Ադրբեջանը նամակներ է գրել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ քարտուղարներին՝ բողոքելով Փաշինյանից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նամակներ է ուղղել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարներին և մյուս անդամներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված: Նամակներում մատնանշվում է, թե Փաշինյանի հայտարարությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան:
Ըստ նրա, Ադրբեջանը Հայաստանի վարչապետի հայտարարությունը դիտարկում է իբրև իրավիճակը սրելու փորձ: «Ադրբեջանական կողմը Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները համարում է «կարմիր գծի» անցում, որի հետևում ընկած է իրավիճակի հետագա սրումը», - նշել է նա:
Օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց. «Արցախը Հայաստանն է, և վերջ»:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին հայտարարեց, որ ՀՀ վարչապետը հստակ ձևակերպել է հայկական կողմի դիրքորոշումը և դրան ավելացնելու ոչինչ չկա: