24.11.2024
Երևանում բանկոմատը պայթեցնելու եղանակով հափշտակվել է շուրջ 18մլն դրամ. հարուցվել է քրգործ
prev Նախորդ նորություն

ՊԵԿ աշխատակիցները 1 մլն դրամ կաշառք են պահանջել և ստացել. ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս վերջինիս չփաստարկված պահանջներ են ներկայացրել՝ իրացման շրջանառությունը հիմնականում հաշիվ-ապրանքագրերով կազմակերպելու վերաբերյալ՝ սպառնալով հակառակ դեպքում բազմաթիվ ստուգողական բնույթի միջոցառումներ իրականացնել՝ ըստ էության ստեղծելով գործունեության անտանելի պայմաններ:


Տնտեսվարողին անելանելի դրության մեջ դնելուց հետո՝ ՊԵԿ պաշտոնատար անձինք ընկերության նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում թվացյալ խախտումներ չհայտնաբերելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջադրելու համար պահանջել են շուրջ 2.000.000 դրամ կաշառք, որը սակարկությունների արդյունքում նվազեցվել է մինչև 1.000.000 ՀՀ դրամի:


Պայմանավորված գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո պաշտոնատար անձինք բռնվել և բերման են ենթարկվել:


Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության 2 գլխավոր օպերլիազորները ձերբակալված են:


Կատարվում է նախաքննություն:


«ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալող անձանց ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում նմանատիպ իրավիճակներում հայտնվելու դեպքում տեղի չտալ անօրինական պահանջներին և անմիջապես դիմել համապատասխան մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ: