ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Օգոստոսի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարար Ռամոնա Նիկոլ Մընեսկուին (Ramona Nicole Mănescu)։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Հանդիպման սկզբում դեսպան Մինասյանը շնորհավորեց նախարար Մընեսկուին Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց հաջողություն։ Կողմերը քննարկեցին Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները` հիմնված երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա։
Նախարար Մընեսկուն վստահեցրեց, որ Ռումինիան աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելության ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա:
Քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև՝ անվտանգային ոլորտներում շփումների ակտիվացումը:
Զրուցակիցները կարևորեցին Ռումինիայի հայ համայնքի դերը, որը շարունակում է ակտիվ ներգրավվածություն ունենալ ինչպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ՝ հայ ինքնության պահպանման գործում:
Դեսպան Մինասյանը շնորհակալություն հայտնեց ռումինացի ժողովրդին և երկրի իշխանություններին՝ ռումինահայ համայնքի, ինչպես նաև Ռումինիայում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: