նրա որդին նշանակվել է ՌԴ Միավորված ավիացիոն կորպորացիայի փոխնախագահ:


Promtechnology ընկերությունը Ռուսաստանի զենքի շուկա է դուրս եկել 2012 թ-ին Glock մակնիշի ատրճանակների արտադրությամբ, որոնք հավաքվել են Մոսկվայի զենքի գործարանի բազայի վրա: Հենց այդ գործարանը ղեկավարել է ժամանակին Ռոգոզինի որդին: Նախատեսվում էր, որ այդ ատրճանակները մատակարարվելու են Ռուսաստանի հատուկ նշանակության զորքերին, սակայն դրանց արժեքը պատվիրատուների համար բարձր է եղել:


Glock 17 ատրճանակի գինը եղել է 210 հազար ռուբլի, իսկ Glock 26 ատրճանակինը՝ 191 հազար ռուբլի, այն պարագայում, երբ մոսկովյան ցանկացած զենքի ակումբներում նույն ատրճանակները, եթե հավատանք ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հրապարակումներին, վաճառվում են 65 հազար ռուբլով: Այսինքն՝ ատրճանակների գինը փորձել են բարձրացնել չորս անգամ:


Այսքանով սակայն Ռոգոզինի որդու աշխատանքային կարիերան չի ավարտվում: Նա նշանակվում է Տուլայում Ալեքսինսկի քիմիական կոմբինատի գործադիր տնօրենի տեղակալ՝ խոստանալով վերականգնել այնտեղ վառոդի արտադրությունը: Քիմիական կոմբինատը գտնվում էր, համաձայն Ռոգոզինի հայտարարության, անմխիթար վիճակում: Վառոդի արտադրությունն այդպես էլ չի վերականգնվում: