Ջրի խնդիրը. Արճիսի բնակիչները փակել են Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը
Այրում խոշորացված համայնքի Արճիս բնակավայրի բնակիչները վաղ առավոտից փակել են Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը: Պատճառը խմելու ջրի բացակայությունն է:
Բնակավայրում չկա մշտական ջուր, իսկ գյուղի աղբյուրները ցամաքել են։ Արճիսցիները նաեւ տան օգտագործման համար ջուր չունեն։ Ակցիայի մասնակիցները պահանջում են Կառավարության հաջորդ նիստին հարցը քննարկել։
«Մենք գործ ունենք խմելու ջրի հետ, մարդիկ օրերով խմելու ջուր չունեն, պետք է գնալ կողքի գյուղից ջուր բերել։ Դիմել ենք մարզպետարան, սակայն մեզ որեւէ պատասխան չի եկել»,- նշեց Արճիս գյուղի բնակիչ Արփինե Միկիչյանը։ Արփինեն հավելեց նաեւ, որ կողքի գյուղում մի աղբյուր կա, որից օգտվում են, բայց չգիտեն ՝ այդ ջուրը խմելու համար պիտանի է, թե ոչ։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին եւս արճիսցիները փակել էին միջպետական ճանապարհը, որը բացվել էր մարզպետարանի աշխատակիցների հետ զրույցից հետո։