ԵԱՏՄ պետությունների նախարարները քննարկել են մինչ 2025թ տնտեսական զարգացման ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը աշխատանքային այցով օգոստոսի 6-9-ը Ղրղզստանում է։ Օգոստոսի 7-ին՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ, Իսիկ Կուլում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների էկոնոմիկայի նախարարների առաջին հանդիպումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ- պետությունների էկոնոմիկայի նախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկել են տնտեսական օրակարգի հարցերի լայն շրջանակ։
Մասնավորապես քննարկվել են անդամ-պետությունների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակի և առևտրաշրջանառության ծավալների հետ կապված հարցեր: Նախարարները քննարկել են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական կայունության բարձրացման հեռանկարները: Մասնակիցներն անդրադարձել են նաև մինչև 2025 թվականը տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Այցի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ Տիգրան Խաչատրյանը նաև կմասնակցի օգոստոսի 9-ին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։