24.11.2024
Հրապարակված նյութն ապատեղեկատվություն է. Վահե Գրիգորյանի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Պաշտոնյաները կաշառքի դիմաց փորձել են ազատել բանակից. ԱԱԾ-ի հերթական բացահայտումը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր:


Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ զինկոմիսարիատներից մեկի նախկին բարձրաստիճան սպան և սպային օժանդակող անձը, տիրապետելով զինկոմիսարիատի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իրենց կապերը, 2019թ. ամառային զորակոչի ընթացքում, 2000-15 000 ԱՄՆ դոլար գումարների դիմաց, կազմակերպել են թվով 9 զորակոչիկի և 4 զինապարտի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ ձեռք բերելու և դրանց հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից նրանց ազատելու կամ տարկետումներ տրամադրելու գործընթացները:


Բացի այդ, պարզվել է նաև, որ նախկին բարձրաստիճան սպայի հետ համագործակցող անձը զբաղվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող երկու անձի առողջական մտացածին խնդիրների հիման վրա ծառայությունից վաղաժամկետ զորացրելու հարցերով: Այդ գործում նրան օժանդակել է կայազորային հոսպիտալի բժիշկներից մեկը:


Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 3 անձի առաջադրվել է մեղադրանք: Նախկին բարձրաստիճան սպան և նրան օժանդակող անձը կալանավորվել են:


ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զինծառայությունից խուսափելու նպատակով կատարվող ապօրինի գործողություններից:


Կատարվում է նախաքննություն: