Բակո Սահակյանը հրաժարական չպետք է տա. Արայիկ Հարությունյան
Չեմ կիսում այն տեսակետը, որ Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու գալիք ընտրություններին և իրենք հարգում են այդ նրա որոշումը: Նա նաև չի ընդունում որոշ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի այն հայտարարությունները, թե Արցախում պետք է լինի միասնական թեկնածու։
«Ակնհայտ է մեկ բան՝ Արցախում տեղի են ունենալու թափանցիկ ու ժողովրդավարական ընտրություններ և թե ինչ իշխանություն է ձևավորվելու՝ որոշելու է ժողովուրդը», - ասաց նա։
Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև շրջանառվող այն լուրերին, թե իր ու Սամվել Բաբայանի միջև առկա է պայմանավորվածություն.
«Սամվել Բաբայանի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել: Թե ում հետ եմ ես հանդիպել եկեք չներկայացնեմ, սակայն կոնկրետ որևէ պայմանավորվածություն, համաձայնություն չի եղել և չի քննարկվել», - ընդգծեց նա։
Նա հերքեց նաև լուրերը, թե այդ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջնորդությամբ.
«Մենք ի վկճակի ենք ինքնուրույն հանդիպել, կոնկրետ դրա կարիքը չկա, որ Հայաստանի ԱԱԾ տնօրենը գա ու մենք երկուսով նստենք։ Ես էլ հնարավորություն ունեմ Սամվել Բաբայանի հետ հանդիպել, կամ Բաբայանը՝ Վիտալի Բալասանյանի հետ, եթե դրա անհրաժեշտությունը լինի», - ասաց նա։
Իսկ վերջում Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ որևէ մեկի հետ լարված հարաբերություններ չունի։