Իրանը դեմ է Կասպից ծովում գազատարի կառուցմանը, քանի որ դա կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի էկոլոգիային: Այս մասին հայտարարել է իրանական National Gas Company ընկերության ներկայացուցիչ Բեհրուզ Նամդարին:
«Կասպից ծովի արեւելքից արեւմուտք գազատարի կառուցումը կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի էկոլոգիային: Իրանը դեմ է գազատարի կառուցմանը»,- հայտարարել է Նամդարին:
Իր հերթին, ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն նշել է, որ Կասպից ծովի 5 երկրներն իրավունք ունեն մասնակցելու ցանկացած նախագծի էկոլոգիական էքսպերտիզային՝պարզելու համար տնտեսական նախագծերի հնարավոր ազդեցությունը Կասպից ծովի էկոլոգիայի վրա:
Արևմուտքի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ակտիվ լոբբինգով Կասպից ծովի երկու երկրներ՝ Ադրբեջանն ու Թուրքմենստանը փորձում են կյանքի կոչել Տրանսկասպյան գազամուղը, որը պետք է անցնի Կասպից ծովի հատակով ու միանալով Ադրբեջանի էներգետիկ լոգիստիկային՝ թուրքմենական գազն արտահանի Թուրքիա և ԵՄ: Այդ նախագծի նպատակն է նվազեցնել եվրոպական շուկայում ռուսական գազի մոնոպոլիան, ինչն էլ բերելու է նաև ՌԴ-ի գեոպոլիտիկ դիրքերի թուլացմանը:
Ադրբեջանն այս նախագծի կյանքի կոչմամբ գազ ու նավթ արտահանող երկրից վերածվելու է կասպյան էներգակիրներ տարանցող երկրի՝ այդ կերպ բարձրացնելով թե՛ իր գեոպոլիտիկ նշանակությունն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար, թե՛ տնտեսական դիվիդենտներ քաղելով տարանցման համար գումարների տեսքով:
ՌԴ-ն չի ցանկանում այդ նախագծի կյանքի կոչումն, էկոլոգիական խնդիրները միայն պատրվակ են, որպեսզի Արևմուտքը չկարողանա հսկողություն հաստատել կասպյան, թուրքմենական էներգակիրների նկատմամբ: Իրանը նույնպես չի ցանկանում այդ նախագծի իրականացումն՝ առաջարկելով Իրանի տարածքով անցնող լոգիստիկան և իր նավթն ու գազը: ՌԴ-ն ու Իրանը չեն ցանկանում Տրանսկասպյան գազատարի կառուցումը, որը շրջանցելու է ռուսական և իրանական տարածքներն ու մեծացնելու Եվրոպայի էներգետիկ անկախությունն ու ամերիկյան գեոպոլիտիկ դիրքերը Կասպից ծով-Կենտրոնական Ասիա-Կովկաս տարածաշրջանում:
Հարցը կայանում է նրանում, արդյոք Ադրբեջանն ու Թուրքմենստանն, անտեսելով ՌԴ-ի ու Իրանի կարծիքը, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի տնտեսական և, առաջին հերթին, քաղաքական աջակցությունը ստանալով կսկսեն կյանքի կոչել այդ գազամուղն ու ինչ քայլերի կդիմեն Մոսկվան ու Թեհրանն այս պայմաններում: Հնարավոր է նաև, որ Բաքուն և Աշգաբադը ներկայացնեն այդ գազամուղի կառուցման այնպիսի էկոլոգիական բարձր չափանիշներ, որ ՌԴ-ն և Իրանը չկարողանան այլևս օգտագործել էկոլոգիական փաստարկները՝ Տրանսկասպյան գազամուղի վրա խաչ քաշելու համար:
Թե ինչպիսի զարգացումներ կլինեն Տրանսկասպյան գազամուղի շուրջ ցույց կտա գեոպոլիտիկ վիճակը՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների մակարդակը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, և արդյոք թուրքմենական գազային հնարավորությունները թույլ կտան Չինաստանից բացի գազ արտահանել նաև դեպի Արևմուտք: Չմոռանանք, որ Չինաստանը թուրքմենական գազի խոշորագույն գնորդներից է, բացի այդ, Թուրքմենստանը ցանկանում է կյանքի կոչել նաև TAPI գազամուղը՝ Աֆղանստանի տարածքով գազ արտահանելով դեպի բազմամիլիոնանոց հնդկական շուկա: