26.11.2024
Շուրջ 25 մլրդ դրամ. Հրապարակվել է Արցախի առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանը վերախմբագրում է իր խոստումները

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներս սկսել է ավելի քիչ ուղիղ եթեր մտնել «Ֆեյսբուքում», փոխարենը եթե ոչ ամենօրյա, համենայն դեպս, չափազանց հաճախ ներկայացնում է պաշտոնական վիճակագրական տվյալներ։ Այս անգամ Փաշինյանը գրել է. «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով։ Եվ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1%-ով կամ 152 մլրդ դրամով»։ Փաշինյանը շարունակում է, որ սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը։ 2020թ. հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։ Անշուշտ, դրական պետք է գնահատել, որ կառավարության ղեկավարը արձանագրում է բյուջեի եկամուտների աճ եւ դրանք ուղղում սոցիալական խնդիրների լուծմանը, քանի որ սոցիալ-տնտեսական վիճակը բնակչության բավական վատ է։ Հետաքրքիր են ընտրված թիրախային խմբերը՝ զինվորականներ, ուսուցիչներ, թոշակառուներ եւ երկրաշարժից տուժած ընտանիքներ։ Զուտ համապետական առումով Փաշինյանի կառավարությունը, փաստորեն, բյուջեի եկամուտները ծախսելիս կարեւորել է ճանապարհաշինությունն ու համայնքային ծրագրերը։ Այսինքն՝ կառավարության մոտեցումն է հնարավորինս արագ շոշափելի արդյունքներ ցույց տալ բնակչությանը, որպեսզի հեղափոխությունից ունեցած ակնկալիքների ճգնաժամը մեղմվի։


Մարդիկ սպասում էին կյանքի կտրուկ լավացում, բայց առայժմ ապավինելու են եկամուտների նվազագույն աճին, որը կենսամակարդակի հարցում ոչինչ չի փոխելու։ Մյուս կողմից՝ գումարներ են ծախսվելու ճանապարհաշինության եւ համայնքային տարբեր ծրագրերի վրա։ Պարզ չէ, թե կոնկրետ ինչ համայնքային ծրագրերի մասին է խոսքը, սակայն ակնհայտ է, որ ծախսվող գումարները հավելյալ արժեք չեն ստեղծելու, դրանք միտված են կարճաժամկետ տպավորություն թողնելուն։ Քավ լիցի, չենք չարախնդում, գրանցած արդյունքները դրական են, սակայն արդյոք դա ա՞յն է, ինչ հանրությունը ակնկալում էր հեղափոխությունից հետո։ Հանուն արդարության նշենք, որ Փաշինյանը վերախմբագրել է իր խոստումը։ Հեղափոխությունից առաջ նա հստակ հայտարարել է, տեսանյութերը կան, որ բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում կավելանան ոչ թե 25-30, այլ 30-40 տոկոսով։ Դեռեւս ժամանակ կա այղ խոստումը իրականացնելու համար, հետեւաբար ի՞նչ կարիք կա թաքցնելու խոստացված թվերը։ Հանուն նրա, որ թվերը գեղեցիկ համընկնե՞ն։ Թե՞ այն պատճառով, որ արդեն պարզ է՝ խոստումները 100 տոկոսով իրականություն չեն դառնալու, եւ քանի շանս կա, մի քիչ ձեւափոխել, նկարել։ Փաշինյանի կառավարության գրանցած այս ցուցանիշները այնպիսին չեն, որ չէր կարող գրանցել ցանկացած այլ, անգամ նախկին կոռումպացված կառավարությունը։ Նախկինում էլ բյուջեի եկամուտները աճել են, բյուջեն գերկատարվել է, սակայն, դա, բնականաբար, չի գոհացրել հանրությանը, քանի որ շատ սովորական աճի ցուցանիշներ են։


«Փաստ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ ՀՀ ներքաղաքական դաշտում նոր զարգացումներ են սպասվում՝ հատկապես ընդդիմադիր սեգմենտում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ներկուլիսային բուռն քննարկումները շարունակվում են, ու, ըստ ամենայնի, մինչև հոկտեմբեր հնարավոր է 7 կուսակցությունների հայտարարության ձևաչափի օրինակով տեղի ունենա մի նոր կոնսոլիդացիա, բայց այս անգամ կուսակցությունների թիվը կանցնի երկու տասնյակը։ Թերթի աղբյուրը տեղեկացնում է նաև, որ կուսակցությունները պատրաստվում են հանրային օրակարգ ներկայացնել մի, այսպես կոչված, «աշխատանքային փաստաթուղթ», որտեղ համառոտ կերպով ներկայացված կլինեն իրենց քայլերի հաջորդականությունն ու քաղաքական նպատակները։ Կա տեղեկություն, որ այս կոնսոլիդացիոն բլոկում ընդգրկված են լինելու բավականին հայտնի քաղաքական գործիչներ, ինչպես նաև ՀԿ սեկտորի և փորձագիտական դաշտի առանցքային ներկայացուցիչներ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները, շիր­մաքարերի վրա սեւ ներկ հիշեցնող նյութ էր լցված։ Armlur.am-ին կատարված սրբապղծությունից մանրամասներ էին հայտնի դարձել, ապա պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրել նաեւ ոստիկանությունը։ Մասնավորապես՝ «Եռաբլուր»–ի պղծման գործով հայտնաբերել էին Գրետա Մնացականյանին, որը բացատրել էր, թե վերեւից (Բարձրյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին, ինչը եւ արել է։ Թե այլ ինչ մանրամասներ հայտնի կդառնան, ժամանակը ցույց կտա։ Սակայն նկատենք, որ «Եռաբլուր»–ում տեղի ունեցածից հետո տեղեկություններ տարածվեցին, որ ենթադրյալ հանցագործները նման սրբապղծություն միայն «Եռաբլուր»–ում չեն կատարել, այլ որոշ գևրեզմանատներում եւս նման դեպքեր են բացահայտվել։ Սակայն, ըստ էության, դրանք չեն հայտնաբերվել, եւ միայն երեկվա դեպքից հետո ոստիկանությունը կարողացավ արագ կերպով հայտնաբերել կասկածյալին։


Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին հերոս նահատակներից Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդու (ու ոչ միայն նրա) մեքենաները թալանելու դեպքը չորս ամիս անց դեռեւս բացահայտված չէ։ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այդ ժամանակ անձնական հսկողության տակ էր վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները, սակայն ամենաօպերատիվ կերպով բացահայ­տում ենթադրող հանցագործությունը չորս ամիս անց կրկին բացահայտված չէ։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կրկին դիմել է ՀՀ քնն­չական կոմիտե՝ հասկանալու համար, թե գործով կան արդյոք մեղադրյալներ, կամ կոնկրետ անձինք խոստովանել են հանցանքը, թե ոչ։ Ի պատասխան՝ հայտնել են, որ այս քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։ Եվ չնայած երեկ ոստիկանությունն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ավելի օպերատիվ գործեցին, սակայն հենց ամենաթողությունն ու դան­դաղկոտությունն է հաճախ նման իրավիճակների հանգեցնում եւ ծնում նոր հանցագործություններ։  


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ստամբուլյան կոնվենցիային նվիրված Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ բավական թեժ է անցել։ Գաղտնիք չէ, որ այդ կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ կապված իշխանական բուրգում լուրջ ճաքեր են առաջացել։ Եվ պատգամավորների մի թեւը չի էլ թաքցնում, որ դեմ է նախագծին, եւ որոշել են՝ կա՛մ չեն մասնակցելու քվեարկությանը, կա՛մ ուղղակի դեմ են քվեարկելու։ Եվ «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ նախարարի հետ հանդիպման ժամանակ պատգամավորների այդ հատվածը բացահայտ կերպով հայտնել է իր անհամաձայնությունը։ Եվ որքան էլ նախարարը փորձել է բացատ­րել, ներկայացնել, սակայն պատգամավորների «տղայական» թեւն անդրդվելի է մնացել, եւ նույնիսկ հորդորել են նախարարին հանել դա օրակարգից։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը եւս նրանց թվում է եղել եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կեղծ օրակարգ որակեց այն՝ ընդգծելով, որ կոնվենցիայի՝ խորհրդարան բերվելու դեպքում ինքը, հավանաբար, դեմ կքվեարկի։


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկու ամիս առաջ տեղի ունեցան կառավա­րության կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում մի շարք նախարարություններ միավորվեցին կամ վերակազմա­վորվեցին, ինչն էլ իր հերթին հանգեցրեց պետական ապարատում որոշակի կրճատումների։ Թերթի տեղեկություններով՝ այս գործըն­թացներից հետո քաղծառայության խորհուրդը և վերակազմավոր­ված նախարարությունները չեն կարողանում աշխատակիցների գործառույթների և պաշտոնի անձնագրերի շուրջ ընդհանուր հայ­տարարի գալ, քանի որ առկա է օրենսդրական կազուս։ Բանն այն է, որ միավորումից առաջ չի հաշվարկվել, որ մի շարք լրացուցիչ օրենսդրական լուծումների կարիք կլինի, միայն կատարվել է մեխանիկական միացում։ Նշենք մի կարևոր հանգամանք ևս. աշխատակազմերի ձևավորման գործընթացը պետք է ավարտվեր երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև հուլիսի 31-ը, այնինչ մար­դիկ մինչ այժմ չգիտեն՝ կշարունակե՞ն աշխատել, թե՞ ոչ, կամ ի՞նչ հաստիքում կհրամանագրվեն։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության կողմից մշակված «օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդ­րական նախագիծը տանում-բերում են, եւ դեռ վերջնական ճակատագիրը հայտնի չէ։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվելու է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որով հանցավոր մշակույթ եւ հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու, արդարադա­տության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտարարել էր, թե, որպես նախարար, շատ է կարեւորում հանցավոր տարրերի դեմ պայքարը։ Եվ, ահա, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարն այդ նախագծի հետ կապված նշեց. «Մշակված է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, հետո հետ է եկել, եւ կր­կին նորից ենք ուղարկել»։


«Ժողովուրդ» օրաթեր­թը գրում է. Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու։ Ըստ «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ օգոստոսի 20-ից նրանց անձնական էջերը կփակվեն, այսինքն՝ չեն կարողանա մաս­նակցել ամերիկյան աճուրդներին։ Բանն այն է՝ ամերիկյան աճուրդների առաջարկ­ներն ավելի հետաքրքիր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ձեռք բերել մեքենան անհամեմատ ավելի մատ­չելի գներով։ Ինչպես հայտնի է, ավելի քան մեկ շաբաթ է՝ ավտոմեքենա ներկ­րողների համար ճապոնական աճուրդ­ներն են փակված։ «Ժողովուրդ» օրաթեր­թը գրել էր, որ ներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչ օգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են։ Միայն հատուկենտ ընկերություններ կան, որոնց դեռ հաջողվում է մասնակցել այդ աճուրդներին, այն էլ հայտնի չէ, թե մինչեւ երբ։ Ըստ փորձագետների՝ ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1–ից նոր մեքենաների մաքսա­տուրքի նախատեսվող թանկացումն է։ Եւ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ-վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչեւ Նոր տարի։